Արևոտ գաղափար. հայ գյուտարարն ասում է, որ իր սարքն արևային էներգիան վերածում է լավ բիզնեսի

Արևոտ գաղափար. հայ գյուտարարն ասում է, որ իր սարքն արևային էներգիան վերածում է լավ բիզնեսի

Photo: Vahan Hamazaspyan

Հայ գյուտարարն ասում է, որ իր հայտնագործած սարքը գյուղացիական տնտեսություններում կիրառվելու դեպքում կարող է 40-60 տոկոսով նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը:


Ըստ գյուտարար Վահան Համազասպյանի` էներգառեսուրսներով առանձնապես աչքի չընկնող Հայաստանի համար հելիոֆիկացումը, այսինքն` արևի էներգիայի զանգվածային օգտագործումը, անհրաժեշտություն է և առանցքային կարևորություն ունի:

Դոկտոր Վահան Համազասպյանը
Տեխնիկական գիտությունների դոկտոր Համազասպյանը իր համախոհ գիտնականների և ասպիրանտների հետ արդեն 15 տարի աշխատում է կոմբինացված հելիոհամակարգերի վրա` տարեցտարի կատարելագործելով դրանք: Հելիոհամակարգերը նախատեսված են կենցաղային օգտագործման և հիմնականում սննդի մշակման համար ու առավել հարմար են գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում օգտագործելու համար, քանի որ բացօթյա են աշխատում: Սարքերը պարաբոլայի համակարգով հավաքված հայելիներ են, որոնք արևի էներգիան կենտրոնացնում են մի կետում: Սարքերի ջերմային հզորությունը` կախված տեղանքից, տատանվում է 3,3-3,7 կվտ-ի միջև:

«Մենք այսօր արևի ճառագայթներն օգտագործելու փորձ արդեն ունենք, դրա լավագույն ապացույցը «արևահամ» հայկական խոհանոցն է, որի մթերքները պատրաստված են հենց արեգակի ճառագայթներով»,- հոկտեմբերի 26-ին կայացած ծրագրի շնորհանդեսի ընթացքում ասաց Համազասպյանը:

Համազասպյանն ասում է, որ հելիոհամակարգերով հնարավոր է ոչ միայն կերակուր պատրաստել ու գյուղմթերքներ վերամշակել, այլև տաք ջուր ու ջերմային էներգիա ստանալ: Գյուտարարը կարծում է նաև, որ հելիոհամակարգերը հարմար կլինեն օգտագործելու նաև ծովափնյա երկրների` իր բնորոշմամբ` «արևային սրճարաններում»` էկզոտիկ ու էկոլոգիապես մաքուր ուտեստների պատրաստման համար, իսկ ավելի մեծ հզորության հելիոհամակարգերը (մինչև 250 կվտ) կարող են օգտագործվել փոքր ու միջին բիզնեսում:

Համաձայն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների` Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ:

Այդուհանդերձ, Հայաստանը վերականգնվող էներգիայի աղբյուրներից օգտվելու մեծ փորձ չունի: Այժմ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղադրված են հովացման և օդափոխման արևային համակարգեր, որոնք ապահովում են ամբողջ համակարգի անխափան աշխատանքը: Որոշ մանկապարտեզներում և բժշկական կենտրոններում տեղադրված են արևային ջրատաքացուցիչներ: Հայաստանում որոշ չափով օգտագործվում է նաև քամու էներգիան: 2005 թվականի դեկտեմբերին Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքում շահագործման հանձնվեց Հայաստանում, ինչպես նաև Կովկասում առաջին ցանցային հողմաէլեկտրակայանը` 2,6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, սակայն Հայաստանի հողմաէներգետիկայի ներուժի մեծ մասը դեռ մնում է չօգտագործված:

Համազասպյանն այժմ փորձում է տարածք ձեռք բերել հելիոհամակարգերի սերիական արտադրության համար:
ԱրմենիաՆաուի էջերում