Աղետի գոտի. աշխատանքները շարունակվում են, իսկ Շիրակում անհանգիստ սպասում են

Աղետի գոտի. աշխատանքները շարունակվում են, իսկ Շիրակում անհանգիստ սպասում են

Ֆոտոլուր

Այս տարի Շիրակի մարզի 1750 ընտանիք ևս կապահովվի բնակարանով:

Այս տարի, անցյալ տարվա պես, աղետի գոտում բնակշինարարության ծավալների կրճատումը մտահոգում է երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքներին:


Անցյալ տարի բնակարանների թիվը նույնպես կրճատվել էր, նախատեսված 1320-ի փոխարեն գյումրեցիներին հանձնվեցին 1056-ը, իսկ այս տարի 1944-ի փոխարեն շահագործման կհանձնվեն 1750-ը:

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն` պատճառը մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների կրճատման հաշվին չորս սենյականոց բնակարանների կառուցումն է:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն ասում է «ԱրմենիաՆաուին», որ բնակարանների նախատեսված թիվը պարտադրված չէ, հաշվառած են 190 ընտանիք, որոնք չորս սենյականոց բնակարանների կարիք ունեն:

Սպիտակի երկրաշարժի պատճառով անօթևան էր մնացել 22.060 ընտանիք, որոնցից 19.056-ը մինչև այսօր ապահովվել են բնակարաններով: Այս տարի նրանց թիվը կավելանա 1750-ով:

«Վախենում եմ, որ այս տարի էլ նախորդ տարվա պես բնակարան չստանամ դրանց թվի կրճատման պատճառով»,- ասում է 38-ամյա Արմենուհի Մաթևոսյանը, որն իր 62-ամյա մոր և երկու չափահաս երեխաների հետ ապրում է մեկ սենյականոց անմխիթար պայմաններում գտնվող տնակում:

Մարզպետարանում խոստանում են, որ առաջիկայում կընտրվեն այս տարի բնակարան ստացողները, իսկ մինչև 2013-ը բնակարանով կապահովվեն մնացած 1254 ընտանիքները:

2010 թվականին Շիրակի մարզում քաղաքաշինության ոլորտում իրականացվել են 35 մլրդ 700 մլն դրամի (99 մլն 160 հազար դոլար) շինաշխատանքներ, իսկ 2011-ին իրականացվելու են 38,2 մլրդ դրամի (105 մլն 500 հազար դոլար):

ԱրմենիաՆաուի էջերում