Դժվարին կացություն. հայ ձկնաբույծները դժգոհ են նոր հարկադրանքներից

Դժվարին կացություն. հայ ձկնաբույծները դժգոհ են նոր հարկադրանքներից

Ֆոտոլուր

Հայաստանում ձկնաբուծական 250 տնտեսություն կա, որոնք հիմնականում իշխան և թառափ են աճեցնում:

Ջրաչափեր տեղադրելու և իրենց հողի կարգավիճակը փոխելու (գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար անպիտան (ինչպիսին այսօր է) հողերից վերածելու վարելահողերի) կառավարության պահանջներն ընդունելու փոխարեն հայ ձկնաբույծները վաճառքի են հանել իրենց հողերը:


Հայաստանում հիմնականում իշխանի և թառափի բազմացմամբ զբաղվող մոտ 250 ընկերություններից 25-ը արդեն հայտարարել են իրենց ձկնաբուծարանը վաճառելու մասին, որոնց մեջ, Հայաստանի ձկնաբույծների միության տնօրեն Արթուր Աթոյանի խոսքով, մոտ 8 ընկերություն արդեն տուգանվել են «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի և ջրի օգտագործման վերաբերյալ մի քանի օրենքների համաձայն: Տուգանքների գումարը կազմում է 930-ից մինչև 33.000 դոլար:

Մեկ ջրաչափ տեղադրելը, ըստ տարբեր մասնագետների՝ արժի 1000-5000 եվրո, իսկ հողի կարգավիճակի փոխելը ենթադրում է տարածքի համար լրացուցիչ հարկեր, որոնք ՀՀ տարբեր շրջաններում տատանվում են 1 հա-ի համար 342.000-19.500.000 դրամ (մոտ 934-53.300 դոլար): Այդ գումարները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ ամենաբարձր սակագինը սահմանված է Արմավիրի մարզի Գայ գյուղում:

Նախկինում ձկնաբույծները ՀՀ բնապահպանության նախարարության թույլտվությամբ հորատանցք էին փորում և այդտեղից ստացած ջուրն օգտագործում 1 խմ-ի համար 1 դրամ վճարելով, իսկ հողը չուներ արտադրական նշանակություն՝ օրենքով նշված այլ կարգավիճակի հող էր, որը պիտանի չէր գյուղատնտեսական աշխատանքների համար:

«Չնայած վարչապետը նախորդ շաբաթ կառավարության նիստում հայտարարեց, որ պատրաստվում են զարգացնել ձկնարտադրությունը և խթանել արտահանումը, բայց եթե մեր խնդիրները չլուծվեն, մենք ոչ միայն չենք արտահանի, այլև կկորցնենք նաև տեղի ձկնաբուծարանների մոտ 85 տոկոսը, որոնք, ի դեպ, գոյատևում են վարկերի հաշվին»,- համոզված է Աթոյանը:

Ձկնաբուծարանների մասին այս խոսակցություններն սկսվեցին անցյալ տարվանից, երբ ՀՀ կառավարությունը սկսեց ուշադրություն դարձնել ձկնաբուծարանների հարևանությամբ գտնվող Գրիբոյեդով, Ապագա, Գայ և այլ գյուղերի բնակիչների բողոքներին, որ գյուղերում բացակայում է ոռոգման ու խմելու ջուրը, քանի որ ձկնաբույծներն արտեզյան հորերի միջոցով օգտագործում են իրենց հասանելիք ջուրը:

«Միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են արդյունահանում, այն դեպքում, երբ Սևանա լճից տարեկան բաց է թողնվում ընդամենը 170 մլն խմ ոռոգման ջուր»,- անցյալ տարի հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Ու քանի որ ջուրն ազգային հարստություն է, և մտավախություն կա, որ 3 տարվա ընթացքում արտեզյան ջրերը կարող են պարզապես սպառվել, սկսեցին բանավոր զգուշացումները ձկնաբուծական ընկերություններին, որ մտնեն օրինական դաշտ (փոխելով հողի կարգավիճակը և վճարելով հարկերը), իսկ տարվա ավարտին զգուշացումները սկսեցին ի կատար ածվել տուգանքների տեսքով:

«Մենք դեմ չենք դուրս գալ օրինական դաշտ, բայց պետք է ստեղծվեն հարմար պայմաններ: Նման բարձր հարկերը և ջրաչափերի տեղադրումը կկործանեն ձկնարտադրությունը»,- համոզված է ձկնարտադրողների միության տնօրենը:

Այս հարցը բազմիցս բարձրացրել են նաև ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ասել է, որ ընդերքի չարաշահումը սխալ գործառույթ է, սակայն ձկնաբույծների շահերն էլ պետք է հարգել:

«Պետությունը պետք է շատ զգույշ լինի ցանկացած միջամտության պարագայում»,- ասել է Սաֆարյանը:

Ձկնաբույծների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գևորգյանը կարծում է, որ խնդիրն ավելի կմեղմանա, եթե ձկնարտադրողներից չպահանջեն ջրաչափ տեղադրել, այլ համապատասխան մասնագետները չափեն հոսող ջրի ծավալը մեկ միավոր ժամանակում և այն բազմապատկեն, օրինակ` եռամսյակով: Բայց այս առաջարկին դեռ ոչ մի արձագանք չի եղել:

Ազգային վիճակագրական ծառայության անցյալ տարվա տվյալներով՝ ձկնարտադրությունը ամենաշահավետ բիզնեսներից էր Հայաստանում (33% շահութաբերությամբ), 24 ընկերությունների ձուկն արտահանվում էր Ռուսաստան, Վրաստան, և պատրաստվում էին արտահանել նաև եվրոպական շուկա:

ԱրմենիաՆաուի էջերում