Ոչ մի հայտ «Բջնին» գնելու համար. Սուքիասյանի գործարանի աճուրդը հետաձգվել է գնորդի բացակայության պաճառով
«Բջնիի» ճակատագիրը դեռևս մնում է անորոշ: Դեկտեմբերի 17-ին նշանակված աճուրդը առաջինը պետք է լիներ այն բանից հետո, երբ ընկերությունը սնանկ հայտարարվեց: Գնորդների համար վերջնաժամկետ էր սահմանված մինչև դեկտեմբերի 16-ը: Սակայն գործարար աշխարհից որևէ մեկը հայտ չներկայացրեց`գործարանը գնելու համար, ինչի պատճառով էլ աճուրդը հետաձգվեց: Ըստ ընկերության սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանի` «Բջնի հանքային ջրերի գործարանը» գնահատվել է 5 միլիարդ 184 միլիոն դրամ (մոտ 13 միլիոն 600 հազար դոլար)։ «Բջնին» պատկանում էր խոշոր գործարար և նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, որը 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտ սատարում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: «Բջնին» սնանկ հայտարարվեց, որից հետո ընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ գործարանի նկատմամբ հետապնդումները կապված են Տեր-Պետրոսյանին` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր ախոյանին, սատարելու հետ: Մարտիմեկյան դեպքերից հետո Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նա մեղադրվում էր Երևանում տեղ գտած զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Այս տարվա սեպտեմբերի 2-ին Սուքիասյանն ինքնակամ հանձնվեց իրավապահներին: Նախաքննության մարմինը սեպտեմբերի 4-ին փոխեց նրա խափանման միջոց կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելով ստորագրությունը չհեռանալու մասին: Իշխանությունները բռնագրավեցին «Բջնի հանքային ջրերի» գործարանը` մեղադրելով «ՍԻԼ» կոնցեռնին պետությունից հարկերը թաքցնելու մեջ: Չարենցավանի «Բջնի» գործարանի վրա 4 միլիարդ դրամի (մոտ 11 մլն դոլար) տուգանք դրվեց: Սուքիասյանը հերքեց մեղադրանքները, չվճարեց տուգանքը, և 2008 թ. հոկտեմբերին գործարանը փակվեց` գործազուրկ թողնելով հարյուրավոր մարդկանց: (Անցյալ տարվա հոկտեմբերին Չարենցավանում գտնվող գործարանում աշխատում էր 483 մարդ: «Բջնին» 2008-ին յուրաքանչյուր ամիս 60-70 մլն դրամ` մոտ 157 000-180 000 դոլար, հարկ էր մուծում պետությանը:) 2009 թ. փետրվարին «Բջնին» առաջին անգամ աճուրդի հանվեց: 4 մլրդ դրամով (10 միլիոն 300 հազար դոլար) այն վաճառվեց Հանրապետական կուսակցության պատգամավոր և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: «Մեկ տարի հետո բոլորիդ կհրավիրեմ «Բջնի» գործարան, և կտեսնեք գործարանի հնարավորությունները և այն, թե ինչպես են կատարվում պետության հետ ունեցած պարտավորությունները»,- հայտարարել էր Ռուբեն Հայրապետյանը: Սակայն աճուրդից 40 օր անց` 2009-ի ապրիլի 2-ին, Հայրապետյանը հրաժարվեց «Բջնիից»: 2009 թ. հուլիսի 24-ին «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Որպես արդար փոխհատուցում` նրանք խնդրում են պարտավորեցնել ՀՀ-ին տրամադրել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Գործարանի հաջորդ աճուրդի օրվա մասին ծանուցումը կտպագրվի տեղական մամուլում: Ըստ ընկերության սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանի` գործարանն ամբողջությամբ և մեկ լոտով աճուրդի հանելու նպատակն այն է, որ գործարանը հետագայում չփոշիանա: ՀՀ օրենքի համաձայն`յուրաքանչյուր չկայացած աճուրդի ժամանակ արձանագրվում է գործարանի գնի 20 տոկոս իջեցում: «Օրենքը սահմանափակում չունի, սակայն եթե շուկայական գնի շատ մեծ փոփոխություն լինի, կառավարիչը պարտավոր է կանգնեցնել աճուրդները»,- ասել է Չիտչյանը: Անցյալ շաբաթ «ՍԻԼ» կոնցեռնը հայտարարություն տարածեց իրեն պատկանող SIL GROUP ապրանքանշանի ապօրինի օգտագործման վերաբերյալ: «Ընկերությունը պատասխանատվություն չի կրում «Բջնի հանքային ջրերի գործարանի» սնանկության գործերով կառավարչի կողմից ինքնուրույն արտադրվող և տարածվող «Բջնի» հանքային ջրերի որակի համար, քանի որ այն դուրս է մեր կազմակերպչական և որակական (նաև լաբորատոր) հսկողությունից»,- ասվում է հայտարարությունում: «Գործարանում ֆիլտրերը նոր են փոխվել, և որակի հետ կապված որևէ խնդիր չկա, անգամ ավելի լավ որակ են ապահովում»,- ասել է Արսեն Չիտչյանը:
Other Articles in Բիզնես
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.