Խրախուսելով գիտելիքը. «Ինտել» կորպորացիայի նախկին ղեկավարն արժանանում է ՀՀ նախագահի մրցանակին

Խրախուսելով գիտելիքը. «Ինտել» կորպորացիայի նախկին ղեկավարն արժանանում է ՀՀ նախագահի մրցանակին

Photo: www.president.am

Նախագահ Սարգսյանը Քրեյգ Բարրեթին մրցանակ հանձնելիս:

Նպատակ ունենալով Հայաստանի երիտասարդության ուշադրությունը հրավիրել տեղեկատվական տեխնոլոգիաների վրա` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2009 թ. իր մրցանակը շնորհեց «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահին:


Երկուշաբթի մրցանակի հանձնման արարողության ժամանակ ՀՀ նախագահը «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ և նախկին գործադիր տնօրեն Քրեյգ Բարրեթին բնորոշեց որպես մի «մարդու, ով միշտ կարողացել է առաջ նայել ու պնդել, որ ապագան գիտելիքինն է»:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սարգսյանն ասել է. «Այս մրցանակը Հայաստանի Հանրապետության համեստ ներդրումն է համաշխարհային մակարդակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում»: Բարրեթն առաջինն է, ով արժանացել է վերջերս հիմնված նախագահի մրցանակին:

«Այս մրցանակի ստեղծման ամենակարևոր նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ Հայաստանի երիտասարդության ուշադրությունը հրավիրելն է: Մենք խրախուսելու ենք նրանց ուսումն ու աշխատանքն այս ոլորտում, որոնելու և գտնելու ենք դրա համար անհրաժեշտ նոր ուղիներ և միջոցներ: Այսօր, պարոն Բարրեթի ներկայությամբ, մեկ անգամ ևս մեր երիտասարդներին ուղերձ ենք հղում այն մասին, որ ապագան գիտելիքով, բարությամբ ու ստեղծագործելու հմտությամբ օժտված մարդունն է, ով ապավինում է մտքի ուժին ու տիրապետում լուծումներ գտնելու արվեստին»,-ասել է Սարգսյանը:

Իր խոսքում Սարգսյանը Բարրեթին բնորոշել է որպես մի մարդ, որը «չի սահմանափակվել զուտ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով: Նա աշխուժորեն ներգրավվել է իր հարազատ երկրի` Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք ազգային ծրագրերի իրականացման գործում»,- ասել է Սարգսյանը` ցանկանալով, որ մյուս գործարարներն էլ հետևեն Բարրեթի օրինակին:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակը հիմնվել է Սերժ Սարգսյանի 2009 թվականի հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե ադամանդակուռ մեդալից, հավաստագրից և խորհրդանշական արձանիկից:

Մրցանակաբաշխության ֆինանսավորումը կատարվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և հովանավորի միջև կնքված համագործակցության հուշագրի համաձայն:

2009 թ. ֆինանսավորումն իրականացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից` «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:

ԱրմենիաՆաուի էջերում