ՀԲԳՊ. խրախուսում և աջակցություն ՀՀ-Միացյալ Թագավորության գործարարության զարգացմանը

ՀԲԳՊ. խրախուսում և աջակցություն ՀՀ-Միացյալ Թագավորության գործարարության զարգացմանը


Հայաստանում հիմնված Հայ-բրիտանական գործարարության պալատի (ՀԲԳՊ) նպատակն է սպասարկել առևտրային շահերը և նպաստել Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը:


«Կազմակերպությունը միավորել է այն ընկերություններին, որոնք հայ-բրիտանական ծագում ունեն և գործում են Հայաստանում: Պետք է կարողանանք աջակցել և մեկ ընդհանուր դաշտ բերել բրիտանական ընկերությունների գործունեությունը Հայաստանում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Հայ-բրիտանական գործարարության պալատի գլխավոր տնօրեն Արմինե Իսրայելյանը:

Պալատի կազմում այս պահին ընդգրկված են 15 ընկերություններ: Նրանց թվում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են` «Բրիտանական ավիաուղիները», «HSBC բանկ Հայաստան», «Արփա-Սևան», «Ըրնսթ ընդ Յանգ» ընկերությունները:

(Այս կառույցը նման է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին (ՀԱԱՊ), որը հիմնվել է 2000 թ. և ներկայումս մոտ 80 անդամ կազմակերպություն ունի, որոնք ներկայացնում են տարբեր երկրներ և ներգրավված են բազմաթիվ ոլորտներում:)

Անցյալ ամիս ՀԲԳՊ-ի պաշտոնական բացման արարողության ժամանակ պալատի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Հայկ Հարությունյանը նշել է, որ իրենց կազմակերպության նպատակն է նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության հարաբերությունների ամրապնդմանը կրթության, մշակութային կապերի, ֆինանսական ինտեգրման, տնտեսական համագործակցության և քաղաքացիական հասարակությունների համագործակցության ոլորտներում։

«Այսօր մենք խիստ կարևորում ենք Մեծ Բրիտանիայի գործարարների ներգրավվածությունը և հետագա ներդրումները Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Մենք նախաձեռնել ենք նաև համանման կառույց ստեղծել Լոնդոնում»,–ասել է Հարությունյանը
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը նշել է. «ՀԲԳՊ-ն հնարավորություն կտա իր գործընկերներին ավելին իմանալու Հայաստանի մասին և կաջակցի ու կապահովի նրանց անհրաժեշտ տեղեկությամբ»:

ՀԲԳՊ-ը ծառայելու է որպես գործարար ցանցի մի օղակ, որի նպատակն է խթանել և ուժեղացնել հայ-բրիտանական առևտրային կապերը` հրավիրելով և ներգրավելով բրիտանական ներդրումները Հայաստան և, ընդհանուր առմամբ, նպաստելով բրիտանական բիզնես ներկայացուցչությունների հիմնադրմանը Հայաստանում: Պալատի հիմնական նպատակներից է նաև գործարարների շահերի պաշտպանությունը:

«Ցուցանիշները դրական են: Մեր այսօրվա անդամները միանգամից են հավաքվել, և դա արդեն ցուցանիշ է: Այն խոշոր ընկերությունները, որ այստեղ են, արդեն իսկ վստահություն են ներշնչում [մեզ]: Նրանք գիտակցում են այս պալատի կարևորությունը, այդ իսկ պատճառով միացել են մեզ»,- ասում է գլխավոր տնօրեն Իսրայելյանը:

Հայ-բրիտանական գործարարության պալատն առաջիկա օրերին նախատեսում է բացել իր կայքը` www.abbc.am.:

ԱրմենիաՆաուի էջերում