Տոները մոտենում են. ձմեռային արձակուրդի նախաշեմին ավելանում են Երևան-Դուբայ չվերթները

Տոները մոտենում են. ձմեռային արձակուրդի նախաշեմին ավելանում են Երևան-Դուբայ չվերթները

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Հայաստանում գործող տուրօպերատորները պնդում են, որ ավելացել է այն հայաստանցիների թիվը, որոնք Ամանորը ավանդական ճոխ սեղանի շուրջը և տոնական հեռուստածրագրեր դիտելով տանը դիմավորելու փոխարեն տոներին կարող են իրենց թույլ տալ մեկնել ավելի տաք երկրներ:


Տուրօպերատորների պնդմամբ` Եգիպտոսի, Հորդանանի հետ մեկտեղ այս տարի շատ են հատկապես Դուբայ (Արաբական Միացյալ էմիրություններ) մեկնողները:

Այս պահանջարկը հաշվի առնելով` այս տարի ազգային փոխադրող «Արմավիայից» բացի, նոյեմբերի 21-ից դեպի Դուբայ չվերթներ կիրականացնի էժան ծառայություններ առաջարկող «Ֆլայդուբայ» ընկերությունը: «Ֆլայդուբայով» Դուբայ կարելի է թռչել շաբաթը երկու, իսկ դեկտեմբերի 15-ից` արդեն երեք անգամ:

«Արմավիան» իր հերթին շաբաթական չորս չվերթ ունի դեպի Դուբայ: «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան «ԱրմենիաՆաուին» ասել է, որ ընկերությունը պատրաստվում է ավելացնել Երևան-Դուբայ-Երևան չվերթները մինչև շաբաթական 5 անգամ: «Արմավիայի» առաջարկած Դուբայի երկկողմանի չվերթը 390 դոլար է (կախված շաբաթվա օրվանից և նախօրոք պատվիրելուց):

«Ֆլայդուբայ» ընկերության տուրմենեջեր Մարինա Հովսեփյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ իրենց ընկերությունում երկկողմանի չվերթը սկսվում է 350 դոլարից, իսկ նախատոնական օրերին կարող է հասնել մինչև 900 դոլարի:

Թեև ընկերությունը մի քանի օր է, ինչ սկսել է իր գործունեությունը Երևանում, սակայն Հովսեփյանն ասում է, որ դեկտեմբերի տոմսերը արդեն շատ արագ սպառվել են:

«Ջեոգրաֆիկ թրավել քլաբ» տուրիստական ընկերության ներկայացուցիչը ևս հաստատում է դեպի Դուբայ մեկնողների դինամիկ աճը: Նա դա պայմանավորում է Դուբայի ընձեռած էժան շոփինգի հնարավորություններով և տաք եղանակով: Սակայն նա նշում է, որ դեկտեմբերի 28-ից արդեն մեծ խնդիր է առաջացնում տոմսերի գինը, որն այդ օրերին մի քանի անգամ բարձրանում է:

«Տեզ տուր» ընկերության աշխատակիցը տաք եղանակին ավելացնում է նաև «հայաստանյան հյուրանոցների ու հանգստավայրերի շատ թանկ լինելու» գործոնը, որի պատճառով մարդիկ նախընտրում են իրենց ամանորյա տոներն անցկացնել արտասահմանում:

«Տեզ տուրի» աշխատակիցը նշում է, որ երեք տարի առաջ, երբ «Տեզ տուրը» առաջին անգամ ուղևորություն էր կազմակերպում դեպի Եգիպտոս, հազիվ մի խումբ կարողացան համալրել:

«Իսկ այս տարի արդեն 10 խումբ է հավաքվել ու դեռ էլի պահանջարկ կա, բայց չենք հասցնում»,- ասում է «Տեզ տուրի» ներկայացուցիչը` ավելացնելով, որ դեպի Դուբայ ճամփորդությունները կսկսեն դեկտեմբերի 15-ից, ու թեև վերջնական սակագինը դեռ որոշված չէ, սակայն երկու հոգու համար այն կարժենա մոտավորապես 2900 դոլար:

«Ֆլայդուբայի» տուրմենեջերն էլ ասում է, որ «Դուբայը միայն շոփինգ չէ», ինչպես տարիներ շարունակ ընդունված է համարել:

«Քաղաքը, տեխնիկական վերջին նորությունները, ազգամիջյան շփումները, որ օրինակ կարող են լինել ցանկացած պետության համար, էքսկուրսիաները քաղաքում»,- թվարկում է Հովսեփյանը` ավելացնելով, որ իրենց նպատակը Դուբայն ավելի զանգվածային ուղղություն դարձնելն է:

Հետաքրքիր է, որ օրերս հայկական հեռուստաընկերություններից մեկը սկսել է գովազդել 2009 թ. ԱՄՆ-ում անցկացված Armenian Music Awards մրցանակաբաշխությունում տարվա երգիչ ճանաչված և երկրպագուների մեծ բանակ ունեցող Արմենչիկի (Արմեն Գոնդրաչյանը) մասնակցությամբ Դուբայի «Հայաթ» հյուրանոցում անցկացվելիք ամանորյա երեկույթը:

ԱրմենիաՆաուի էջերում