«Նաիրիտ». դժվար ժամանակներ ապրող Հայաստանի քիմիական խոշոր գործարանը սպասում է ներդրումների` աշխատանքը վերսկսելու համար

«Նաիրիտ». դժվար ժամանակներ ապրող Հայաստանի քիմիական խոշոր գործարանը սպասում է ներդրումների` աշխատանքը վերսկսելու համար

Ֆոտոլուր

Արհեստական կաուչուկ արտադրող Երևանի «Նաիրիտ» գործարանն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ չի աշխատում, իսկ գործարանի 3000 աշխատակիցների մեծ մասը գտնվում է հարկադիր պարապուրդում:

1940 թ. հիմնված «Նաիրիտ» գործարանը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների և ներքին շուկային էր մատակարարում շուրջ 30 տեսակի քիմիական արտադրանք: Սակայն 1989 թ., բնապահպանական նկատառումներից ելնելով, գործարանը փակվեց և Հայաստանի անկախությունից հետո մասամբ վերագործարկվեց 1992-ին:

2006 թ. գործարանը վերագործարկելու նպատակով «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառվեց Rainoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, իսկ բաժնետոմսերի մնացած 10%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը:

Դեռևս 2009 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանը մայրաքաղաք Երևանի հարավային ծայրամասում գտնվող քիմիական գործարան այցելության ժամանակ նշել էր, որ «Նաիրիտը» զարգացման մեծ հնարավորություններ ունի` ոչ միայն կաուչուկի, այլև բազմաթիվ այլ արտադրատեսակների գծով, և եթե մշակված զարգացման ծրագրին համապատասխան աշխատի իր ողջ հզորությամբ, կնպաստի նաև տասնյակ ձեռնարկությունների արագ թափով գործարկմանը, հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը:

Սակայն կարճատև գործարկումից հետո «Նաիրիտ» գործարանը 2010 թ. ապրիլից արդեն դադարել է ողջ հզորությամբ աշխատել:

Հունիսին էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից տեղեկացրել էին, որ գերմանական Chemieanlagenbau Chemnitz GmbH (CAC) ընկերությունը հետաքրքրվում է «Նաիրիտի» գործարկմամբ: Նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում հայտնել է, որ այժմ նախարարությունը սպասում է գերմանական ընկերության առաջարկների փաթեթին:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Նաիրիտ» գործարանի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման համար կպահանջվի 400-500 մլն դոլարի ներդրում, որից 145,8 միլիոնով պետք է մարվեն «Նաիրիտի» կուտակած պարտքերը:

Սակայն մինչ կառավարությունը «Նաիրիտը» վերագործարկելու հերթական քայլերն է կատարում, գործարանի աշխատակիցները շարունակում են մնալ հարկադիր պարապուրդի մեջ:

Հունիսին քիմիական գործարանի աշխատողները բողոքի երթ էին անցկացրել կառավարության շենքի և ՀՀ նախագահի նստավայրի առջև` պահանջելով մի քանի ամսվա չվճարված աշխատավարձերը և իրենց դժգոհությունն էին հայտնել գործարանի աշխատանքների դադարեցումից:

Գործարանի առաջնակարգ մասնագետներից մեկը տեղեկացրեց, որ առ այսօր գործարանը մի քանի ամսվա աշխատավարձ չի վճարել աշխատողներին:

«Արդեն 6 ամիս է` պարապուրդի մեջ եմ և միայն երեկ եմ ստացել ապրիլի աշխատավարձս: Հիմա ստիպված այլ աշխատանք եմ փնտրում»:

«Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում տեղեկացրեց, որ գործարանի շուրջ 3000 աշխատակիցների գրեթե կեսը պարապուրդում է, իսկ գործարանն այսօր պարտք է երեք ամսվա աշխատավարձ:

«Կառավարությունն աջակցում է աշխատավարձերի վճարման հարցում, և պարապուրդի ընթացքում գործարանում կրճատումներ չեն եղել: Գործարանը սարքին վիճակում է պահվում, և եթե ֆինանսավորում լինի, ապա ցանկացած պահի «Նաիրիտը» պատրաստ է աշխատելու»,- ասում է Հարությունյանը:
ԱրմենիաՆաուի էջերում