Բիզնես խթան. ՓՄՁ-ներին կտրամադրվի պետական աջակցություն ոլորտի բարեփոխման համար

Բիզնես խթան. ՓՄՁ-ներին կտրամադրվի պետական աջակցություն ոլորտի բարեփոխման համար


Գործարար ոլորտի փորձագետները փոքր ու միջին բիզնեսի զարգացումը խթանելու նպատակով Հայաստանի կառավարության իրականացրած գործողությունները կարևոր են գնահատում, սակայն նշում են, որ պետությունն ավելի կտրուկ ու մեծաթիվ քայլեր պիտի ձեռնարկի` ոլորտը բարեփոխելու համար:

2011-ի սկզբին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ այս տարի նախատեսվում է փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ոլորտի 5-6 տոկոսանոց աճ` շեշտելով, թե «այս առումով 2011-ը բացառիկ տարի է լինելու»:

Պետական աջակցությունն իրականացնող Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) ոլորտի այս տարվա զարգացման վերաբերյալ դեռևս վիճակագրական տվյալներ չունի:

ՓՄՁ ԶԱԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանուշ Գյուրջինյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ կենտրոնը 2011-ի ութ ամիսներին բավարարել է շուրջ 2300 հայտ, այդ թվում` ֆինանսավորման է երաշխավորել 13 բիզնես ծրագիր:

Ըստ Գյուրջինյանի` կենտրոնից աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների 15 տոկոսը գործում է Երևանում, մյուսը` մարզերում:

Սեպտեմբերի 14-ին ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Տիգրան Հարությունյանը ներկայացրել էր ՓՄՁ զարգացմանն ուղղված նախաձեռնությունը, ըստ որի` պետությունը փոխհատուցելու է գերփոքր ընկերությունների արտադրանքի արտահանման սերտիֆիկացման ծախսերի 50 տոկոսը:

«Այս ծրագիրը փորձնական է, և մենք արդեն հավաքագրում ենք հայտերը: Եթե ծրագիրը դրական արձագանք ունենա, այն կշարունակվի ու կընդլայնվի»,- ասել է նա:

Գործարար շահերի պաշտպանության ցանցի համակարգող Գագիկ Պողոսյանի դիտարկմամբ` այս տարի երկու հիմնական բարեփոխումներ են իրականացվել, որոնք նպաստելու են ոլորտի զարգացմանը:

Ըստ Պողոսյանի` «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն ու Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի ստեղծումն ավելի արդյունավետ են դարձնում ոլորտի խնդիրները լուծելու գործընթացները:

Օրենքի փոփոխությամբ, մասնավորապես, ստեղծվել է տեսչական ստուգումների անցկացման նոր համակարգ, որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի սահմանափակել անհիմն ստուգումները և ուշադրության կենտրոնում պահել ամենառիսկային տնտեսավարողներին:

(Ստուգում իրականացնող մարմիններից է, օրինակ` սանէպիդկայանը, որի աշխատակիցները կարող են որևէ վարսավիրանոցի գործունեությունը ստուգելիս այդ նույն վարսավիրանոցում անվճար կտրել ու հարդարել ոչ միայն իրենց, այլ նաև իրենց ընկերների մազերը:)

«Այսօր գոյություն ունի 18 ստուգող կառույց: Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ նոր մեթոդաբանություն է մշակվել, ըստ որի ձեռնարկությունները պետք է ստուգվեն: Դա էապես հեշտացնելու է ՓՄՁ-ների գործունեությունը»,- նշում է Պողոսյանը:

Խորհրդի գործունեությունը Պողոսյանը կարևորում է նիստերում ՓՄՁ ոլորտի խնդիրները քննարկելու հնարավորությամբ:

Հուլիսի 29-ին տեղի ունեցած նիստում քննարկվել են 10 խնդիրներ, որոնք վերաբերում են լուծարման կարգին, ՓՄՁ-ների կողմից տարածքների վարձակալման պայմանագրերին, ՓՄՁ-ների դասակարգմանն ու տարբերակմանը, ինչպես նաև գործունեության ընթացակարգային այլ խնդիրների:

Տնտեսական մեկնաբան Սամվել Ավագյանի մեկնաբանությամբ` փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն ուղղված կառավարության ձեռնարկած քայլերը կարելի է դրական գնահատել:

Նա առանձնացնում է այս տարեսկզբից մինչև 56,5 մլն դրամ (մոտ 155.000 դոլար) շրջանառություն ունեցող կազմակերպություններին ավելացված արժեքի հարկից ազատելու որոշումը, ինչպես նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունների ավելացումը:

Որպես դրական գործընթաց Ավագյանն ընգծում է նաև վարչական որոշ լծակների մեղմումը, օրինակ` հարկային հաշվետվությունների կարգի փոփոխությունը, լիցենզավորման կարգի տրամադրման ու կազմակերպության գրանցման հեշտացումը և այլն, սակայն, հավելում է, որ դեռ վաղ է իրական արդյունքներից խոսել.

«Քանի որ վերջին 10 տարում փոքր բիզնեսի դիրքերն այնքան էին թուլացել, իսկ խոշոր բիզնեսինը` համապատասխանաբար ուժեղացել, 9 ամսում արված անգամ դրական փոփոխությունները չեն կարող միանգամից արդյունք տալ»,- ասում է Ավագյանը:

Այդուհանդերձ, Ավագյանը կարծում է, որ կարելի էր ավելի շատ բան անել:

«Միգուցե այդ քայլերը նաև բավարար չէին, ու պետք էր ավելի կտրուկ քայլեր անել, քանի որ փոքր բիզնեսի մեկնարկային պայմանները, ի տարբերություն խոշորի, այնքան անհավասար են, որ մրցակցելը փոքր բիզնեսի համար անգամ այս պարագայում դժվար է»,- եզրակացնում է նա:

ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրությամբ` ոլորտի ընկերությունները դասակարգվում են գերփոքր, փոքր ու միջին ձեռնարկությունների:

Գերփոքր են համարվում առևտրային այն կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնց աշխատողների թիվը միջինում չի գերազանցում 10 մարդը: Փոքր ձեռնարկություններում աշխատում են ոչ ավելի, քան 50, միջինում` մինչև 250 մարդ:
ԱրմենիաՆաուի էջերում