Արտահանման հարցադրումնե՞ր. կառավարությունը քննարկում է արտահանումը խթանող «ծրագիրը»

Արտահանման հարցադրումնե՞ր. կառավարությունը քննարկում է արտահանումը խթանող «ծրագիրը»

Ֆոտոլուր

Հայաստանից արտահանումը խթանալու նպատակով մշակված հերթական փաստաթուղթը երեկ քննարկող գործարարների և ոլորտի մասնագետների բնորոշմամբ` դեռ լրամշակման և մի շարք էական փոփոխությունների կարիք ունի:

«Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակը» փաստաթուղթը, որը պատրաստել է «ԻՎի քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը, նախատեսում է առաջիկա 9 տարիներին տնտեսության արտահանելի ծավալը ավելացնել 8 տոկոսով:

Եթե 2010-ին արտահանվող արտադրանքի ծավալը ՀՆԱ-ում կազմում էր 11 տոկոս, ապա փաստաթղթի հեղինակները որոշակի գործողություններ ձեռնարկելու շնորհիվ նախատեսում են 2020-ին այդ ցուցանիշը դարձնել 19 տոկոս:

«Այս ծրագրի նպատակն է` Հայաստանը դարձնել բարձրարժեք և գիտատար ապրանքների ու ծառայությունների արտադրության երկիր,- բացատրեց «ԻՎի քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը: - Մի երկրում, որտեղ ՀՆԱ 70 տոկոսից ավելին ստեղծում է մասնավոր հատվածը, անհնար է միայն պետության ջանքերով էական փոփոխությունների հասնել, այդ պատճառով էլ այս ծրագրում մասնավոր հատվածի դերակատարությունն էական է»:

Նշելով, որ իրենց մշակած փաստաթուղթն առաջարկում է արտահանման զարգացում, այլ ոչ թե խրախուսում, Հերգնյանն ասաց, որ առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսությունը դիվերսիֆիկացնել ու ապահովել յուրաքանչյուր ճյուղում գործող ընկերությունների մեծ թիվ:

«Զարգացման այս փուլում քաղաքականությունը որոշակիորեն կհիմնվի ոլորտային
առաջնահերթությունների վրա` հաջորդ (առավել համատարած) փուլի համար
ձևավորելով արտահանման «քարշիչ» ոլորտներ»,- ասաց Հերգնյանը` կարևորելով կոնյակագործությունը, դեղագործությունը, կենսատեխնոլոգիաները և այլն:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, բացելով փաստաթղթի քննարկման փուլը, այն համապարփակ, համալիր գնահատեց` ընդամենը մեկ դիտարկում անելով.

«Պետության դերը, այդուհանդերձ, կարծում եմ, կարելի է շատ չհամեստացնել, քանի որ, օրինակ` նույն կոնյակագործության ոլորտում պետությունը պետք է քայլեր ձեռնարկի խաղողագործությունը զարգացնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար»:

Քննարկումների ընթացքում թե´ գործարարները, թե´ ներկա տնտեսագետները փաստաթղթում մի շարք փոփոխություններ կատարելու առաջարկություններ կատարեցին:

Ամենաէական առաջարկություններից էր փաստաթուղթը «ծրագիր» կոչելը` «շրջանակի» փոխարեն, քանի որ ծրագիրը նախատեսում է գործողությունների ավելի որոշակի և մանրամասն պլանավորում ու որոշակի ժամկետներում դրանց իրականացում:

Տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը այս նկատառումից բացի անհրաժեշտ համարեց փաստաթղթում ներկայացնել Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքը (ներմուծում-արտահանում հարաբերակցությունը) պայմանավորող պատճառները և դրանց վերացման համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև հիմնավորել կանխատեսումները:

«Փաստաթուղթը պետք է ներառի առաջնահերթ գոնե 10 խնդիրների լուծման համար մանրամասն քայլեր: Բացի այդ, պետք է ուսումնասիրել, թե նշված ժամանակահատվածում ինչպես իրեն կդրսևորի դրամը արտարժույթների նկատմամբ, քանի որ արտահանման ու ներմուծման հաշվեկշռի վրա դա մեծապես ազդում է»,- նշեց Մարկոսյանը:

2011-ի անցած 8 ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է ավելի քան 117 մլն դոլար, իսկ ներմուծումը` 3,3 անգամ ավելի` գրեթե 396 մլն դոլար:

«Հրազդան մարզադաշտ» ընկերության ղեկավար Մերուժան Հակոբյանը, ներկայացնելով իր դիտարկումները, նշեց, որ կոնյակագործությունը զարգացնելու կարիք չկա, քանի որ այն արդեն զարգացած է և որպես առանձին ճյուղ հատուկ ուշադրության կարիք չունի:
ԱրմենիաՆաուի էջերում