Հաղթահարելով ճգնաժամը. կառավարության հաշվետվության համաձայն` Հայաստանում կենսամակարդակը բարձրացել է
Անկախ տնտեսագետները հայտարարում են, որ ՀՆԱ-ի աճը ոչ թե կառավարության տնտեսական քաղաքականության արդյունք է, այլ պայմանավորված է հանքարդյունաբերության արտադրանքի համաշխարհային շուկայում իրավիճակի բարելավմամբ: Այս մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները` Հայաստանում մետաղի արդյունաբերության ֆիզիկական ծավալը 2008-2010 թթ. աճել է 9,7%-ով: Հինգ ամիսների ընթացքում ամենամեծ աճը գրանցվել է արտահանման ոլորտում` 64,5%, սակայն արտահանման գերակշռող մասը կազմում է հանքարդյունաբերության արտադրանքը: Ընդ որում, Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի նախկին տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը նշել է, որ ստվերային հատվածի ամենամեծ բաժինը գտնվում է հենց հանքարդյունաբերության ոլորտում: Մակրոտնտեսական ցուցանիշները, իրոք, աճել են. հունվար-մայիս ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՆԱ-ն աճել է 8,8 %-ով: Սակայն տեղի տնտեսագետներն ու միջազգային փորձագետները պնդում են, որ Հայաստանի տնտեսության թույլ կողմը մնում է խոշոր բիզնեսի վրա հենվելը, որը թույլ չի տալիս զարգանալ փոքր ու միջին բիզնեսին: Կառավարությունն ընդունում է այս փաստը և խոստանում խթանել փոքր ու միջին բիզնեսը, սակայն գործը հայտարարություններից այն կողմ չի անցնում: Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին 344 խոշոր հարկ վճարողների արտադրանքի իրացումից եկամտի ընդհանուր գումարը 11,5 %-ով ավելի էր, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում (604,6 մլրդ դրամ կամ 1,5 մլրդ դոլարից մի փոքր ավելի): Հարկերից ստացված ընդհանուր գումարն աճել է 13,6 %-ով: Սա նշանակում է, որ խոշոր բիզնեսը բարգավաճում է: Հատկապես, ապրանքների արտահանման և մանրածախ առևտրի ոլորտում: Անցյալ տարի 136 խոշոր մանրածախ առևտրային ձեռնարկություններ ապահովել են երկրի բոլոր խանութների ընդհանուր շրջանառության 52%-ից ավելին: Իսկ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին փոքր խանութների թիվը, 2009 թ. միջին տարեկան ցուցանիշի համեմատությամբ կրճատվել է 1,7 հազար օբյեկտով: Ընդ որում, գնաճը շարունակվում է, ինչը նշանակում է, որ բնակչության կենսամակարդակը նվազում է: 2010 թ. հունվար-մայիսին սպառողական գների ինդեքսը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 7,6 տոկոսով, անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ ինդեքսն աճել է 4,2 %-ով և մայիսին արդեն կազմել է 5,3%: «Բնակվարձ, գազ և էլեկտրաէներգիա» խմբի սակագների աճը կազմել է 13,8%: Ընթացիկ տարվա հունվար-մայիսին պարենային ապրանքների գներն աճել են 5,5%-ով, հագուստի և կոշիկի` 11,4%-ով, բուժսպասարկման և դեղամիջոցների` 8,8%-ով: Ընդ որում, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով` բնակչության մեկ շնչին ընկնող նվազագույն պարենային զամբյուղի արժեքը կազմել է ընդամենը 20457,1 դրամ (53 դոլար):
Other Articles in Ճգնաժամ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.