Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԻՏՁՄ) այս տարի հայտարարել է Հայաստանում անօդաչու թռչող սարքերի առաջին մրցույթը:
Այսօր անօդաչու սարքերն աշխարհում ապահովում են ճանապարհային անվտանգություն, անցկացնում էկոլոգիական խնդիրների, օրինակ` օդի, գետերի աղտոտվածության մոնիթորինգ, կատարում են քարտեզագրում, նկարահանում, նույնիսկ հետախուզություն:
«Սա ռազմական և նույնիսկ բժշկական օգնության նշանակություն ունի,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: - Մեր նպատակն է մրցույթի միջոցով ի հայտ բերել այն երիտասարդներին, այն մասնագետներին, որոնք ունեն բարդ տեխնոլոգիական խնդիրներ լուծելու ունակություններ: Նրանք հանդես կգան իրենց նախագծերով, կզարգացնեն իրենց հմտությունները մրցույթի ընթացքում և հետագայում ավելի մեծ նախագծերով մուտք կգործեն տեխնոլոգիական բիզնես»:
Մրցույթի խնդիրն է ներկայացնել այնպիսի անօդաչու թռչող սարք, որն օդ կբարձրանա ավտոմատ կամ հեռակառավարմամբ, դաշտում կկարդա իր հաջորդ կոորդինատը, կշարժվի այդ կոորդինատի ուղղությամբ և կիջեցնի 200-300 գ ծանրության բեռ:
«Այս մրցույթը հնարավորություն կտա ավիամոդելիստներին, որոնք ունեն նման մտահղացումներ ու նախագծեր, ի հայտ գալու և հետագայում ավելի մեծ նախագծերում ընդգրկվելու»,- ասում է Հայաստանի ավիամոդելային և հրթիռամոդելային սպորտի ազգային կոմիտեի նախագահ Արմեն Վարդանյանը, որը նույնպես իր թիմով ներկայացրել է մասնակցության հայտ:
Կարեն Վարդանյանը նշում է, որ այն նախագծերը, որոնք ի սկզբանե կարժանանան ուշադրությանը, ԻՏՁՄ-ի կողմից կստանան դրամական աջակցություն մոդելների հիմնական մասերը գնելու համար, քանի որ դրանք բավական թանկ են:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 12-ն է, որից հետո կսկսվի մրցույթի նախապատրաստական փուլը, որի ընթացքում թիմերը կաշխատեն իրենց նախագծերն իրականացնելու և մոդելները պատրաստելու վրա:
Մրցույթը նախատեսվում է անցկացնել աշնանը, որի համար տարածք կտրամադրի ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.