Փողի խնդիր. դրամի արժեքի ու սղաճի հիմքում տնտեսությո՞ւնն է, թե՞ անձնական շահը

Երբ 75-ամյա թոշակառու Գրիշա Օհանջանյանը անցյալ տարվա ամռանն իմացավ, որ այս տարվանից իր թոշակը բարձրանալու է 60 տոկոսով` 12.000 դրամից ($ 39) հասնելով 22.000-ի ($ 71), դա պետք է որ լավ լուր լիներ նրա ու կնոջ համար: ԱՄՆ-ում ապրող դստեր ուղարկած գումարն ու թոշակները պետք բավարար լինեին ապրելու համար:

«Հիշեցինք, թե ոնց էինք ապրում մի 4 տարի առաջ $ 8-ով, շունն էլ չէր ապրի»,- ասում է նախկին ինժեները:

Չնայած թոշակների բարձրացման մասին լուրին (այդ մասին օգոստոսին հայտարարեց նախագահի հանրապետական թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը)` Օհանջանյանի և նրա նման հազարավոր թոշակառուների համար այդ բարձրացումը գրեթե անիմաստ դարձավ:

Պատճառն այն է, որ դեռ մինչև բարձր թոշակները կհասնեին հասցեատերերին, սննդամթերքի հիմնական տեսակների (հաց, ձեթ, կարագ, մակարոնեղեն և այլն) գները բարձրացան, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ կրկնապատկվեցին: Վիճակն ավելի բարդացավ նրանով, որ ապրանքների գնաճին զուգահեռ անբացատրելիորեն և տնտեսագետների կարծիքով` չհիմնավորված, կտրուկ անկում ապրեց դոլարի փոխարժեքը, որը նոյեմբերին մեկ-երկու օրվա ընթացքում որոշ փոխանակման կետերում իջավ մինչև 270 դրամ: Թեև հետագայում դոլարը կրկին բարձրացավ մինչև 305 դրամ, հանրապետության 530.000 թոշակառուներից շատերը թոշակի բարձրացումը համարում են դաժան աճպարարություն:

Շատ տնտեսագետների, թոշակառուների, փորձագետների կարծիքով` քաղաքական ու ֆինանսական ղեկավարությունը արհեստականորեն ազդում է գնաճի և դոլար-դրամ տատանումների վրա` ձգտելով վերադարձնել քարոզարշավի ընթացքում ծախսված գումարները, սահմանափակել ընտրական հակակոռուպցիոն միջոցառումներ իրականացնելու նպատակով արտասահմանյան կազմակերպությունների` ԱՄՆ դոլարով արված ներդրումների հետևանքներն ու պաշտպանել տարբեր ապրանքների ներմուծմամբ զբաղվող խոշոր մոնոպոլիստների շահերը, և այդ ամենը`շարքային հայաստանցիների հաշվին:

«Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին գումար է ստանում դրսից, որի 40 տոկոսը դոլարի արհեստական արժեզրկման արդյունքում ուղղակի «վճարվում» է իշխանություններին, մնացած 60 տոկոսի մի մասն էլ կորցնում ենք գնաճի ճանապարհին, քանի որ առանձին ապրանքատեսակների գներ աճել են 60-70 տոկոսով»,- ասում է տնտեսագիտության դոկտոր, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Զոյա Թադևոսյանը:

Տնտեսագիտության պրոֆեսորն ասում է, որ երկրի անկայուն տնտեսական վիճակը չի հիմնավորում դրամի արժևորման գործընթացը, որը, ըստ նրա` արհեստական է:

«Չկա մի երկիր, որն ունենա 40 տոկոս գործազրկություն (պաշտոնական վիճակագրությամբ` 8 տոկոս), աղքատության բարձր շեմ, ներմուծման ծավալներից 3 անգամ պակաս արտահանում, փլուզված արտադրություն, բայց ազգային արժույթն այնպես արժևորվի, ինչպես Հայաստանում»,- ասում է Թադևոսյանը:

Երկրի ֆինանսական պատասխանատուները, մասնավորապես` Կենտրոնական բանկը, դոլարի անկումը պայմանավորում են մի շարք գործոններով, մասնավորապես` ամերիկյան արժույթի համաշխարհային արժեզրկումով:

Այդուհանդերձ, 2007-ի երկրորդ կիսամյակում դրամը դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել, քան տնտեսապես կայուն եվրոն:

Նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը կասկածի տակ է դնում Կենտրոնական բանկի այն բացատրությունը, թե դրամի արժևորման պատճառը արտասահմանից դոլարային ներդրումների զանգվածային ներհոսքն ու մասնավոր փոխանցումներն են, որոնք, տարբեր հաշվարկներով, կազմում են տարեկան 1-1,5 միլիարդ դոլար:

«Նույնքան արտարժույթ էլ դուրս է հոսում հանրապետությունից ներմուծման համար, որը 3 անգամ գերազանցում է արտահանման ծավալները: Ի՞նչ տնտեսական աճի կամ դրամի արժևորման մասին է խոսքը, երբ, ասենք, կարևորագույն ոլորտներից մեկը` գյուղատնտեսությունը, ունի 0 տոկոս աճ, իսկ առանց այն էլ փլուզված արտադրությունը հոգեվարքի մեջ է նաև դրամի արժևորման պատճառով»,- ասում է Մանասերյանը:

Դոլար-դրամ փոխարժեքի տնտեսագիտական հիմնավորումը կասկածի տակ է դնում նաև տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը:

«Հայկական դրամի արժևորումն առասպել է, այն արհեստականորեն ուռճացվում է հօգուտ մի խումբ խոշոր ներմուծողների: Այստեղ տնտեսական տրամաբանություն չկա, սա մի երկիր է, որտեղ ամեն ինչ որոշվում է մի քանի օլիգարխների շահերով ու քմահաճույքով: Եթե ընտրություններ են, ապա գումար է հավաքվում քարոզարշավի համար, թող ժողովուրդը գնա կոտորվի, դա ոչ մեկին էլ չի անհանգստացնում»,- ասում է Աղաջանովը:

Տնտեսագետն ընդգծում է դրամի արժևորման բացասական ազդեցությունը տեղական արտադրողների վրա, քանի որ արտահանումը դառնում է անհամեմատ պակաս շահութաբեր, քան ներմուծումը:

«Փոքր ու միջին բիզնեսը, որն ապահովում է մեր բյուջեի եկամուտների մեծագույն մասը, պարզապես կործանման եզրին է: Սուպերմարքեթները հեղեղել են քաղաքը, փոքր խանութները փակվում են: Սա կարող էր բնական գործընթաց լինել և նորմալ դիտվել, եթե բոլոր լծակներն ու գերշահույթը չկուտակվեին միայն մի քանի օլիգարխների ձեռքում»,- ասում է Աղաջանովը:

Մոնոպոլիստ ներկրողները լայնորեն օգտվում են իրենց լծակներից: Օրինակ` եթե Եվրոպայում կարագի գինը բարձրացել է 18 տոկոսով, Հայաստանում այն թանկացել է 80 տոկոսով:

Դոլարի փոխարժեքի կտրուկ անկումը լուրջ խնդիրներ առաջացրեց նաև բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք ֆինանսավորվում են դոլարով:

Միջազգային դոնորներին ապավինող «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը չի կարող բացատրել իր 8.000 տարեց շահառուներին, թե ինչու են տարեցտարի կրճատվում նրանց համար նախատեսված ծրագրերը:

Ամերիկյան կառավարության ֆինանսավորած 6-ամյա ծրագիրը կնքվել էր 2003-ին, երբ դոլարը զենիթում էր` 585 դրամ: Դրանից հետո 6 մլն դոլարի 40 տոկոսը պարզապես կորավ դոլարի արժեզրկման պատճառով, և բազմաթիվ ծերեր չստացան սպասվող օգնությունը` միայնակ ծերերի ամենօրյա խնամքի ծրագիրը փակվեց:

«Մենք տուժում ենք ինչպես դոլարի արժեզրկումից, այնպես էլ գնաճից»,- ասում է ծրագրի հիմնադիր և համակարգող Հռիփսիմե Կիրակոսյանը:

Ըստ կանխատեսումների` դոլարի անկումը դեռ շարունակվելու է, իսկ գնաճ սպասվում է նաև ընտրություններից հետո:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար տնտեսագետ Արծվիկ Մինասյանի կարծիքով` Կենտրոնական բանկը պետք է հրաժարվի պասիվ դիտողի իր դերից և դառնա սղաճի կարգավորման ակտիվ մասնակից:

«Իշխանությունները պետք է ներդնեն սղաճի ու գների կարգավորման մեխանիզմ, և նրանց հիմնական գործիքը պետք է լինի կենսապահովման նվազագույն բյուջեի ու ճկուն ֆինանսական քաղաքականության ապահովումը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կախյալ է [իշխանություններից], այն պետք է իրական անկախություն ունենա, ավելի գործուն միջոցներ ձեռնարկի մենաշնորհի դաշտը վերացնելու համար: Դա կհանգեցնի գների իջեցմանը»,- ասում է Մինասյանը:

ԱրմենիաՆաուի էջերում