Ընտրությունների օր. 10.00. Քվեարկել ու սպասել. շատերի կարծիքով` այսօրվա ընտրությունները կունենան երկրորդ փուլ` ԼՏՊ-ՍերժՇաբաթավերջին և ընդդիմության ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանը, և իշխող կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը մարդաշատ հանրահավաքներ անցկացրին Ազատության հրապարակում, որոնք ավարտվեցին քայլերթով դեպի Հանրապետության հրապարակ: Թեև երկու հանրահավաքների մասնակիցների թիվն էլ կազմակերպիչներն անիրատեսորեն բարձր էին ներկայացնում, ըստ «ԱրմենիաՆաուի» մոտավոր հաշվարկի` մասնակիցների թիվը երկուսում էլ մոտ 40.000 էր: Բացի այդ, կիրակի Սարգսյանի քարոզարշավի կազմակերպիչները Երևանի կենտրոնի գլխավոր խաչմերուկներում բարձրախոսների աշտարակներ էին տեղադրել` ամբողջ ցերեկվա ընթացքում հաղորդելով հայրենասիրական երաժշտություն: Այսօր քվեարկելու իրավունք ունի մոտ 2,3 միլիոն մարդ: (Նրանց շարքում են նաև այն մոտ 500.000 քաղաքացիները, որոնք երկրում չեն, իսկ քվեարկել կարող են միայն Հայաստանում գտնվողները:) Այսօր առավոտյան ժամը 8:00-ին բացված ընտրատեղամասերում կպարզվի` կպահանջվի՞ արդյոք երկրորդ փուլ: Ըստ օրենքի` առաջին փուլում հաղթող ճանաչվելու համար թեկնածուն պետք է ստանա 50 տոկոս+1 ձայն: Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկած քարոզարշավից առաջ հարցը ոչ թե այն էր` կհաղթի՞ արդյոք Սարգսյանը, այլ թե ի՞նչ առավելությամբ կհաղթի: Սակայն ընդդիմությունը թեև չկարողացավ համախմբվել մեկ թեկնածուի շուրջը, սակայն մեծացրեց իր կողմնակիցների թիվը, և այսօր շատերն այն կարծիքին են, որ եթե ընտրություններն արդար անցկացվեն, ապա անկասկած կլինի երկրորդ փուլ, ամենայն հավանականությամբ` նախկին նախագահի և գործող վարչապետի միջև: Շաբաթ օրը տեսնելով Տեր-Պետրոսյանի կողմնակիցներով հեղեղված փողոցները`մի կին ասաց. «Եթե երկրորդ փուլ չլինի, հաստատ հեղափոխություն կլինի»: Ընտրությունների արդյունքների մասին հայտնի կդառնա չորեքշաբթի 18:00-ին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) (www.elections.am), ինչպես պահանջում է օրենքը, ընտրատեղամասերը փակվելուց 22 ժամ հետո հրապարակի նախնական արդյունքները: Ընտրողների մասնակցությունը կարող է վճռորոշ լինել հատկապես ընդդիմության համար: Վերջին երեք օրերին Հայաստանում գրեթե գարնանային եղանակ է, ինչը բարձր մասնակցության հույսեր է ներշնչում: Հայաստանի նախագահի ընտրություններում ամենաբարձր մասնակցություն գրանցվել է 1991 թ. նորանկախ հանրապետության առաջին ընտրություններում, երբ գրանցվեց մոտ 70 տոկոս մասնակցություն: Դրանից հետո անցկացված ընտրություններում մասնակիցների թիվը նվազել է` լինելով 50-65 տոկոսի սահմաններում: 2003 թ. նախագահական ընտրություններում գրացվել է 61,2 տոկոս մասնակցություն, իսկ անցյալ տարվա մայիսի խորհրդարանական ընտրություններում` մոտ 60 տոկոս: Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով գրանցվել են վեց միջազգային և 39 տեղական կազմակերպություններ: Ամբողջ երկրում ընտրությունների ընթացքին կհետևի մոտ 15.000 դիտորդ, այդ թվում` 600 միջազգային դիտորդ: Խոշորագույն միջազգային առաքելությունների շարքում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), որի 316 դիտորդ (ներառյալ 250 կարճաժամկետ դիտորդ) ընտրությունների օրը կլինեն Հայաստանում: Ըստ ԿԸՀ-ի` միջազգային դիտորդական առաքելությունների թվում են նաև Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և նրա Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի առաքելությունները:
Other Articles in 2008
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.