Ընտրությունների օր. 11.00. Նախագահի խոստումը. ընտրություններն արդար կլինեն

Վաղ առավոտյան ընտրողները ներկայացան ընտրատեղամաս` ընկած հերոսների ամենատես հայացքի ներքո իրենց ընտրությունը կատարելու
Այսօր ամպամած, սակայն ձմռան համար բավական մեղմ եղանակին, հայաստանցի ընտրողները գնում են ընտրատեղամասեր` հինգերորդ անգամ հանրապետության նախագահ ընտրելու:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ավարտում է իր պաշտոնավարումը մայիսին, խոստացել է, որ ընտրությունների ընթացքում կապահովվեն հավասարապես արդար պայմաններ: Եթե նա կատարի իր այդ խոստումը, ապա դա կլինի առաջինը վերջին առնվազն չորս նախագահական ընտրություններում, երբ Հայաստանը կբավարարի «ազատ ու արդար» միջազգային չափանիշները:

1996-ին այսօրվա ընդդիմադիր Լևոն Տեր-Պետրոսյանի վերընտրությունից, Քոչարյանի երկու ընտրություններից մինչև սահմանադրության հանրաքվե ու խորհրդարանական ընտրություններ` ընտրակեղծիքները եղել են հայաստանյան քաղաքական գործընթացների հիմնական բնորոշ գիծը:

Ինչպես և նախորդ ընտրությունների ժամանակ, մի քանի հարյուր արտասահմանցի և հազարավոր տեղացի դիտորդներ այսօր հետևելու են ընտրությունների ընթացքին` արձանագրելով խախտումները: Երկուշաբթի Քոչարյանը դիմել է հենց այդ առաքելությունների ղեկավարներին:

Հանդիպելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ` նախագահը, ըստ իր լրատվական ծառայության հաղորդագրության, հայտնել է ընտրությունները մաքուր անցկացնելու «վճռականության» մասին: Քոչարյանը նաև խոստացել է կիրառել բոլոր ռեսուրսները ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում հնարավոր բոլոր անկարգությունների դեմ առնելու համար:

Ընտրատեղամասերը դեռ չբացված` արդեն շրջանառվում է ընտրախախտման մասին մեկ տեղեկություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը հայտարարել է, թե Երևանի հարավում գտնվող ընտրատարածքներից մեկում երկուշաբթի անօրինական կերպով հաստատվել են հազարավոր քվեաթերթիկներ: Թադևոսյանը պնդում է, որ փորձել է դադարեցնել անօրինականությունը, սակայն չի կարողացել: Դեպքին ներկա մյուս կուսակցությունների, այդ թվում`Հայաստանի հանրապետական կուսակցության և Դաշնակցության ներկայացուցիչները ոչ մի խախտում չեն արձանագրել:

ԱրմենիաՆաուի էջերում