Ընտրության օր. 14:00. 9/11 ընտրատեղամասում. Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանն ընտրում են նույն տեղամասում, բայց տարբեր տրամադրությամբ

Բազմակի քվեարկությունից խուսափելու նպատակով ընտրողների անձնագրում կնիք է դրվում

Վարչապետ Սերժ Սարգսյանն ու նրա հիմնական հակառակորդ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր քվեարկել են Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում:

Ի պատասխան լրագրողների հարցին` թե ով է հաղթելու, վարչապետը կատակել է. «Այնպիսի տպավորություն է, թե հենց նոր եք ժամանել Հայաստան, որովհետև ես քանիցս ասել եմ, թե ով է հաղթելու»:

Տեր-Պետրոսյանի տրամադրությունը նույնքան ուրախ չէր. նրա համախոհները հավաքել են բազմաթիվ տեղեկություններ Սարգսյանի կողմնակիցների իրականացրած ընտրակեղծիքների մասին:

Առաջին նախագահն ասաց, որ ունի «կոնկրետ փաստեր» այն մասին, որ իշխանամետ ուժերն արդեն կեղծել են ընտրությունները:

Ընտրություն կատարելուց հետո դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանն ասել է, որ հույս ունի, թե «մեկ-երկու օրից ժողովուրդը հնարավորություն կունենա ասելու, որ այս անգամ ազատ ու արդար ընտրություններ են տեղի ունեցել»:

Ստացված հաղորդագրությունները կասկածի տակ են դնում, որ Հովհաննիսյանի հույսերը կիրականանան…

• Սարգսյանի հենակետ հանդիսացող Վանաձոր քաղաքի թիվ 31/03 ընտրատեղամասում «ԱրմենիաՆաուի» թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են կուսակցության ներկայացուցիչները ընտրատեղամաս մտնելուց առաջ ներկա-բացակա անում ընտրողներին: Բացի այդ, ընտրատեղամասում հերթի կանգնածների միջև ընդհարում է տեղի ունեցել:

• Վազգեն Մանուկյանի վստահված անձը հայտնել է, որ թիվ 3/29 տեղամասում միաժամանակ քվեարկել է 50-ից ավելի մարդ, որոնց բերել են Վանաձորից, Հրազդանից ու Կոտայքի մարզի Ակունք գյուղից:

• Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից մեկը հաղորդել է, որ Տավուշի մարզի Ակնաղբյուր և Լուսաղբյուր գյուղերի տեղամասերում որպես դիտորդ նստած են եղել քաղաքացիական հագուստով զինծառայողներ, ինչը Ընտրական օրենսգրքի խախտում է: Նրանք գրանցված են որպես «Ազատ հասարակության ինստիտուտի» դիտորդներ:

ԱրմենիաՆաուի էջերում