Դիտորդների վճիռը` համապատասխանում են միջազգային չափանիշներին

Միջազգային դիտորդները ընտրության օրը «բարելավումներ» են նկատել
Այսօր Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) դիտորդական առաքելությունը միջազգային չափանիշներին համապատասխանող գնահատեց փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները` նշելով, որ նկատված խախտումները չեն կարող անդրադառնալ ընտրությունների արդյունքի վրա:

Ճիշտ այդպես էլ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարել է, թե ընտրությունները «հիմնականում համապատասխանել են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին»:

Երկու խոշոր դիտորդական առաքելություններն այսօր հրապարակել են իրենց նախնական զեկույցները, որոնք բնավ համահունչ չեն այն տեղեկություններին, որոնք երեկ ստացվում էին ընտրատեղամասերից` ենթադրաբար վկայելով զանգվածային ընտրախախտումներ:

«[Հայաստանի 1923] ընտրատեղամասերից մոտ 64 տոկոսում դիտարկված խախտումները զանգվածային բնույթ չէին կրում, զուտ տեխնիկական էին և չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասվում է ԱՊՀ զեկույցում:

Առաքելության 193 դիտորդներն իրենց աշխատանքը սկսել են հունվարի 22-ից` ստեղծելով շտաբեր հանրապետության չորս մեծ քաղաքներում` Երևանում, Գյումրում, Վանաձորում ու Կապանում:

Առաքելության խմբի ղեկավար, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսանդր Տորշինը նշեց, որ ՀՀ իշխանությունները իրավական լավ հիմք էին ստեղծել ազատ ընտրություններ անցկացնելու համար:

«Նոր օրենսգրքով ամրագրված փոփոխությունները հնարավորություն են տվել անգամ քվեարկել փաստացի բնակության վայրում, որը ժողովրդավարական գործընթացի կարևոր ցուցանիշ է: Հնարավորություն էր ընձեռված նաև տեղաշարժման դժվարություն ունեցողների համար»,- ասում է Տորշինը:

ԵԱՀԿ զեկույցի ուշադրության կենտրոնում էր քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը: Այն չէր անդրադարձել ընտրախախտումների մասին հայտարարություններին:

Հիմնականում ընդունելով նախագահական ընտրությունները, որոնք հաղթանակ բերեցին Սերժ Սարգսյանին, մոտ 400 դիտորդների տվյալների վրա հիմնված ԵԱՀԿ զեկույցում նշվում է, որ «վերջնական ընտրությունը Հայաստանի ժողովրդի ձեռքում է»:

Իսկ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը` անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հնարավոր լարվածությանը, ընդդիմությանը խորհուրդ տվեց «մտածել Հայաստանի ապագայի մասին»` շեշտելով, որ անկայությունն ու լարվածությունը քաղաքական գործընթացի «վատ ուղեկից» են:

«Ես հարգում եմ ՀՀ առաջին նախագահին, բայց պետք է արձանագրեմ, որ նա իրեն փակուղի է մտցրել: Դեռ ուշ չէ մտածել Հայաստանի կայունության մասին»,- ասել է Զատուլինը:

ԱրմենիաՆաուի էջերում