Ընտրություններին առնչվող մանրամասներ. Երևանի ընտրությունների մասին հաճախակի տրվող հարցերը
Ստորև ներկայացնում ենք «ԱրմենիաՆաուի» թղթակից Գայանե Աբրահամյանի հավաքած` «պարզ» հարց ու պատասխանի ձևով որոշ հիմնական տեղեկություններ, որոնք մայիսի 31-ի Երևանի ընտրություններում կհետաքրքրեն ընտրողներին և դիտորդներին: ԸՆՏՐՎՈՂՆԵՐ Ի՞նչ ընտրություն է անցկացվելու մայիսի 31-ին և ինչո՞վ է այն նշանակալի Մայիսի 31-ին պետք է ընտրվի Երևանի 65 հոգուց բաղկացած ավագանի, որն էլ իր առաջին նիստում կընտրի Երևանի քաղաքապետ: Այս ընտրությունները նշանակալի են նրանով, որ երևանցիներին հնարավորություն է տրվում անուղղակի կերպով քաղաքապետ ընտրելու: 1995 թ. ՀՀ Սահմանադրության ընդունումից ի վեր քաղաքապետի պաշտոնը դարձավ նշանակովի, որին նշանակում էր երկրի նախագահ և որը պատասխանատու ու հաշվետու էր ոչ թե իր քաղաքի բնակիչներին, այլ իր վերադասին: Սակայն կառավարման այս մոդելը «ոչ ժողովրդավար» էր, և 2005 թ. Սահմանադրական բարեփոխումների ժամանակ Եվրախորհրդի պահանջով քաղաքապետի պաշտոնը դարձավ ընտրովի: Ու՞մ ենք ընտրելու: Երևանի ավագանու ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցություններն ու կուսակցական դաշինքները, իրենց համամասնական ցուցակներով: Կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող անձը քաղաքապետի հավանական թեկնածուն է, այսինքն` ընտրելով կուսակցությանը` ձայն եք տալիս նաև նրա առաջադրած քաղաքապետի թեկնածուին: Առաջիկա ընտրություններին մասնակցելու են վեց կուսակցություն (ոչ հատուկ հերթականությամբ)` Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայաստանի աշխատավորական սոցիալիստական, Հայ հեղափոխական դաշնակցություն, Ժողովրդական, և մեկ դաշինք` Հայ ազգային կոնգրեսը: Որքա՞ն ձայն պետք է ստանան կուսակցությունները` ավագանիում տեղ զբաղեցնելու համար: Կուսակցությունները պետք է ստանան ձայների առնվազն 7 տոկոսը, իսկ դաշինքները` 9 տոկոս: Սահմանված այս անցողիկ շեմերը ընտրական գործընթացների փորձագետները համարում են բավական բարձր` դիտարկելով այն որպես խտրականություն փոքր կուսակցությունների նկատմամբ: Չնայած ամիսներ տևած քննարկումներին` այս դրույթը մնաց անփոփոխ: Ինչպե՞ս պետք է ընտրվի քաղաքապետը: Եթե ընտրություններում որևէ կուսակցություն ստանա ձայների 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցությունն իրավունք կունենա միանձնյա, առանց քվեարկության դնելու իր թեկնածուին, որը պետք է լինի ընտրություններին առաջադրած համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող անձը: Եթե ոչ մի կուսակցություն չհավաքի ձայների կեսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվելու է ավագանիում տեղ զբաղեցրած բոլոր կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներից, պարզ քվեարկությամբ: Սակայն ընտրական օրենսգրքում հունվարին ներմուծվեց մեկ նորամուծություն` բոնուսի դրույթը, որը սահմանում է, որ եթե որևէ կուսակցություն ստանա 40 տոկոս և մեկ քվե, ապա այդ կուսակցությունը կստանա մինչև 10 տոկոս բոնուս` այդպիսով ձեռք բերելով բացարձակ մեծամասնություն և հնարավորություն ստանալով միանձնյա նշանակել քաղաքապետին: ԸՆՏՐՈՂՆԵՐ Ովքե՞ր կարող են ընտրել: 18 տարին բոլորած բոլոր այն քաղաքացիները, ովքեր գրանցված կամ առնվազն մեկ տարի հաշվառված են Երևանում: Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև` վերջին առնվազն մեկ տարվա ընթացքում Երևանում հաշվառված օտարերկրացիներին: Այս քվեարկությանը մասնակցելու իրավունքից զրկված են միայն ժամկետային զինծառայողները: Ինչպե՞ս իմանալ` ձեր անունն ընդգրկվա՞ծ է ընտրողների ցուցակում, թե՞ ոչ: Ընտրություններից 40 օր առաջ բոլոր ընտրատեղամասերում փակցվում են ընտրողների ցուցակները և ստուգելու համար ձեր անվան առկայությունը պետք է այցելել ընտրատեղամաս (որտեղ սովորաբար ընտրում եք) կամ elections.am կայքը: Եթե ձեր անունը չկա ընտրողների ցուցակում: Ընտրություններից առաջ. Եթե ընտրողների ցուցակում անճշտություն եք հայտնաբերել, ապա պետք է դիմել համայնքի թաղապետարան կամ էլ (մինչև մայիսի 26-ը) համայնքի անձնագրային բաժին, hավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 8220 թեժ գծին: Ընտրության օրը. Ձեր անունը լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար պետք է դիմել կամ տվյալ համայնքի ընդհանուր իրավասության դատարան, կամ ոստիկանության բաժանմունք: Դատարան դիմելու համար պետք է ունենաք ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի լիազորագիր-դիմումը, սակայն այդ դիմումի անհրաժեշտություն չի լինի, եթե միանգամից գնաք ոստիկանություն: Ընտրողների ցուցակում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ դիմումը կարող եք գտնել www.yerevanelections.wordpress.com կայքում, իսկ դատարանների հասցեները և հեռախոսահամարները կգտնեք court.am կայքում: Ե՞րբ է սկսվում քվեարկությունը: Մայիսի 31-ի քվեարկությունը սկսվելու է առավոտյան 08:00-ին և ավարտվելու է 20:00-ին: Սակայն եթե ժամը 20:00-ին դուք դեռ քվեարկության սենյակում եք և չեք քվեարկել, ոչ ոք իրավունք չունի զրկելու ձեզ ընտրելու իրավունքից: Ի՞նչ է անհրաժեշտ քվեարկելու համար: Քվեարկությանը կարող եք մասնակցել միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում անձնագիրը, անձնագրին փոխարինող փաստաթուղթը, զինվորական սպաների և ենթասպաների համար նաև` զինվորական վկայականը, իսկ այլ զինծառայողների համար`զինվորական գրքույկը: Ինչպե՞ս պետք է լրացնել քվեաթերթիկը: Ձեր քվեն վավեր կճանաչվի միայն այն դեպքում, երբ նշումը կատարեք ճիշտ: Հարկավոր է նախընտրած թեկնածուի անվան դիմաց առկա վանդակում կատարել հետևյալ նշումը` √: Եթե չեք կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը: Այդ մասին հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո կարող եք քվեախուց հրավիրել ցանկացած անձի, բացի վստահված անձանցից: Այլ դեպքերում քվեաթերթիկը լրացնելիս քվեախցում այլ անձի ներկայությունն արգելվում է: Եթե անձնագրի վավերականության ժամկետն ավարտվել է Միևնույն է, դուք կարող եք ընտրել, այս փաստը չի կարող հիմք հանդիսանալ ձեզ քվեարկության չթողնելու համար: ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ Գաղտնի՞ է քվեարկությունը: Ոչ ոք իրավունք չունի իմանալու, թե ում օգտին եք քվեարկել, ավելին` ընտրատեղամասում դուք էլ իրավունք չունեք ցույց տալ կամ հայտարարել, թե ում եք տվել կամ պատրաստվում տալ ձեր ձայնը, երկու դեպքում էլ օրենքի պահանջի խախտումը քրեորեն պատժելի արարք է: Եթե ձեզ ընտրակաշառք են առաջարկում: Քրեորեն պատժելի արարք է համարվում թե՛ ընտրակաշառք տալը և թե՛ վերցնելը, որի համար իրավախախտը կարող է երեքից վեց տարով ազատազրկվել: Ինչու՞ են նախընտրական շրջանում (ոմանցից) հավաքել անձնագրերի տվյալները և ինչպես դրանք կարող են օգտագործել: Նախ` որևէ մեկն իրավունք չունի ձեզանից պահանջել անձնագիրը կամ դրա տվյալները, սակայն եթե արդեն տվել եք` մի անհանգստացեք: Անձնագրի տվյալները կարող են օգտագործվել միայն, եթե դուք չմասնակցեք ընտրության, և արդեն վերցված ձեր տվյալներով կարող է քվեարկել մեկ ուրիշը: Այլ դեպքերում հավաքված տվյալների միջոցով որևէ կերպ հնարավոր չէ պարզել, թե ով ում օգտին է քվեարկել, քվեաթերթիկում չի նշվում ոչ անձնագրի տվյալը, ոչ էլ ձեր անունը: Այս մեթոդի հիմնական նպատակը հոգեբանական ճնշումն է, որը շատ դեպքերում գործում է: Կա՞ն արդյոք [թաքնված] տեսախցիկներ քվեախցում: Քվեախցում տեսախցիկներ չկան, չնայած որոշ ուժեր ընտրակաշառք բաժանելիս ընտրողներին զգուշացնում են, թե քվեախցերում դրված են տեսախցիկներ և դրանց միջոցով իրենք կարող են ստուգել, թե ում օգտին են քվեարկել: Մի՛ հավատացեք, դրանք պարզապես անհիմն սպառնալիքներ են: Կարելի՞ է քվեախցում բջջային հեռախոսով նկարել քվեաթերթիկը: Վերջին խորհրդարանական և նախագահական ընտրություններում սա մեծ տարածում գտած մեթոդ էր. ընտրակաշառքը տրվում էր միայն այն դեպքում, երբ ներկայացվում էր քվեաթերթիկի լուսանկարը, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ արգելվում է քվեախցում կատարել որևէ գործողություն բջջային հեռախոսով կամ որևէ այլ սարքով լուսանկարել: Դրվելո՞ւ է արդյոք դրոշմակնիք անձնագրում: Նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկողների անձնագրում դրվում էր կնիք` հաստատելով, որ տվյալ անձն արդեն քվեարկել է, սակայն այս ընտրություններում ԿԸՀ-ն որոշեց չկիրառել այդ դրույթը: Մինչդեռ դրոշմակնքելու դեպքում մի քանի ընտրակեղծիքներ կանխվում էին, դրանցից ամենակարևորը` բազմակի քվեարկությունն էր: Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը վերջերս ասել էր, որ տարբեր համայնքների ընտրողների ցուցակներում արձանագրել են 300 քաղաքացու անուն, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթվի տվյալները կրկնվում են նույնությամբ: «Ընդ որում` կրկնվում են ոչ թե մեկ, այլ 5-10 անգամ»,- տեղեկացրել է Մուսինյանը` փաստելով, որ եթե լիներ դրոշմակնքելու սկզբունքը, այս մեթոդը հնարավոր չէր լինի հեշտությամբ կիրառել: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Ե՞րբ պետք է հայտարարվեն ընտրությունների արդյունքները: Նախնական արդյունքները կհայտարարվեն ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո: Վերջնական արդյունքները կհայտարարվեն 7 օր հետո, այսինքն` հունիսի 7-ին, երբ կավարտվի ընտրական հանձնաժողովներում քվեաթերթիկների վերահաշվարկը (եթե պահանջվի): Ո՞րն է արդյունքների բողոքարկման կարգը Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումները կարող են ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ մինչև ժամը 14:00-ը: Վերահաշվարկն իրականացվելու է հնգօրյա ժամկետում: Արդյունքները բողոքարկելու համար կարո՞ղ են դիմել Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանում վիճարկվում են միայն համապետական` նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Երևանի ավագանու ընտրությունները համարվում են տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ, և արդյունքների բողոքարկման համար կողմերը կարող են դիմել ընդհանուր իրավասության դատարան:
Other Articles in Elections
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.