Ընտրություններն ու քաղաքաշինությունը. ընտրողների մեծ մասը թերահավատ է քաղաքական գործիչների` Թամանյանի Երևանը պահպանելու խոստումների նկատմամբ

Ընտրություններն ու քաղաքաշինությունը. ընտրողների մեծ մասը թերահավատ է քաղաքական գործիչների` Թամանյանի Երևանը պահպանելու խոստումների նկատմամբ


Հյուսիսային պողոտայի վերջին մոհիկանը` նոր շինությունների մեջ կորած հին շենքը փրկություն է աղերսում` պատշգամբից կախված եռագույնով և SOS պաստառներով

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները իրենց ծրագրերում հատուկ անդրադառնում են մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրներին, որոնց մի մասը վերջին տարիներին վիճաբանությունների առարկա է դարձել:

Գրեթե բոլոր թեկնածուները նշում են, որ այսուհետ Երևանում իրականացման ենթակա բոլոր քաղաքաշինական ծրագրերում պետք է հաշվի առնվեն խոշոր քաղաքին բնորոշ առանձնահատկությունները` պահպանելով թամանյանական շունչն ու ոգին:

Այդուհանդերձ, երևանցիներից քչերն են հավատում նման խոստումներին, որոնց պակաս նախընտրական շրջանում չի զգացվում:

«Քաղաքի կենտրոնն այնպես են տձևացրել, որ նախկին Երևանից ոչինչ չի մնացել: Կառուցապատողների շահերն առաջին տեղում են, իսկ թե քաղաքն ինչպիսին կլինի` նրանց չի հետաքրքրում: Ես չեմ հավատում, որ Երևանի նոր քաղաքապետը և նոր ավագանին կարող են ինչ-որ բան արդեն փոխել»,-ասում է Երևանի հարավարևմտյան Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ Արմինե Կարապետյանը:

Իր նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ մայիսի 31-ին երևանցիներն այնպես են քվեարկելու, որ հետագա չորս տարիներին կարողանան ապրել իրենց երազած Երևանում:

«Ունենք քաղաքի գլխավոր հատակագիծ: Գործում է քաղաքաշինության խորհուրդը`ամենակոմպետենտ մասնագետներով, որոնք մեծապես որոշում են մայրաքաղաքի զարգացման հեռանկարները: Նախօրոք, հանրային հետաքրքրություն ներկայացնող յուրաքանչյուր նախագիծ տասն օր ցուցադրվելու է` ներկայացվելով հասարակության լայն քննարկմանը,- ասում է Գագիկ Բեգլարյանը: - Այս հարցում մեր դռները բաց են լինելու բոլոր սրտացավ մասնագետների, ՀԿ-ների առջև»:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը թերահավատորեն է վերաբերվում գրեթե բոլորի խոստումներին:

«Երևանի կենտրոնի կառուցապատման կնքահայրը Հանրապետական կուսակցությունն է, և դեռ փորձում է ինչ-որ բաներ խոստանա՞լ: Չեմ հավատում ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին:
Իշխանության մեջ լինելով` ոչինչ չեն արել ու հիմա փորձում են խոստանալ, որ շատ բան է փոխվելու,- ասում է Բաղդասարյանը: - Ավելի իրատեսական եմ համարում ՀԱԿ-ի առաջարկածը, հավատում եմ, որ կվերականգնեն մեր ոտնահարված իրավունքները»:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախընտրական ծրագրում նշվում է, որ 2000-2008 թթ. իրացման գոտիներում հայտնված և տուժած քաղաքացիները կստանան արդարացի հատուցում: Հատուցման կարգը և սկզբունքները կհամաձայնեցվեն տուժողների կամ նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ:

«Երևանի կառուցապատումը կիրականացվի ոչ էլիտար սանձարձակության սկզբունքով, քաղաքաշինական նորմերը չեն ստորադասվի պատվիրատուի քմահաճույքին, կբացառվեն քաղաքի «կետային» և բակային տարածքների, ընդհանուր օգտագործման կանաչ գոտիների, զառիթափ լանջերի հետագա կառուցապատումը: Կիրականացվի Երևանի կենտրոնը բեռնաթափելու համալիր ծրագիր»,- ասում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ավագանու ընտրություններում գլխավորում է ՀԱԿ ցուցակը:

«Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանն ասում է, թե որպեսզի իր նախընտրական ծրագիրը մրցակից տղամարդկանց ծրագրերից տարբեր լինի, առաջարկում է բոլոր բազմաբնակարան հարթ շենքերի տանիքներում կառուցել այգիներ, տնկել ծառեր` ստեղծելով այգիներ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար:

ՕԵԿ-ի նախընտրական ծրագրում նշվում է, որ Երևանում մասնավոր, էլիտար շինարարության մեծ մասն իրականացվել է «հողը փող է» սկզբունքով` ոչնչացնելով կանաչ տարածքներն ու զանգվածաբար ոտնահարելով քաղաքացիների իրավունքները: ՕԵԿ-ն առաջարկում է քաղաքաշինության ոլորտում ամրապնդել օրինականությունը և կանխել ապօրինի շինարարության բազմազան դրսևորումները: Չհամակարգված կառուցապատման հետևանքով մայրաքաղաքը հայտնվել է բնապահպանական աղետի շեմին, աղճատվել են Երևանի ճարտարապետական դիմագիծն ու ներդաշնակությունը:

Հայ հեղափոխական դաշնակցության ընտրական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը նշում է, որ վերջին 18 տարիներին իրականացվող չհամակարգված քաղաքաշինության, անկանոն և անվերահսկելի կառուցապատման հետևանքով Երևանը կորցրել է ընդհանուր նշանակության (928 հեկտար) ծառածածկի 40%-ը։ Զբոսայգիների, կանաչապատ տարածքների ծառահատման հետևանքով 7,5 քմ/մարդ ցուցանիշը նվազել է 4,5 քմ/մարդ ցուցանիշի, մինչդեռ, ըստ քաղաքաշինական նորմերի, այն պետք է լիներ 2600 հեկտար (21 քմ/մարդ):

«Ցավոք` Երևանի կառավարումն այսօր ընկալվում է սոսկ քաղաքային հիմնախնդիրների լուծման մակարդակում։ Քաղաքային իշխանությունների համար առաջնային են ճանապարհների կառուցումը կամ նորոգումը, սակայն որդեգրված չէ Երևանի կայուն զարգացման ռազմավարական մոտեցում»,- նշվում է ՀՅԴ նախընտրական ծրագրում:

Երևանի ծայրամասային համայնքների բնակիչներն ահազանգում են, որ իրենց համայնքներն ավելի վատթար վիճակում են, քան կենտրոնը:

«Մի քանի օր է սկսել են ասֆալտապատել համայնքի կենտրոնական փողոցները, բայց թող մի հատ մտնեն բակերն ու ներսի փողոցները ու տեսնեն` ինչ վիճակ է տիրում:
Քարոզչության շրջանում փորձում են ժողովրդի աչքը փակել, բայց հո հիմար չենք ու լավ ենք հասկանում, թե ինչու են հատկապես հիմա սկսել այս աշխատանքները»,- ասում է հարավարևելյան Էրեբունի համայնքի բնակչուհի Անահիտ Հարությունյանը:

ՀՀԿ նախընտրական ծրագրում նշվում է, թե ինչ աշխատանքներ են նախատեսում իրականացնել Երևանում:

Ժողովրդական կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Կարապետյանը նշում է, որ հատկապես խիստ կլինեն կառուցապատողների նկատմամբ, կավելացնեն կանաչ տարածքները, կվերացնեն ավտոտնակները, փոխարենը կկառուցեն ստորգետնյա կայանատեղիներ:

Սակայն Բաղդասարյանը, որն ինքն էլ քաղաքի կենտրոնի կառուցապատման ծրագրերից մեկի զոհն է, ասում է, որ քաղաքական գործիչների այս բոլոր խոստումները ծիծաղ են առաջացնում:

«Զարմանալի է: Այս քարոզչության ընթացքում ընկած մարդկանց համոզում են, թե իրենք ինչեր կանեն, եթե իրենց ընտրեն: Դա նույնն է, որ ես աշխատանքի ընդունվեմ ու խոստանամ, որ ժամը իննից կլինեմ աշխատավայրում: Խնդիրն այն է, թե այդ ամենից բացի ուրիշ ինչ են առաջարկում»,- ասում է Բաղդասարյանը:
ԱրմենիաՆաուի էջերում