Նախընտրական մաքրություն. Երևանի ավագանու ընտրություններից առաջ աշխուժացել են ասֆալտապատման, կանաչապատման և աղբահանության աշխատանքները
Քարոզարշավ` ծաղկատունկ Երևանում Ապրիլի 1-ից Երևանի քաղաքապետարանը սկսել է քաղաքի կանաչապատման, թաղային համայնքների բակային տարածքների մաքրման և բարեկարգման, ասֆալտապատման, էլեկտրասյուների տեղադրման, հների վերականգնման, նոր լապտերների տեղադրման և բակային տարածքներում ոռոգման համակարգերի վերականգնման և կառուցման աշխատանքներ: Համաձայն Երևանի քաղաքապետարանի տրամադրած տվյալների` Երևանի բոլոր համայնքներում ձևավորվել և երիտասարդացվել է 4100 ծառ: Ինչպես տեղեկացրեց քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը` գարնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի կանաչ տարածքները համալրվել են 15.000 ծառով, իսկ 9 կամուրջների վրա կախիչներով տեղադրվել են ծաղկասածիլներով ծաղկամաններ: Մայիսի 20-ին ավարտվել է կենտրոնական փողոցների ծառերի կրապատումը: Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը տեղեկացրեց, որ ապրիլի 1-ից թաղային բոլոր համայնքներում ասֆալտապատվել են բակերն ու բակեր տանող երկրորդական փողոցները: Արդեն ասֆալտապատվել է մոտ 500.000 քմ տարածք: «Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ ասֆալտապատումը կատարվում է ըստ անհրաժեշտության, այսինքն` այն հատվածներում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա»,- ասում է Բասենցյանը: Երևան քաղաքի փողոցներում և բակային տարածքներում կատարվում են նաև լայնածավալ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ: Բացի այդ, մայրաքաղաքի բակային տարածքներում և բակեր տանող երկրորդական փողոցներում 4354 նոր էլեկտրասյուն է տեղադրվել, վերականգնվել է 416 հին սյուն, տեղադրվել է 3839 նոր լապտեր։ Բասենցյանի տեղեկացմամբ` դեռևս հնարավոր չէ տրամադրել տվյալներ այն մասին, թե որքան գումար է ծախսվել քաղաքի բարեկարգման վրա, քանի որ «աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, և վերջնական թվերը հայտնի կլինեն միայն 20 օրից»: Վերջերս փիար մասնագետ Կարեն Քոչարյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում բարձրացել է ՀՀԿ-ի վարկանիշը: Փիար մասնագետը դա կապում էր «ոչ ստանդարտ կամպանիա» տանելու հետ, այսինքն` ՀՀԿ-ն կարողացել է գրագետ կազմակերպել իր անելիքները` միավորելով վարչական, մարդկային և ֆինանսական ռեսուրսները: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ, ըստ մտահղացման` քաղաքի բարեկարգումը պետք է որ ազդեր ընտրողների կարծիքի վրա, սակայն չի ազդել, քանի որ անցել են այդ ժամանակները: «Բարեկարգման աշխատանքները քաղաքապետարանի պարտականություններն են, կատարվում են քաղաքապետարանի բյուջեի հաշվին, և պետք չէ դա որպես երևանցիների համար արվող լավություն հրամցնել»,- ասում է Մեհրաբյանը: Իր քաղաքական վերլուծություններով հայտնի հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ևս կարծում է, որ ժողովրդի կարծիքի վրա դա քիչ ազդեցություն կունենա: «Մայրիկիս բակում էլ են լույսեր տեղադրել, իսկ լույս այդ բակում վերջին անգամ երևի Բրեժնևի ժամանակներում է եղել: Սակայն ես կարծում եմ, որ դա շատ քիչ ազդեցություն կթողնի ժողովրդի կարծիքի վրա»,- ասում է նա: Տեր-Աբրահամյանը կարծում է, որ ՀՀԿ-ի ընտրազանգվածը կուսակցությանն իր քվեն կտա ոչ թե քաղաքի աղբահանության կամ բարեկարգման համար, այլ ավելի շատ ընտրակաշառքի դիմաց: Իսկ Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքով` քաղաքապետարանի աշխատանքները կարող են ազդել մարդկանց քաղաքական կողմնորոշման վրա, բայց նրանց թիվը շատ քիչ կլինի: «Երևանցիների մեծ մասն այնքան գիտակից է, որ հասկանում է, որ քաղաքի մեծածավալ բարեկարգումն ընդամենը խայծ է, ընտրողները շատ լավ ծանոթ են այդ իշխանությունների բնույթին»,- կարծում է Մուսինյանը: ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին մայրաքաղաքի բարեկարգումները ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի հետ կապելն ամբողջովին անհիմն համարեց: «Ասֆալտապատման, կանաչապատման աշխատանքներն ամեն տարի կատարվում են տարվա այս ժամանակահատվածում: Քաղաքապետարանը, բնականաբար, չէր կարող դրանք հետաձգել, ասենք` մինչև հունիսի 1-ը: Քաղաքը կաթվածահար կլիներ, քաղաքացիները կդժգոհեին: Պարզապես այս պարագայում ընդդիմությունը, զգալով ավագանու ընտրություններում իր հաղթելու շանսերի բացակայությունը, ավելի ջղային է դարձել: Մենք սովոր ենք դրան, բոլոր երկրներում էլ ընդդիմությունը քննադատում է իշխանությունը»,- «ԱրմենիաՆաուին» փոխանցեց Շարմազանովը:
Other Articles in Elections
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.