Լրատվամիջոցները և քարոզարշավը. կուսակցություններն ասում են` Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման առումով հեռուստատեսությունը մեծ մասամբ չեզոք է, թերթերը` բաժանված

Լրատվամիջոցները և քարոզարշավը. կուսակցություններն ասում են` Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման առումով հեռուստատեսությունը մեծ մասամբ չեզոք է, թերթերը` բաժանված


Կուսակցությունները մեղադրում են տպագիր և էլեկտրոնային մամուլին կողմնակալության համար

Մայիսի 31-ի Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հիմնականում դժգոհ են ընտրությունների քարոզարշավի լուսաբանման որակից: Նրանց կարծիքով` եթե հեռուստաընկերությունները լուսաբանման ժամանակ հիմնականում չեզոքություն են պահպանում, ապա տպագիր և ինտերնետային թերթերի մեծ մասը բաժանվել է երկու` իշխանամետ և ընդդիմադիր թևերի և իրար բացահայտ սևացնելով է զբաղված:

Այս անգամ ընտրությունների քարոզարշավի լուսաբանման որակի ուսումնասիրությունը սահմանափակվել է միայն Հայաստանի յոթ (մեկ պետական` Հայաստանի հանրային հեռուստատեսության ու վեց մասնավոր` «Հայկական երկրորդ», «ԱԼՄ», «Արմնյուզ», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ») հեռուստաընկերությունների եթերի դիտարկմամբ:

Երևանի մամուլի ակումբի հրապարակած հեռուստաեթերի դիտարկումների առաջին և երկրորդ փուլերի արդյունքների համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող վեց կուսակցությունների և մեկ դաշինքի հիշատակումների գերակշիռ մասը եղել է չեզոք:

Սակայն տպագիր և ինտերնետային թերթերն այս անգամ դուրս են մնացել դիտարկումից, ուստի, հետագայում հնարավոր չի լինի տպագիր և էլեկտրոնային մամուլի վարքագծին մասնագիտական գնահատական տալ, սակայն ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն արդեն ունեն իրենց դիտարկումները:

Ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանի կարծիքով` տպագիր մամուլը հիմնականում զբաղված է «իրենց կարծիքը դիմացինի վզին փաթաթելով»:

«Պրոֆեսիոնալ վերլուծության գրեթե չեմ հանդիպել: Մամուլը չի կարողանում պատշաճ ներկայացնել այս ընտրությունների կարևորությունը»,- ասում է Բիշարյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` ընթերցողը «դյուրամարս սնունդ» է սիրում, իսկ վերլուծական հոդվածներ կարդում են միայն մասնագետները: Նրա խոսքով`տպագիր մամուլը չի կարողանում պատշաճ ինֆորմացիա տրամադրել ընթերցողին այս ընտրությունների կարևորության մասին:

«Թերթերը բաժանվել են երկու մասի` ընդդիմադիր և իշխանամետ: Իշխանամետ մամուլը դարձել է լոմ (լինգ) ընդդիմության գլխին, իսկ ընդդիմադիր մամուլը` լոմ (լինգ) իշխանության գլխին: Մամուլը իր ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով դարձել է քաղաքականության մասնակից և հեռացել իր իսկական առաքելությունից»,- ասում է Զոհրաբյանը, ով մինչև 2007 թ. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր դառնալը աշխատել է օրաթերթում:

Լուրջ վերլուծական հոդվածների չի հանդիպում նաև Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ԺԿ ընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Կարապետյանը: Նրա կարծիքով` իր և իր կուսակցության մասին չեն գրում ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ թերթերը:

«Իմ կարծիքով` ընդդիմադիր և իշխանամետ մամուլը մեր մասին չի գրում, որովհետև երկուսն էլ վախենում են ինձնից,- ասում է Տ.Կարապետյանը: - Մամուլը մեկին սատարելով` անտեսում է մյուսին, ես էլ ստիպված եմ իմ հեռուստաընկերությամբ` «ԱԼՄ»-ով, ելույթ ունենալ» ,- ասում է նա:

Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների դաշինքով մասնակցող Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), չնայած սեփական հեռուստաընկերություն չունի, սակայն գոհ է տպագիր մամուլի աշխատանքից: ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքով` տպագիր մամուլում և ինտերնետային թերթերում կան և բազմազանություն, և տարբեր գաղափարների բախում, ինչը, նրա կարծիքով, չկա հեռուստաեթերում:

«Հեռուստաընկերությունները հիմնականում սվաղելով են զբաղված, ինչի հետևանքով չի բարձրանում հասարակական ակտիվությունը այս ընտրությունների նկատմամբ»,- ասում է Մուսինյանը:

ՀՅԴ կուսակցության քարոզչության պատասխանատու Արտաշես Շահբազյանի կարծիքով` մամուլը խիստ քաղաքականացված է, և նրանք լուսաբանման փոխարեն քաղաքական պատվեր են կատարում:

Այս տեսակետին դեմ է ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Մուսինյանը: Նրա կարծիքով` քաղաքական պատվեր չկա, պարզապես իշխանությունները իշխանամետ թերթերի միջոցով ներկայացնում են, թե ամեն ինչ լավ է, իսկ ընդդիմադիր մամուլը ներկայացնում է այն, ինչ կա:

Ավագանու ընտրություններին մասնակցող հաջորդ` Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) ընտրական ցուցակը գլխավորող Մովսես Շահվերդյանի կարծիքով` տպագիր մամուլը խիստ խայտաբղետ է: Մամուլի պրոֆեսիոնալ մակարդակը և լրատվության կուլտուրան նրան չեն բավարարում:

«Պատճառը, գուցե, այն է, որ մամուլը, չունենալով ինքնուրույն ֆինանսական հնարավորություններ, հիմնականում միակողմանի է լուսաբանում և չի կարողանում կենցաղային մակարդակից վեր կանգնել և պատշաճ ներկայացնել այս ընտրությունների կարևորությունը»,- ասում է Շահվերդյանը:

Նրան չի բավարարում նաև նախընտրական շրջանում իրենց նկատմամբ ցուցաբերած մամուլի վերաբերմունքը, քանի որ, ըստ նրա, իրենք ոչ իշխանամետ, ոչ ընդդիմադիր կուսակցությունների նպատակների սցենարում չեն տեղավորվում:

«Գուցե հենց այդ է պատճառը, որ մամուլի կողմից մեր նկատմամբ բացասական վերաբերմունք կա: Նրանց համար գուցե մենք անցանկալի մասնակից ենք, և ուզում են մեզ դուրս մղել քաղաքական դաշտից»,- ասում է նա:




ԱրմենիաՆաուի էջերում