Ընտրելու ժամանակն է. 1995 թ. ի վեր Երևանում առաջին անգամ ընտրում են ավագանի

Ընտրելու ժամանակն է. 1995 թ. ի վեր Երևանում առաջին անգամ ընտրում են ավագանի


Կիրակի առավոտյան (08:00) Երևանում բացվեցին ընտրական տեղամասերը: Գրեթե երկու տասնամյակի ընթացքում սրանք ավագանու առաջին ընտրություններն են, որին մասնակցելու է ընտրելու իրավունք ունեցող 771,477 մարդ:

(1995 թ. ՀՀ սահմանադրության ընդունումից ի վեր Երևանի քաղաքապետին նշանակել է նախագահը: 2005 թ. սահմանադրական բարեփոխումներով, Եվրախորհրդի առաջ ստանձնած պարտավորությունների համաձայն` ուղղակիորեն ընտրված ավագանին իր հերթին կընտրի քաղաքապետ:)

Ընտրապայքարը, որին մասնակցում են յոթ քաղաքական ուժեր, ներառյալ` վեց կուսակցություն և մեկ դաշինք (տե՛ս Ընտրություններին առնչվող մանրամասներ), ոմանց կարծիքով, իշխանության ժողովրդականության ստուգատեսն է լինելու քաղաքում, որտեղ ապրում է Հայաստանի բնակչության մեկ երրորդը: Մայրաքաղաքում է կենտրոնացած նաև երկրի տնտեսական կյանքը:

Երևանի ավագանու ընտրություններն ինքնըստինքյան նաև մեկ այլ վճռական մենամարտի առիթ են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ)ցուցակը գլխավորող առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջև, որի իշխող Հանրապետական կուսակցությունը քաղաքապետի պաշտոնի համար գլխավոր թեկնածու է առաջադրել ներկայիս քաղաքապետին:

2008 թ. փետրվարի նախագահական ընտրություններում Սարգսյանն ավելի քան երկու անգամ շատ ձայն հավաքեց, քան իր գլխավոր մրցակից Տեր-Պետրոսյանը: Այդ ընտրությունները տեղացի և օտարերկրացի դիտորդները համարեցին կեղծված, և Սարգսյանի օրինականությունը հարցականի տակ դրվեց: Տասն օր անընդմեջ տևած հանրահավաքները հանգեցրին ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև բախման, որին զոհ գնաց տասը և վիրավորվեց հարյուրավոր մարդ:

Տեր-Պետրոսյանն ու նրա աջակիցները (որոնցից տասնյակ անդամներ դեռևս ձերբակալված են` 2008 թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ: Դատախազությունը փորձում է ապացուցել, որ նրանց դերակատարությունն այդ ամենում հավասարազոր է եղել պետական հեղաշրջման) քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել են, որ Երևանի ավագանու ընտրությունները իրենք համարում են որպես «նախագահական ընտրությունների երկրորդ փուլ», որը այդպես էլ չկայացավ` Սահմանադրական դատարանի կողմից Սարգսյանի բացարձակ հաղթանակը (58,2 տոկոս ձայն) հաստատելուց հետո:

Ընդդիմությունը նշել է, որ Երևանի 65 հոգուց բաղկացած ավագանիում մեծ մասը կազմելը կարող է երկրում իշխանափոխության հասնելու իրենց երկարատև ջանքերի առաջին քայլը լինել:

Մինչ այդ, Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը համոզված է ևս մեկ ընտրական հաջողության մեջ, որը նրանց հնարավորություն կտա կառավարելու նաև Երևանը: Սակայն,ի տարբերություն նախորդ (նախագահական) ընտրությունների` այս անգամ հանրապետականների մրցակիցն է նաև իրենց կրտսեր կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանը»: 2007 թ. խորհրդարանական ընտրություններում այս երկու կուսակցություններն էլ համապատասխանաբար առաջին և (թեև մեծ տարբերությամբ) երկրորդ տեղում էին,իսկ 2008 թ. նախագահական ընտրություններում սատարեցին միևնույն թեկնածուին:

Կոալիցիայի մեկ այլ անդամ` «Օրինաց երկիր» կուսակցությունը, և Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության հարցում ունեցած տարաձայնություների պատճառով դուրս եկավ կոալիցիայից ու հետ կանչեց իր անդամներին կառավարությունից և այլ կառույցներից, նույնպես մասնակցում են ընտրություններին իրենց առանձին թեկնածուներով:

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:

Վեց կուսակցություններին, այդ թվում` Ժողովրդական կուսակցությանը (որը գլխավորում է «ԱԼՄ» մեդիա հոլդինգի հիմնադիր Տիգրան Կարապետյանը), քիչ հայտնի Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությանը անհրաժեշտ է հաղթահարել 7 տոկոս շեմը, մինչդեռ մեկ ընտրական դաշինքին` Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ին, անհրաժեշտ է հաղթահարել 9 տոկոսը:

Եթե որևէ կուսակցության կամ դաշինքն հաջողվի ստանալ ձայների 40 տոկոսը, նրա ցուցակը գլխավորող թեկնածուն մեխանիկորեն կդառնա քաղաքապետ: Եթե ոչ մի կուսակցություն կամ դաշինք չստանա ձայների գերակշռող մասը, քաղաքապետ կընտրի նորընտիր ավագանին:

Առաջին պաշտոնական արդյունքները կստացվեն ընտրությունների ավարտից հետո (երեկոյան 08:00)` 24 ժամվա ընթացքում:



ԱրմենիաՆաուի էջերում