Երևանի ավագանու ընտրություններ-2009. ընդդիմությունը հայտնում է կեղծիքների մասին, իշխող կուսակցությունները պնդում են, թե ամեն ինչ կարգին է

Երևանի ավագանու ընտրություններ-2009. ընդդիմությունը հայտնում է կեղծիքների մասին, իշխող կուսակցությունները պնդում են, թե ամեն ինչ կարգին է


Այսօր առավոտյան Մալաթիա-Սեբաստիա համայնքում կարելի էր տեսնել երթուղային տաքսիների մի շարան, որոնցով ընտրողները բերվում էին ընտրատեղամաս` խախտելով ՀՀ Ընտրական օրենսգիրքը

Այսօր անցկացվող Երևանի ավագանու ընտրությունների մասին ստացվում են ծանոթ հաղորդագրություններ` բազմաթիվ խախտումների մասին պնդումներով: Այդ հաղորդագրությունները նույնքան տարբեր են, որքան մայրաքաղաքի ղեկավարությունը ստանձնելու համար բացահայտ ֆավորիտ Հայաստանի հանրապետական կուսակցության դեմ պայքարող հինգ կուսակցությունների ու մեկ դաշինքի դիրքորոշումները:

Ընտրատեղամասերը մայրաքաղաքում բացվեցին առավոտյան 8-ին, և շատ չանցած լրագրողները սկսեցին հեռախոսազանգեր ստանալ ականատեսներից ակնհայտ խախտումների մասին: Հիմնականում բողոքները վերաբերում էին տրանսպորտով մարդկանց ընտրատեղամասեր բերելուն ու զանգվածային քվեարկություններին: (ՀՀ ընտրական օրենսգրքով արգելվում է ընտրողների խմբերին տրանսպորտով տեղափոխելը:)

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) Շենգավիթ համայնքի շտաբի տեղեկատվության համաձայն` համայնքի թիվ 97 դպրոցում տեղակայված 11/31 և 11/32 ընտրատեղամասերում արձանագրվել են լուրջ խախտումներ:

Ընտրատեղամասում ընդդիմադիր դաշինքի վստահված անձ Վոլոդյա Նալբանդյանի հավաստմամբ` ժամը 8:30-ի սահմաններում մի անձ` ցուցակը ձեռքին, մտել է ընտրատեղամաս` իր հետևից հերթով մտցնելով մոտ 100 ընտրողների, որոնք բացահայտ քվեարկել են Հանրապետական կուսակցության օգտին:

Հաղորդվում է, որ Շենգավիթ համայնքի մեկ այլ` թիվ 110 դպրոցում տեղակայված 11/27 և 11/28 ընտրատեղամասերում, ժամը 9-ի դրությամբ «պարեկություն» էին անում քաղաքացիական հագուստով, սակայն լավ երևացող ատրճանակներով զինված երկու անձինք:

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) նախընտրական աշխատանքները կազմակերպող թիմի ներկայացուցիչ Արեգ Սավգուլյանի տեղեկացմամբ` կեսօրի դրությամբ իրենք դեռևս ոչ մի խախտում չեն արձանագրել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ) նույնպես «ԱրմենիաՆաուին» հայտնեցին, որ խախտումների մասին առայժմ տեղեկություններ չունեն:

Երեք լրագրողներ հայտնել են «ԱրմենիաՆաուին», որ Մ. Նալբանդյանի անվան դպրոցում գտնվող 9/1 ընտրատեղամասում հարձակման են ենթարկվել ԱԺ հանրապետական պատգամավոր Լևոն Սարգսյանի թիկնապահների կողմից:

Ընդդիմադիր «Հայք» օրաթերթի լրագրող Տաթև Մեսրոպյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ իրեն, ինչպես նաև ընդդիմադիր «Չորրորդ իշխանության» լրագրող Գոհար Վեզիրյանին և ընդդիմադիր «Ժամանակ» օրաթերթի լրագրող Մարինե Խառատյանին ծեծել են և վերցրել Խառատյանի ձայնագրիչը:

Caucasusreports.wordpress.com կայքի հաղորդմամբ` բախումը, ըստ երևույթին, սկսվել է այն բանի պատճառով, որ լրագրողները հարցրել են Սարգսյանին, թե ինչո՞ւ է նա քվեարկում այդ տեղամասում, երբ հայտնի է, որ ապրում է Արաբկիրում: Նա պատասխանել է, թե մի քանի տուն ունի և կարող է քվեարկել որտեղ ցանկանում է: Հետո նա հեռացել է, սակայն մյուսները մնացել են:

Տեղամասի նախագահ Միքայել Սամվելյանն ասել է Caucasusreports-ի լրագրողին, թե լրագրողներն են «սկսել կռիվը և պետք է հիմար հարցեր չտային»:

«ԱրմենիաՆաուի» լրագրողներից մեկն ականատես է եղել, թե ինչպես են ընտրողներին միկրոավտոբուսներով տեղափոխում Մալաթիա-Սեբաստիա համայնք: Վարորդներից մեկը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ իրենց հանձնարարել են մարդկանց տեղափոխել ընտրատեղամասեր: Թիվ 70 երթուղին պատկանում է ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

«ԱրմենիաՆաուի» մեկ այլ լրագրող 9:30-ին քվեարկել է Շենգավիթում և տեսել, որ առավոտյան` ընտրատեղամասը բացվելուց ընդամենը 90 րոպե անց, քվեատուփն արդեն առնվազն քառորդով լիքն է եղել:

ԱրմենիաՆաուի էջերում