Ընտրությունների օրվա կեսն անցել է. գրանցվել է բարձր ակտիվություն, իսկ մարզերից միկրոավտոբուսներով մարդկանց են բերում
Նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա գլխավոր մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեցին վաղ առավոտյան` ենթադրաբար` հօգուտ տարբեր թեկնածուների ԿԸՀ մամուլի խոսնակ Տաթև Օհանյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ ընտրական (պաշտոնական տվյալներով` Երևանում ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 771477 մարդ կա) ակտիվությունը գրեթե նույնքան է, որքան նախորդ` 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: (Ավանի թաղամասում, որտեղ Հանրապետական կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավոր Տարոն Մարգարյանը գործող թաղապետն է, գրանցվել է ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը` 37,65 տոկոս:) Մինչ այդ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնը նշում է, որ այսօր Գյումրուց միկրոավտոբուսներով մարդկանց բերում են մայրաքաղաք` ընտրություններին մասնակցելու: Ինչպես հաղորդվում է caucasusreports բլոգում (http://caucasusreports.wordpress.com), «ԹԻ» դիտորդ Լևոն Բարսեղյանը քաղաքապետարանի առաջ մարդկանցով լի 20 միկրոավտոբուս է տեսել: Նա ասում է, որ Գյումրու փոխքաղաքապետը Գյումրում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին ասել է, թե խումբը խորոված ուտելու է գնում: Բարսեղյանը հետևել է միկրոավտոբուսների շարասյանը, որը, ըստ նրա, ուղեկցում էին ոստիկանությունը և որը, հասնելով Երևան, բաժանվել և տարբեր ուղղություններով է շարժվել: Բարսեղյանի խոսքով` չի կարող պնդել` արդյոք միկրոավտոբուսները շարժվե՞լ են ընտրատեղամասեր, թե՞ ոչ, բայց նա գրանցել է պետհամարանիշները և հայտնել դրանք «Մարդու իրավունքները Հայաստանում» թեժ գծին: Մինչդեռ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գնահատմամբ` արձանագրված խախտումները նույնքան շատ են, որքան նախորդ ընտրություններում: ՀԱԿ-ը վաղ առավոտից մինչև կեսօր 32 ընտրախախտման դեպք է գրանցել: «Գործադրվում են նույնպիսի բռնություններ, ահաբեկումներ վստահված անձանց նկատմամբ: Իշխանական կուսակցությունները գործի են դրել բոլոր ռեսուրսները կեղծիքներ իրականացնելու համար»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Ըստ ՀԱԿ-ի տվյալների` Գյումրուց, Մարալիկից (Շիրակի մարզ) և Վանաձորից (Լոռու մարզ) միկրոավտոբուսների շարասյունով «ընտրողների» են բերել Երևան: ընդդիմությունը տեղեկացնում է, որ մեքենաները կանգ են առել Ֆուտբոլի Ֆեդերացիայի շենքի մոտ, որտեղ նրանք իջել են, ստացել ընտրելու համար անհրաժեշտ հաշվառման թերթիկները և տարվել տարբեր ընտրատեղամասեր` ընտրելու: «Սա նշանակում է, որ մարզերում գրանցված և այնտեղ ապրող մարդկանց միջոցով, կեղծիքներով որոշվելու է Երևանի ճակատագիրը»,- ասում է Մուսինյանը: Մինչ այդ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ընտրախախտման 25 դեպք է գրանցել: ՀՀԿ կուսակցության մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ ընդդիմությանը ահազանգը «զուտ մերկապարանոց հայտարարություն է»: «Շատ հնարավոր է` Երևանում գրանցված մարդիկ կան, որ Գյումրում են եղել և վերադառնում են մայրաքաղաք ընտրելու: ՀՀԿ-ն ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունի կեղծիքներ անելու, սա պարզապես նույն` աղմուկ բարձրացնելու ձեռագիրն է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Շարմազանովը: ՀԱԿ-ի հաղորդմամբ` լարված իրավիճակ է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որը, ըստ Մուսինյանի` գտնվում է պատգամավոր օլիգարխ Սամվել Ալեքսանյանի իշխանության ներքո, և որտեղ մեծ մասամբ բռնություն է կիրառվել վստահված անձանց նկատմամբ: Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը սկզբից խոչընդոտել է և ապա ծեծի է ենթարկել ՀԱԿ-ի վստահված անձ Արման Աբրահամյանին: Մեկ այլ` 7/08 ընտրատեղամասում ծեծի են ենթարկվել հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը և ՀԱԿ-ի վստահված անձը ու տեղամասից դուրս հանվել: Սակայն Արման Աբրահամյանը, խուսափելով որևէ մեկնաբանությունից, «ԱրմենիաՆաուին» ասաց, որ ամեն ինչ նորմալ է և որևէ բան տեղի չի ունեցել: Սակայն այդ տեղամասում ներկա «Ընտրությունը քոնն է» ՀԿ դիտորդական առաքելության անդամը հավաստիացրեց, որ ծեծկռտուք տեղի է ունեցել. «Պարզապես Արման Աբրահամյանին, երևի, սպառնացել ու վախեցրել են: Մարդ է և վախենում է իր կյանքի համար»,- «ԱրմենիաՆաուին» ասաց դիտորդը, որը չցանկացավ իր անունը հայտնել: Մինչ ընդդիմությունը պարբերաբար հայտարարություններ է անում տարբեր բնույթի ընտրախախտումների մասին, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների շտաբերից ասում են, որ ամեն ինչ կարգին է, ոչ մի ընտրախախտում չեն արձանագրվել: Ընթացիկ ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» գլխավոր թեկնածու Հարություն Քուշկյանը լրատվամիջոցներին հայտնեց «մաքուր ընտրությունների» մասին իր լավատեսական կարծիքը, երբ քվեաթերթիկն էր գցում քվեատուփի մեջ: Ինչպես հաղորդել են, Քուշկյանն ասել է. «Համոզված եմ` այս ընտրությունները մի քայլ առաջ են լինելու»: Հայ հեղափոխական դաշնակցությունն էլ հաղորդել է, որ ընտրախախտման մի քանի փորձ է արվել, որոնք, ըստ նրա, կանխվել են կուսակցության ներկայացուցչի կողմից: Մինչ այդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջնորդում է իշխող Հանրապետական կուսակցությունը, և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ընթացիկ ընտրություններում գլխավորում է ՀԱԿ-ի ցուցակը, ընտրել են Երևանի կենտրոնի նույն ընտրական տեղամասում` երկու ժամ տարբերությամբ: Սարգսյանը հրաժարվեց լրատվամիջոցներին որևէ մեկնաբանություն տալուց` ասելով. «Այսօր լռության օր է», մինչդեռ Տեր-Պետրոսյանն ասաց. «Բոլոր հարցերի պատասխանը կլինի վաղը»:
Other Articles in Elections
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.