Մեկ քայլ առաջ. միջազգային դիտորդներն ասում են` Երևանի ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխանում էին

Միջազգային դիտորդների փոքր խումբը հիմնականում դրական գնահատական է տվել կիրակի տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին` ասելով, որ դրանք հիմնականում եվրոպական չափանիշներին համապատասխանում էին:

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 15 դիտորդները, ովքեր մայիսի 31-ին դիտորդական առաքելությամբ Երևանում էին, ասել են. «Բացթողումներ եղել են, որոնք, գուցեև, ազդել են արդյունքների, բայց ոչ օրինականության վրա»:

«Սա մեկ քայլ առաջ էր 2008-ի սեպտեմբերին Երևանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատ»,- ասված է միջազգային դիտորդների նախնական զեկույցում:

Պատվիրակության ղեկավար, բրիտանացի Նայջել Մերմագենը նշել է, որ դիտորդների խումբը հասցրել է այցելել 200-230 ընտրատեղամաս` այնտեղ մնալով 5 րոպեից մինչև երկու ժամ:

«Մենք, անշուշտ, հաշվի ենք առնում, որ մեր ներկայությամբ կարող էին դադարեցնել անօրինական գործողությունները, սակայն հնարավորության դեպքում մենք նորից, անսպասելիորեն վերադառնում էինք այն ընտրատեղամասերը, որտեղից ահազանգեր էինք ստանում: Սա առավելագույնն է, որ կարող էինք անել մեր քիչ ռեսուրսներով»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մերմագենը:

Նախնական զեկույցը չի պարունակում որևէ տվյալ խախտումների մասին: Ըստ Մերմագենի` դեռ շատ վաղ է խոսել մանրամասների մասին, իսկ վերջնական զեկույցը դիտորդները պատրաստվում են ներկայացնել հոկտեմբերին` ԵԽԽՎ լիագումար նիստի նախօրեին:

Դիտորդական առաքելության 9 անդամները և ԵՄ 3 ներկայացուցիչները Երևան էին եկել մայիսի 27-ին` դիտարկելու նախընտրական շրջանում տեղի ունեցող գործընթացները, որոնց ընթացքում, ըստ Մերմագենի, ստացել են բավական ահազանգեր:

«Նախընտրական շրջանում կային մտահոգություններ, որոնց մի մասը մեր հանդիպումների ընթացքում փարատվեց, որոշ մասն էլ հաստատվեց, և դրանք հետագայում տեղ կգտնեն մեր վերջնական զեկույցում»,- ասաց Մերմագենը:

ԱրմենիաՆաուի էջերում