Հետնապահները. Մինչ հաղթողները տոնում են հաջողությունը, պարտվողները քննադատում են Երևանի ավագանու ընտրությունների անցկացումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների նախնական արդյունքներով` չորս կուսակցություն` «Օրինաց երկիր» (ՕԵԿ), Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական (ՀԱՍԿ) և Ժողովրդականը (ԺԿ), չեն հաղթահարել 7 տոկոսանոց պարտադիր շեմը: Իշխող Հանրապետական կուսակցությունը ձայների մեծամասնությամբ առաջին տեղում է: Երկրորդ և երրորդ տեղերում (մեծ տարբերությամբ), համապատասխանաբար` նրա կրտսեր կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանը» և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) են: Քվեարկությանը մասնակցած 412264 ընտրողներից ՕԵԿ-ին ընտրել է 20959 մարդ, ՀՅԴ-ին` 18648, ԺԿ-ին` 8569 և ՀԱՍԿ-ին` 1951 մարդ: ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանն անցկացված ընտրություններն առուծախի ու տոնավաճառի հետ համեմատեց, որտեղ բոլոր ձայները գնված էին: «Դժգոհ եմ ընտրություններից: Համարում եմ, որ համատարած փող է բաժանվել: Համեմատում եմ ընտրություններն առուծախի հետ: Այն ամենը, ինչ երեկ եղել է, ոտքից գլուխ տոնավաճառ է, որտեղ ձայներ էին գնում կոալիցիոն կուսակցությունները»,- «ԱրմենիաՆաուին» ասել է Կարապետյանը: Ամենաքիչ թվով ձայն ստացած ՀԱՍԿ-ի առաջնորդ Մովսես Շահվերդյանը ընտրությունները բնութագրում է որպես անազնիվ, անարդար ու անորակ, իր խոսքով` այնպիսին, «ինչպիսին դրանք իրականում եղել են»: «Այն տեղամասում, որտեղ ես եմ ընտրել` 145-րդ դպրոցում, մեր վստահված անձը մինչև օրվա երկրորդ կեսը 20 ձայն էր հաշվարկել, այնինչ օրվա վերջի հաշվարկով մեզ ընդամենը 10 ձայն էին տվել»,- ասաց Շահվերդյանը: «Խնդիրը սակայն դա չէ, այլ երևույթը: Մենք ոչ թե վատ ենք զգում, որ չենք անցել, մյուսներն են անցել, այլ որ ընտրությունները նման ձևով են անցկացվել, նման ընտրություն չի կարելի անցկացնել, քանի որ կարող է մեր պետականության վերջին հասցնել»,- հավելում է նա: Չորրորդ հետնապահ «Օրինաց Երկիր» կուսակցությունը դեռ հաղորդագրություն չի տարածել: Ստացած ձայների թվով հինգերորդ տեղում գտնվող, 10 տարի իշխանության մաս կազմող ու ընտրություններից երկու ամիս առաջ` ապրիլին, իշխող կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն իրենց տեղեկատվության պատասխանատուի փոխանցմամբ` «նիստերի մեջ է» ու դեռ որևէ հայտարարություն չի պատրաստել: Ընդդիմադիր 18 կուսակցությունից բաղկացած Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) դաշինքը, որը 69871 ձայնով հաղթահարել էր 9 տոկոսի պարտադիր շեմը, նույնպես «խայտառակ» խախտումներով, ահաբեկության ու բռնության մթնոլորտում անցած է բնութագրում երեկվա ընտրությունները: «Իշխանությունը հերթական անգամ ցույց տվեց իր կրիմինալ դեմքը երեկ գիշեր: Քրեական աշխարհը՝ Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ, Մալաթիայում նույնիսկ ծեծել ու առևանգել է լրագրողների, վստահված անձանց, դիտորդների»,- երեկ գիշեր` ընտրություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել էր համակարգող Լևոն Զուրաբյանը: Նախնական տվյալներով` առաջատարը Հանրապետական կուսակցությունն է 190171 (47,3 տոկոս), երկրորդ տեղում` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (91141 ձայնով, 22,7 տոկոս):
Other Articles in Elections
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.