Նախագահ Սարգսյանը խորհրդակցում է համաներման շուրջ

Նախագահ Սարգսյանը խորհրդակցում է համաներման շուրջ


Հունիսի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրավապահ համակարգի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Հայաստանում համաներում հայտարարելու առաջարկով հանդես գալու հարցի վերաբերյալ:

Այս մասին հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը:

«Ի հավելումն բոլոր քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին և Հանրային խորհրդին` համաներում անցկացնելու անհրաժեշտության և պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու` մայիսի 28-ին հնչեցված կոչին, Սերժ Սարգսյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է մինչև սույն թվականի հունիսի 15-ը համաներման պայմանների և իրավական ընթացակարգերի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները»,- նշված է հաղորդագրության մեջ. - ՀՀ նախագահի աշխատակազմին հանձնարարվել է նշված ժամկետում ամփոփել նաև քաղաքական ուժերից, գործիչներից և Հանրային խորհրդից ստացված առաջարկությունները»:

2008 թ. հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված տասնյակ ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների համար հնարավոր համաներման վերաբերյալ ակտիվ քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մոտ երկու շաբաթ առաջ նախ հայտարարել էր, թե մայիսի 28-ին նախագահը համաներում կհայտարարի, ապա փաստորեն հանդես էր եկել հերքմամբ:

Մայիսի 28-ին նախագահ Սարգսյանը այնուամենայնիվ կոչ արեց երկրի քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, հանրային խորհրդին` համաներման անհրաժեշտության և դրա պայմանների մասին իրենց առաջարկությունները ներկայացնել նախագահական նստավայր:



ԱրմենիաՆաուի էջերում