Փոխելով շրջապատն ու վերաբերմունքը. «ԷյԹիՓի»-ն տոնում է իր հաջողությունների 15-ամյակը ՀայաստանումԾրագիրը (www.armeniatree.org) գործում է 1994-ից` նպատակ ունենալով վերականգնել այն տարածքների կանաչ հատվածները, որոնք ոչնչացվել էին Հայաստանի անկախացման առաջին տարիների էներգետիկ ճգնաժամի հետևանքով, երբ մարդիկ ցուրտ ձմռանը տաքանալու համար կտրում էին ծառերը: «ԷյԹիՓի»-ն, որը գրասենյակներ ունի ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Ուոթերթաուն քաղաքում և Երևանում, հաջողությամբ պայքարում է անապատացման դեմ կենսաբանական առումով բազմազան ու վտանգված Կովկասի տարածաշրջանում: Կազմակերպության Երևանի գրասենյակը, որն ունի 80-ից ավելի աշխատողներ, պատրաստվում է նշելու իր 15-րդ տարեդարձը հավակնոտ նախաձեռնությամբ` մինչև տարեվերջ տնկել 1 միլիոնից ավելի ծառ: «ԷյԹիՓի»-ի ծրագրերը 2004-ին ընդլայնվեցին` զարգանալով երեք ուղղություններով` աղքատության նվազեցում, լայնածավալ անտառապատում և անտառվերականգնում, բնապահպանական կրթություն այն գյուղական համայնքներում, որոնք առանձնապես կարիքավոր էին ու տուժել էին անտառների ոչնչացումից: Միայն այդ տարվա ընթացքում տնկվեց 500.000 ծառ: «ԷյԹիՓի»-ի հիմնադիր Քերոլին Մյուգարի խոսքով` այդ ժամանակ պարզ դարձավ, որ միայն հանրային տարածքների վերականգնումը բավարար ազդեցություն չի ունենա անապատացման հարաճուն խնդրի լուծման վրա: «Այդ ժամանակ` ընդամենը 5 տարի առաջ, ես մեր անձնակազմին առաջադրեցի նախաձեռնել մի ծրագիր, ըստ որի` մինչև 2015 թ. կազմակերպությունը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առնչությամբ պետք է տնկի ընդհանուր առմամբ 15 միլիոն ծառ` Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր զոհի համար տասական ծառ»,- ասաց Մյուգարը: «ԷյԹիՓի»-ն իր գործունեության 15 տարվա ընթացքում Հայաստանի շուրջ 800 վայրերում տնկել ու վերականգնել է ավելի քան 3 միլիոն ծառ` ծառատնկման ծրագրերում հարյուրավոր աշխատատեղեր ստեղծելով հայաստանցիների համար: Այդուհանդերձ, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով` Հայաստանում ծառատնկման ծավալները հեռու են բավարար լինելուց: Նա բերում է վիճակագրական տվյալներ այն մասին, որ ԽՍՀՄ տարիներին տարեկան տնկում էին 3000 հա ծառ, իսկ այժմ`100: «Ճգնաժամի տարիներից հետո շատ ավելի մեծ թվով ծառեր են հատել, սկսել են արտահանել այնպիսի ծառատեսակներ, ինչպիսին են կաղնին ու հաճարենին»,- ասում է Սանասարյանը: «Մենք գիտենք, որ ծառահատումները շարունակվում են տարբեր վայրերում, բայց փորձում ենք գոնե ծառեր տնկելով և երիտասարդ սերնդին կրթելով մեղմել այդ խնդիրը»,- ասում է «ԷյԹիՓի»-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Բելլա Ավետիսյանը: Կազմակերպությունը նաև վավերագրական ֆիլմեր է նկարահանում ` նպաստելով մարդկանց բնապահպանական կրթությանը: Նկարահանվել է 13 ֆիլմ, որոնցից 2-ը հիմնադրամի իրականացրած կանաչապատման և բնապահպանական կրթության ծրագրերի մասին են: Վերջերս նկարահանվել է նաև մուլտֆիլմ այն մասին, թե ինչպես են կենդանիները պահպանում իրենց բնակության վայրը: Վերջին ֆիլմը նկարահանվել է այս տարի և նվիրված է «ԷյԹիՓի»-ի 15-ամյակին: «Ամեն մի ծառ…» 15 րոպեանոց ֆիլմը նվիրված է ծառատունկի և բնապահպանական կրթության ծրագրերին: «Ես անձամբ ուղեկցել եմ նկարահանող խմբին «ԷյԹիՓի»-ի երեք տնկարաններ, երկու կրթական կենտրոններ և տասնյակ տնկավայրեր և կարծում եմ, որ նոր վավերագրական կինոնկարն արծարծում է մեր կազմակերպության իրականացրած ծառատունկի, աղքատության նվազեցման և կրթական ծրագրերի բոլոր հույզերն ու ազդեցությունը»,- ասում է «ԷյԹիՓի»-ի գործադիր տնօրեն Ջեֆ Մասարջյանը: «Թեև մեր 15-րդ տարեդարձն է, սակայն այս տարին շատ դժվար էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով: Չնայած դրան, մենք ամեն ինչ անում ենք կազմակերպության հետ համագործակցող գործընկեր ընտանիքների աճեցրած տնկիները գնելու ու տնկելու ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար»: Բնապահպան Մարիամ Սուխուդյանը, որն ակտիվորեն պայքարում է Թեղուտի անտառների հատման և նրա տեղում նոր հանքավայր շահագործելու դեմ, կարծում է, որ նման ֆիլմերը պայքարի և նպատակին հասնելու արդյունավետ միջոց են: «Ընկերներս և ես պատրաստ ենք այդ ֆիլմերը տարբեր փառատոների և այլ միջոցառումների միջոցով հասարակության սեփականությունը դարձնել»,- ասում է նա: Ապրիլին Պրահայում կայացած Energy Globe մրցանակաբաշխությունում «ԷյԹիՓի» բարեգործական հիմնադրամը ճանաչվել է ազգային հաղթող` «Միտք սերմանելը նույնն է, թե ծառ տնկես» ծրագրով, որն ուսուցիչների համար նախատեսված գործնական աշխատանքների ձեռնարկ է:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.