Առաջին զանգն ազդարարում է ծախսերի ժամանակը. հայ ծնողները ոչինչ չեն խնայում իրենց դպրոցականների համար
Ուսումնական տարվա սկիզբը մեծ հուզումներ է բերում երեխաներին և մեծ ծախսեր` նրանց ծնողներին Միջին հաշվարկով` 100-150 դոլար է անհրաժեշտ դպրոցական մեկ երեխայի համար, ներառյալ` դասագրքերն ու հագուստը, իսկ ավագ դպրոցի աշակերտի համար այդքան գումար ծախսվում է միայն մեկ հագուստի համար: Էջմիածնի (Արմավիրի մարզ) բնակիչ 37-ամյա Հասմիկ Մկրտչյանը, օրինակ` նման մայրերից է, որը նույնիսկ գումար (50000 դրամ` մոտ 135 դոլար) է պարտք վերցրել, որ դպրոցական երեք երեխաների համար հագուստ ու պայուսակ գնի: «Տետր դեռ չեմ առել, քանի որ անցյալ տարի գնել էի, բայց պարզվեց, որ դպրոցում իրենց տետրերն են բաժանում, ու մենք ստիպված վճարեցինք նաև դպրոցի տետրերի համար,- ասում է տիկին Հասմիկը: - Գրենական պիտույքներն ընդամենը 3000 դրամի եմ առել` սկզբնական շրջանի համար»: «Դպրոցներում նոր օրենք են հանել` պահանջում են միայն իրենց տետրերը: Թե էս ի՞նչ պետություն է, մի տետրը 350 դրամ (մոտ 0,95 դոլար) արժի»,- հավելում է նա: Ընդհանրապես, ուսումնական տարվա սկզբին ընդառաջ աշխուժանում են նաև առևտրականներն ու թանկացնում գրենական պիտույքների գները: Այսպես, հասարակ տետրը 30 դրամից (մոտ 0,08 դոլար) սեպտեմբերի նախօրեին դարձել էր 45-50 դրամ (մոտ 0,12-0,13 դոլար), ընդհանուր տետրը` 200-ից 240-350 դրամ (մոտ 0,54-ից մինչև 0.64-0.94 դոլար)՝ կախված որակից: «Բայց, դե, դրսում (դպրոցից դուրս) էլ էժան չեն վաճառում: Օրինակ` տղայիս օրագիրն անցյալ տարի մայիսին դրսից էի գնել` 450 դրամով (մոտ 1,21 դոլար), իսկ աղջիկներիս համար օգոստոսի կեսին խանութից եմ գնել, յուրաքանչյուրը` 800 դրամ (մոտ 2,16 դոլար)»,- ասում է Հասմիկը: Վերջին մի քանի տարիներին հանրապետության բազմաթիվ դպրոցներում է սեփական տետրերը դպրոցականների վրա վաճառելու պրակտիկան կիրառվում: Իրականում դպրոցն այդ տետրերը չի արտադրում, պարզապես գնում են ու վերավաճառում դպրոցականների վրա` պատճառաբանելով, թե լավ որակի են ու հարմար գրելու հարմար: Երևանի մի քանի դպրոցներում էլ մայիսին, երբ աշակերտները գնում են ամառային արձակուրդ, զգուշացրին, որ սեպտեմբերի համար տետր չգնեն: Իրականում տետր ավելի մատչելի կարելի է գնել: Դպրոցներում, որտեղ իրենց տետրերը չեն պահանջում, օրինակ` Ավան համայնքի թիվ 171 դպրոցում, հնարամիտ ծնողները հաջողում են ավելի քիչ գումար ծախսել գրենական պիտույքների վրա: 32-ամյա Նադյա Մուրադյանը 7-րդ դասարանցի որդու համար տետր, պայուսակ ու գրենական պիտույքներ է գնել Երևանի մեծածախ շուկաներից մեկում` Սուրմալուում և ծախսել է ընդամենը 6000 դրամ (մոտ 16 դոլար): «Այնտեղ 80 էջանոց 1 տետրը, օրինակ` 60 դրամով (մոտ 0,16 դոլար) ավելի թանկ է, քան մեզ մոտ` Ավանում: Ես 5 տետրի մեջ 300 դրամ եմ տնտեսել (մոտ 0,8 դոլար)»,- ասում է Նադյան, որը նաև հագուստի վրա է քիչ գումար ծախսել` 4000 դրամ (մոտ 11 դոլար): «Տղաս կոշիկ ուներ, չեմ գնել: 5000 դրամ էլ (մոտ 13 դոլար) դասագրքերի վրա եմ ծախսել ու ընդհանուր առմամբ 15000 դրամ եմ (մոտ 40 դոլար) ծախսել»,- իր ծախսածի վերջնահաշվարկն է ներկայացնում մեկ դպրոցականի մայրը: Դպրոցում տրվող յուրաքանչյուր դասագիրքը 330-400 դրամ է (մոտ 0,9-1 դոլար): Այս գումարը ծնողը վճարում է դասագիրքը մեկ տարի օգտագործելու համար: Իսկ այն դեպքում, երբ որոշ դասագրքեր գրադարանում չեն լինում, ու դրանք հարկավոր է գնել, յուրաքանչյուր գրքի վրա ծախսվում է առնվազն 1000 դրամ (մոտ 3 դոլար), ընդ որում` ծնողները գնում են առնվազն մեկ, իսկ երբեմն` 2-3 դասագիրք: 28-ամյա Լուսինե Ադամյանը տղային առաջին դասարան ուղարկելու համար արդեն իսկ ծախսել է ավելի քան 100000 դրամ (մոտ 270 դոլար): «Անկեղծ ասած` չէի սպասում, որ այսքան գումար կծախսեմ,- ասում է Լուսինեն,- բայց առաջին երեխադ է, ուզում ես ամեն ինչից լավն առնել, գնում ես նորմալ խանութ: Պայուսակի համար վճարել եմ 18000 դրամ (մոտ 48 դոլար), գրենական պարագաների համար` 25000 (մոտ 67 դոլար): Կոշիկը գնել եմ 18000 դրամով (մոտ 48 դոլար), իսկ կոստյումը (դպրոցական համազգեստը) նվեր ենք ստացել, թե չէ, պատկերացնում եմ` մի կլորիկ գումար էլ դրա վրա կծախսվեր: Դպրոցի ուսման առաջին ամսվա վարձն էլ 30000 դրամ (մոտ 81 դոլար) է»:
Other Articles in Կրթություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.