Նոր փուլ հայ-թուրքական հարաբերություններում. ֆուտբոլային դիվանագիտությունը տեղափոխվել է վոլեյբոլի հրապարակԵրկու երկրներն իրարից բաժանող ներկայիս սահմանը կարծես ձգված վոլեյբոլի ցանց լինի, որի երկու կողմից թիմերը փորձում են հարձակում գործել: Նախաձեռնությունը մի թիմից մյուսին է անցնում, սակայն, ընդհանուր առմամբ, առավել ագրեսիվ են թվում թուրքերը: Գրեթե ամեն շաբաթ թուրքական դիվանագիտական թիմը հայտարարում է, որ անհնար է Անկարայի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատել, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան խնդիրը`Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու ճանապարհով: Անցյալ շաբաթ նման դիրքորոշում է դրսևորվել Թուրքիայի կառավարության հրատարակած «Ղարաբաղը օսմանյան փաստաթղթերում» գրքի տեսքով: 700 էջանոց գիրքը հրատարակվել է Թուրքիայի կառավարության պետական պահոցի վարչության կողմից և կոչված է «ապացուցելու», որ դեռ օսմանյան արխիվներում Լեռնային Ղարաբաղը համարվել է Ադրբեջանի մաս: Գրքի հեղինակները միտումնավոր անտեսել են այն փաստը, որ ընդհուպ մինչև 1918 թ. «Ադրբեջանի»` որպես պետական կազմավորման անվանում գոյություն չի ունեցել: Այդուհանդերձ, ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» թերթը, «գրքի հրատարակումը Ադրբեջանի հասցեին ուղղված կարևոր ժեստ էր»: Հայկական թիմն այդ հարձակմանը նույնպես պատասխանել է թերթով: «Անկարան Երևանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը չպետք է պայմանավորի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ»,- ճապոնական «Իոմիուրի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Անկարան և Երևանը պայմանավորվել են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, սակայն մենք մտադիր ենք շարունակել 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու գործընթացը»,- ընդգծել է նախարարը: Թուրքայի պատասխանը երկար սպասել չտվեց: Օրերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կոչ արեց հայերին մոռանալ իրենց ցավի և պատմության մասին` «պայծառ ապագա» կառուցելու նպատակով: «Թուրքիան ցանկանում է բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, և այդ համատեքստում հայտարարում եմ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին, որ մենք ցանկանում ենք բոլոր հայերի հետ լավ հարաբերություններ հաստատել,- նշել է նախարարը: - Բայց եթե բոլորը սկսեն պատմել իրենց ցավի և պատմության մասին, մենք չենք կարող միասին խաղաղություն և ապագա կառուցել: Հրաժարվեք ձեր միակողմանի պատմական քարոզչությունից: Ես էլ գիտեմ իմ պապերի ցավը»: Խոսելով Հայաստանի շրջափակման մասին`Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է. «Տարածաշրջանում Թուրքիան հանդես է գալիս բոլոր տեսակի շրջափակումների դեմ, սակայն Հայաստանը «զավթել» է Ադրբեջանի հողերը և տեղահանել բնակիչներին, և այդ համատեքստում է իրականացվել մեր շրջափակումը»: «Քենի» վերլուծական կենտրոնի քաղաքագետ Գարեգին Գաբրիելյանը այսպես է մեկնաբանում Թուրքիայի իշխանությունների որդեգրած դիրքորոշումը: «Միջազգային կառույցները հիացմունքով ընդունեցին հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փաստը: Սակայն դա նվաստացուցիչ փաստաթուղթ է առաջին հերթին Թուրքիայի և հենց միջազգային հանրության համար, քանի որ ժամանակակից պատմությունը գիտի հակամարտությունների կարգավորման առավել քաղաքակիրթ ձևեր: Հայերի գիտակցության մեջ արմատավորելով «անցյալը մոռանալու և ապագային նայելու» կոշտ վեկտորի համատեքստում ավելի ողջախոհ և բնական է թվում նման «հրեական հարցի» առնչությամբ որդեգրած ժամանակակից Գերմանիայի դիրքորոշումը»: Քաղաքագետի կարծիքով` միշտ պետք է հիշել, որ գերմանաիսրայելական վստահության վերականգնման գրավականը կանցլեր Կոնրադ Ադենհաուերի հնչեցրած Գերմանիայի պաշտոնական հրաժարումն էր ազգային-սոցիալիստական անցյալից, Հոլոքոստի և արվածի համար սեփական մեղքի ճանաչումը: «Թուրքիայում նման բան տեղի չի ունենում»,- ընդգծում է քաղաքագետը: Գաբրիելյանը հիշեցնում է, որ դեռ 1952 թ. Լյուքսեմբուրգում ստորագրվել է Իսրայելում նոր կյանք սկսելու համար հրեա փախստականներին ֆինանսական օգնություն հատկացնելու առաջին համաձայնագիրը, վճարվել է առաջին 90 մլրդ գերմանական մարկը, սակայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են միայն 1965 թ.: Գերմանիայի գրեթե բոլոր հաջորդ ղեկավարները նրբանկատ դիրքորոշում են ունեցել. 1970 թ. դեկտեմբերին աշխարհով մեկ տարածվեց Վարշավայի նախկին գետտոյում հայտնի հուշահամալիրի առաջ ծնկի իջած կանցլեր Վիլլի Բրանդտի լուսանկարը: 2000 թ. հուլիսի 6-ին Բունդեստագը օրենք է ընդունել «Հիշատակ: Պատասխանատվություն: Ապագա» հիմնադրամ ստեղծելու մասին, որի նախաձեռնողներն էին այն ժամանակ գործող կանցլեր Գերհարդ Շրյոդերը և Գերմանիայի արտգործնախարար Յոշկա Ֆիշերը: «Այդպես Գերմանիայի իշխանությունները միանշանակ հասկացրին, որ քաղաքակիրթ աշխարհում անհնար է առանց անցյալը գիտակցելու ապագան ընկալելը, մինչդեռ Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում է անցյալը մոռանալու անհրաժեշտության մասին,- ընդգծում է Գաբրիելյանը: - Երևի «գերմանական ընկալման» մակարդակին հասնելու համար ոչ թե յաթաղան է պետք, այլ Գյոթե ու Շիլեր սերել»: «Չէր խանգարի, որ տարածաշրջանում առկա տարաձայնությունների շուտափույթ և արդար կարգավորման համար պայքարող միջազգային հանրությունը հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին ոգևորությամբ հավանություն տալու փոխարեն Ադրբեջան և Թուրքիա արտահաներ խնդիրները լուծելու քաղաքակիրթ ձևեր»,- ամփոփում է փորձագետը:
Other Articles in Վերլուծություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.