Աշխարհաքաղաքականության խաչմերուկում. հայ-թուրքական հարաբերությունները Մերձավոր Արևելքի ֆոնի վրա
Նոր իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիան փորձում է ներկայանալ որպես ղեկավարող օղակ ոչ միայն ու ոչ այնքան թուրանական, որքան իսլամական աշխարհում: Ընդ որում` Թուրքիայի իշխանությունների նոր քաղաքականությունն աջակցություն է ստանում բազմաթիվ մահմեդական պետությունների կողմից` միաժամանակ հարուցելով Թուրքիայի ավանդական տարածաշրջանային դաշնակցի` Իսրայելի զայրույթը: Տարածաշրջանում պարադոքսալ իրավիճակ է տիրում: Այսօր թվում է, թե Իրանը և Թուրքիան անբաժան ընկերներ են, իսկ Թուրքիան և Իսրայելը` անհաշտ թշնամիներ: Դեռ մի քանի տարի առաջ քչերը կարող էին կանխատեսել նման բան: Փոփոխություններն սկսվեցին 2007 թ. անցկացված խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի իսլամական ուժերի սենսացիոն հաղթանակով: Այդ ընտրությունների արդյունքում երկրի իշխանությունը կենտրոնացել է իսլամիստ- ընկերների` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահ Աբդուլլահ Գյուլի ձեռքում: Հենց այդ տանդեմը և սկսեց փոխել քաղաքական կուրսը, որի հայրերը նախ` երիտթուրքերն էին (1908 թ.-ից ), ավելի ուշ` հանրապետական աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: 2007 թ. շատ քաղաքագետներ կանխատեսում էին Թուրքիայում հերթական զինված հեղաշրջման անխուսափելիությունը: Նման սցենարն ավանդական է այս երկրի նորագույն պատմության համար, երբ բարձրաստիճան սպայակազմը միջամտում է երկրի ներքին կյանքին հենց իրական սպառնալիքների առաջացման շրջանում, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և Քեմալ Աթաթուրքի հռչակած սկզբունքները: Սակայն, հինգերորդ հեղաշրջում Թուրքիայում տեղի չունեցավ: Այդուամենայնիվ, գլխավոր շտաբի ներկայացուցիչները ներկա չեն եղել Աբդուլլահ Գյուլի երդմնակալության արարողությանը, ամբիոն բարձրանալով նախագահին պատիվ չեն տվել: «Մենք ուշադիր կհետևենք Գյուլի յուրաքանչյուր քայլին,- նախազգուշացրել է Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Մուստաֆա Օզյուրեկը: - Մենք կվերահսկենք նրա հավատարմությունը հանրապետությանը»: Այս իրողություններից ելնելով` որոշ քաղաքագետներ դեռևս չեն բացառում գլխավոր շտաբի միջամտությունը և հերթական զինված հեղաշրջման հնարավորությունը: Երբ Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել իրենց ժողովրդին, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները նույն զգացմունքներն են առաջացրել Թուրքիայում և Հայաստանում, դա իրականում ճշմարտություն է: Թուրքիայի արձագանքը արձանագրություններին, նախևառաջ, քաղաքական դաշտի երկու բևեռների միջև հակամարտության հետևանք է, իսկ անհաշտ զգացմունքների դրսևորման ամենահարմար մեխանիզմը ազգային հարցն է: Դրա վկայությունը Թուրքիայի խորհրդարանում քրդական հարցի քննարկման ընթացքում ծեծկռտուքն էր: Երկրի իշխանությունները լսումներն անցկացրին նոյեմբերի 10-ին` Մուսթաֆա Քեմալի մահվան հերթական տարելիցի օրը, ինչն արդեն սադրիչ քայլ էր: Ընդդիմադիր պատգամավորները նիստերի դահլիճ էին եկել ցուցապաստառներով, քննարկումները վերածելով ցույցի, կտրուկ հակադարձում էին ելույթ ունեցողներին` նախ լեզվակռվի մեջ մտնելով, ապա ծեծկռտուք սարքելով: Քեմալիստների պաստառներին գրված էր. «Մեր Աթաթուրք, կպաշտպանենք քո թողած ժառանգությունը», «Հանրապետությունը ստեղծել ես դու, իսկ մենք այն կպաշտպանենք», «Գնում ենք Աթաթուրքի հետքերով» և այլն: «Թուրքիայի ներկայիս իշխանությունները երբեք չեն ընդունի Հայոց ցեղասպանությունը` ելնելով ոչ միայն մի շարք ավանդական նկատառումներից,- ընդգծում է մոսկվացի քաղաքագետ Սամվել Նազարյանը: - Սակայն մի նկատառում կա, որը ոչ մի կերպ «ավանդական» չես կոչի: Ինչպես էլ որ անվանեն «20-րդ դարասկզբի իրադարձությունները», իրենք` իսլամիստները, համոզված են, որ այդ իրադարձությունների հետևում այլ ուժեր էին կանգնած` հրեական ծագումով նույն երիտթուրքերը, նույն մասոնները, ինչպես անվանում էր նրանց սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը»: Սուլթան Աբդուլ Համիդին տապալած երիտթուրքերը անթաքույց ի ցույց էին դնում իրենց քամահրանքը մահմեդականության և, հատկապես, իսլամ հիմնադրած արաբների նկատմամբ: Երիտթուրքերի կուսակցության ականավոր գաղափարախոսներից մեկը` Ջելալ Նուրին գրում էր. «Թուրքական մարտական ձին ավելի լավն է, քան որևէ այլ ազգի մարգարե: Արաբները Թուրքիայի դժբախտությունն են»: Եվ ահա այսօր ներկայիս Թուրքիայի իշխանությունը փորձում է երկիրը վերադարձնել 20-րդ դարասկզբի «գաղափարախոսության միջավայր»: Այլ խոսքով` «հին» կամ «իսկական թուրքերը», իսլամիստների կարծիքով` չեն մասնակցել «հայկական», «քրդական», «արաբական» իրադարձություններին, ուստիև մտադիր չեն ընդունել «ուրիշի մեղքը»: Այսպիսով, ներկայիս Թուրքիայի իշխանությունները վիթխարի ջանքեր են գործադրում` ոչ միայն և ոչ այնքան թուրանական, որքան իսլամական աշխարհում իրենց երկրի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ, և առիթը բաց չեն թողնում ցուցադրաբար դեմ արտահայտվելու Իսրայելի քաղաքականությանը և ընդհանրապես հրեա ժողովրդի: Հենց այս հանգամանքով էին պայմանավորված անցյալ տարի ԱՄՆ-ի մի շարք հրեական կազմակերպությունների կողմից օրենսդիր իշխանությանն ուղղված դիմումները `«հայկական բանաձևն» ընդունելու խնդրանքով: Պատահական չէ, որ վերջերս ԱՄՆ նախագահի ընտրությունների նախկին հանրապետական թեկնածու Ջոն Մակքեյնը հանդես եկավ մի հայտարարությամբ, որն ամենաքիչը նրանից էին սպասում: «Համոզված եմ, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել, և դա ապացուցող բազմաթիվ փաստաթղթեր կան»: Ամենայն հավանականությամբ, Մակքեյնի «Հայոց ցեղասպանությունն իրողություն է» հրամայականի համար կանաչ լույս է վառվել թուրք-հրեական և թուրք-իրանական հարաբերությունների հակասական աշխարհաքաղաքականության խաչմերուկում:
Other Articles in Վերլուծություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 8 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.