Խաղալիք, համակարգիչ, բջջային հեռախոս և ավելին. հայ երեխաների նամակները Ձմեռ պապի

Խաղալիք, համակարգիչ, բջջային հեռախոս և ավելին. հայ երեխաների նամակները Ձմեռ պապի

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Սրանք, իհարկե, այն չեն, բայց, դե, էլի «Հզոր ռենջերներ» են:

4 տարեկան Անի Գրիգորյանը մայրիկի օգնությամբ նամակ է գրում Ձմեռ պապիկին:

«Ձմեռ պապիկ ջան, ես ուզում եմ վարդագույն, բմբուլով, ուլունքով, կրունկով կոշիկ բերես ինձ: Մեկ էլ` ավտոմատ»,- իր ցանկությունների շարանն է ավարտում Անին: Վերջին նվերը, հուսով ենք, խաղալիք է:

Նրա մայրը` 31-ամյա Արփինե Կարապետյանը, փակում է ծրարն ու փոքրիկ դստերը հավատացնում, որ ուղարկելու է Ձմեռ պապին. «Այս տարի բախտս բերել է, քիչ գումար կծախսեմ. էդ կոշիկները, որ ուզում է, նրան նվիրել էին, բայց պահել էի, մնում է ավտոմատը, 2000 դրամի (մոտ 5 դոլար) մեջ կտեղավորվենք»:

Հայաստանում բնակվող շատ ծնողների համար Ամանորը ոչ միայն ուրախության, այլև անհանգստության տոն է, քանի որ նրանք դժվարությամբ են իրենց բյուջեից գումար հատկացնում երեխաների պահանջած թանկարժեք խաղալիքների ու նվերների համար:

Վերջին տարիներին Հայաստանում էլ, ինչպես աշխարհի մեծ մասում, երեխաները սկսել են հեռուստացույցի թելադրածով նվերներ ուզել:

Երեք երեխաների մայր ու կրստեր դպրոցի ուսուցչուհի 34-ամյա Լուսինե Խոջոյանի խոսքով` հիմա երեխաները հիմնակում մուլտերից են իրենց խաղալիքներ ընտրում. «Հիմնականում ռենջեր են ուզում, դրանց դիսկերը, դիմակները»:

«Ի դեպ, այդ ամենը բավական թանկ է, օրինակ` ռենջերների դիմակները միջինը 4000 դրամ (մոտ 10 դոլար) արժեն, ինչը բավական մեծ գումար է միջին զամբյուղ ունեցող ընտանիքի համար: Լավ է` քրոջս ամուսինը զույգ երեխաներիս ծննդին նրանց նվեր է բերել, էլ չեմ գնի: Բայց, դե, հիմա էլ հագուստ են ուզում, ես էլ ասել եմ, որ հագուստ չի վաճառվում, որ հեշտ պրծնեմ, թեկուզ համոզված եմ, որ վաճառվում է»,- հավելում է Խոջոյանը:

«Մանկան խաղալիքների աշխարհ» խանութների ցանցի մենեջեր Մարինե Շառյանը հաստատում է Խոջոյանի խոսքերը:

«Հիմա մեծ է մուլտհերոսների, հեռուստասերիալների հերոսների խաղալիքների` տրանսֆորմերների, ռենջերների պահանջարկը: Դրանք, իհարկե, հայկական արտադրության չեն, բայց մենք աշխատում ենք հետևել մեր հաճախորդների ցանկություններին ու նաև դրանք ենք վաճառում»,- նշում է Շառյանը:

8-ամյա Ալիսա Շառոյանը նույնպես իր Ձմեռ պապիկից տրանսֆորմեր է խնդրել, ինչը սեզոնի ամենաթանկ խաղալիքներից մեկն է` արժե 4 000-12 000 դրամ (մոտ 11-31 դոլար):

Թեև Ալիսայի մայրը պատրաստվում է գնել խաղալիքը, նա նշում է, որ այն բավական թանկ է միջին եկամուտ ունեցող ընտանիքի համար:

Երեխաների մեկ այլ ցանկությունը իրական Ձմեռ պապիկ տեսնելն է: 33-ամյա Ֆրիդա Հակոբյանի 7-ամյա դուստրը մայրիկի հետ նամակ է գրել (հայ) Ձմեռ պապիկին ու նրանից ամերիկյան Սանտա Կլաուս ուզել:

«Վա~ա-ա~յ, էնքան բան են ուզել (Ձմեռ պապից), էնքան բան են ուզել, րոպեն մեկ մի բան են ասում: Հիմա արդեն նամակ ենք գրել, էնպես որ, հետադարձ ճանապարհ չկա: Աղջիկս էլ ասում է. «Մա´մ, արի´ 1000 դրամ (մոտ 2,5 դոլար) դնենք մեջը, որ Ձմեռ պապին գա մեր տուն»: Էլ չգիտի, որ Ձմեռ պապի գալը 1000 դրամ չարժե, 20 000 դրամ արժե (մոտ 50 դոլար)»,- ասում է Հակոբյանը:

Տոնական օրերին 20-30 րոպեով Ձմեռ պապ ու Ձյունանուշ հրավիրելն այս տարի 15000-20000 դրամ արժե (մոտ 38-50 դոլար), իսկ հենց Ամանորի գիշերը` մինչև անգամ 100 000 դրամ (մոտ 260 դոլար):

Երեխաներ կան, սակայն, ում ցանկությունները Ձմեռ պապիկ ու տրանսֆորմեր չեն, այլ բջջային հեռախոս կամ համակարգիչ, կամ, ինչպես 13-ամյա Հակոբ Մկրտչյանն է ուզում` MP3 նվագարկիչ. «Հիմա հեռախոսով եմ երգ լսում, բայց զարյադկեն շուտ ա նստում, ուզում եմ փլեյեր ունենամ, որ իմ սիրած երգերն ամեն տեղ լսեմ»,- ասում է Հակոբը:
ԱրմենիաՆաուի էջերում