105 տարվա հիշողություններ. հայ-թուրքական հարաբերությունները` Ցեղասպանությունը վերապրածի աչքերով
«Դե, մենք գնում ենք աշխատանքի, ու մայրս ամբողջ օրը մենակ է մնում: Մի քանի տարի առաջ գրքեր էր շատ կարդում, հիմա տեսողությունը վատացել է, ու ավելի շատ ականջակալներով լուրեր է լսում»,- ասում է տղան`Արմեն Վարդանյանը: 105-ամյա կինը ուշադիր նայում է իրեն այցելած հյուրերին: Հատկապես հետևում է շրթունքների շարժումներին: Տղան ասում է, որ փորձում է այդպես հասկանալ դիմացինի խոսքը: Մեկ դարից ավելի ապրած կինը սկսում է խոսել: Ցամաքած աչքերը կենդանանում են, երբ խոսում է իր ծննդավայրի`Մալաթիայի մասին: Հուզմունքից ձայնը թրթռում է, բայց շարունակում է: «Ես Մազմանյան Գևորգ էֆենդիի թոռն եմ: Նա աշխատել է թուրքական կառավարությունում`որպես գանձապետ: Պապիս ջարդից դեռ օրեր առաջ էին թուրքերը սպանել: Հիշում եմ` ինչպես առավոտյան ձին պապիս դիակը տուն բերեց»,- պատմում է Մարի Վարդանյանը: Մի պահ հիշողությունները խառնվում են իրար: Նա սկսում է պատմել, թե ինչ գեղեցիկ էր իրենց քաղաքը: «Մալաթիան երազի էր նման: Այն հայտնի էր պարտեզներով ու այգիներով: Մինչև հիմա հիշում եմ մեր երկհարկանի տունը իր լայն պատշգամբներով,- պատմում է Մարին: - Հիշում եմ ամեն փողոց ու թաղ»: Այսօր Մալաթիան գտնվում է Թուրքիայում: Ժամանակին եղել է Արևմտյան Հայաստանի խոշոր քաղաքներից մեկը: Մինչ 1915 թ. հայկական ջարդերը այստեղ բնակվել է շուրջ 20 հազար հայ: Հայերի զանգվածային ջարդերի ժամանակ Մալաթիայում ավելի քան 7500 հայ է զոհվել: Ողջ մնացածները տեղահանվել են ու ապաստան գտել աշխարհի տարբեր երկրներում: «Մեզ`տատիս, մորս և ինձ, հաջողվեց կենդանի մնալ մեր թուրք բարեկամների շնորհիվ, որոնք մեզ թաքցրին իրենց տանը,- պատմում է Մարին: - Այդ օրերին հրաման կար` ում տանը մի հայ գտնվի, նրան իր դռան վրա կախաղան հանեն, ու չնայած այդ սարսափին`մարդիկ մեզ թաքցնում էին»: Գաղթ, ջարդ, կոտորած ու դաժանություն տեսած տատի աչքերը ցավից փոքրացել են: Արցունքները խառնվում են թափանցիկ մաշկի տակից երևացող երակներին, երբ հիշում է`ինչպես էին գաղթի ճանապարհին մարդկանց սպանում, ինչպես էին Մալաթիայի հայտնի «Ալմալօղլու բախչան» (խնձորի այգի) դարձրել հայերի գերեզմանոցը: «Բողոքականներին ու կաթոլիկներին չսպանելու հրաման կար: Մայրս ներկայացավ որպես բողոքական: Նրան ազատ արձակեցին: Հետո մենք, վախն ու սարսափը մեր սրտում, Մալաթիայում մնացինք մինչև 1937 թ., որից հետո տեղափոխվեցինք Հալեպ»,- ասում է Մարին: Նա հիշում է Հալեպի քաղաքային տրանսպորտում փակցված գրությունները. «Թուրքերեն չխոսե´ս, հիշի´ր մեկ ու կես միլիոն զոհերին»: 1946 թ. բազմաթիվ հայերի հետ Մարին հայրենադարձվում է մայր հայրենիք և հաստատվում Երևանի Մալաթիա թաղամասում: Այստեղ Հին Մալաթիայից գաղթած հայերը հաստատվել էին դեռևս 1925 թ.-ից` հիմնելով Մալաթիա թաղամասը: Չնայած պատկառելի տարիքին`Մարին ռադիոյով հետևում է լուրերին և տեղյակ է հայ-թուրքական արձանագրությունների ու սահմանի բացման մասին: Նրան դուր չեն գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին հնչած լուրերը: Նա ընդդիմանում է Թուրքիայի հետ բարեկամանալու փորձերին: Նա սուր է արտահայտվում Հայաստանի արևմտյան հարևանների մասին և ասում, որ Հայաստանը չպետք է շտապի Թուրքիային ողջունելու հարցում: «Թող հլը ճանաչեն ցեղասպանությունը»,- ասում է Մարին: Եղեռնը վերապրած կինը չի հավատում, որ սահմանի բացումը կբարձրացնի Հայաստանի կենսամակարդակը, կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը: «Սկզբում լավ կլնի, բա հետո՞: Մեզ ընչի՞ էին ջարդում, որովհետև ասում էին` ով մի հայ սպանի, Աստծո արքայությանն է արժանանալու: Ես ոնց կուզեմ, որ սահմանը բացվի»,- ըմբոստանում է Մարին: Մեկ դարից ավելի ապրած Մարի Վարդանյանը սեփական մաշկի վրա է զգացել թուրքական յաթաղանի դաժանությունը: Տարիները չեն մաշել մանկության տարիներին տեսած ահն ու սարսափը: «Շան երես տենալ չեմ ուզում: Սոխ ու ցամաք հաց կուտեմ, միս էլ չեմ ուտի, մենակ թե շան երեսը էլ չտեսնեմ: Դուք չեք տեսել, դուք չգիտեք` էդ ինչ է»,-ասում է նա:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.