Սահմանային սողանցք թմրամիջոցների համա՞ր. արդյոք բաց սահմանները կնպաստե՞ն թմրամիջոցների առևտրին

Սահմանային սողանցք թմրամիջոցների համա՞ր. արդյոք բաց սահմանները կնպաստե՞ն թմրամիջոցների առևտրին

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Հայ-թուրքական սահմանի բացումը, հնարավոր է, Հայաստանը վերածի թմրամիջոցների տարանցիկ երկրի:

Անցյալ շաբաթ Հայաստանում առգրավվել է աննախադեպ խոշոր չափերի հերոին տեսակի թմրամիջոց: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաղորդմամբ` թմրամիջոցը Հայաստան է տեղափոխվել Թուրքիայից:

Հաշվի առնելով առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը` հարց է ծագում. արդյոք պատրա՞ստ են իրավապահ մարմինները վերահսկելու անդրազգային հանցագործությունը սահմանի բացվելու պարագայում, հատկապես թմրամիջոցների թրաֆիքինգի առումով:

Սարգսյանն ասել է, որ նրանք, ովքեր կարծում են, թե հայ-թուրքական սահմանն այժմ փակ է, խորապես սխալվում են: Ապօրինի ճանապարհով Թուրքիայից Հայաստան թմրամիջոց տեղափոխելու փորձեր հիմա էլ են լինում, սակայն ոստիկանությունը իրավիճակը վերահսկելու բավարար միջոցներ ունի: Նա նաև նշեց, որ 2009 թ ընդհանուր առմամբ աճել է արտերկրի քաղաքացիների կատարած հանցագործությունների թիվը: Նույնը սպասվում է նաև 2010 թ. և, ըստ Սարգսյանի, ոստիկանությունը պատրաստ է վերահսկելու իրավիճակը:

Դատելով ՀՀ ոստիկանապետի հայտարարություններից` պետք է զգուշանալ, որ Հայաստանը կարող է դառնալ թմրամիջոցների փոխադրման այլընտրանքային ճանապարհ, հատկապես, Թուրքիայի և Ադրբեջանի հետ բաց սահմանի դեպքում:

ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ամենամյա զեկույցում ասվում է, որ Եվրոպա թմրամիջոցների տեղափոխման հիմնական երթուղիներից մեկն անցնում է Աֆղանստանից դեպի Իրան, այնտեղից էլ` Ադրբեջան, ապա Վրաստանով Թուրքիա: Թուրքիան դարձել է տարածաշրջանի թմրամիջոցների կենտրոններից մեկը: Աֆղանստանից չմաքրված հերոինը հիմնականում մշակվում է Թուրքիայում և արդեն մաքուր տեսքով տեղափոխվում է Եվրոպա: Եվրոպայի թմրամիջոցների շուկայի մոտ 93%-ը գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ:

Ուշագրավ է, որ Եվրոպա թմրամիջոցների տեղափոխման հիմնական երթուղիներից մի քանիսն անցնում են Ադրբեջանով: Ընդ որում, Ադրբեջանը 1990-ական թվականներից սկսած պարբերաբար «հաղորդում» է միջազգային կազմակերպություններին, թե թմրամիջոցների թրաֆիքինգն իրականացվում է Ղարաբաղով: 2009 թ. փետրվարին Հարավային Կովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի համակարգողն Ադրբեջանում Մազախիր Էֆենդիևը հայտարարել է. «Լեռնային ղարաբաղի բռնագրավված տարածքներում գործում են փոքր լաբորատորիաներ, որտեղ ազգությամբ իրանցի անձինք տեղում աճեցվող բույսերից պատրաստում են հերոին»:

90-ականների վերջին Բաքվին հաջողվեց ԱՄՆ պետդեպարտամենտի թմրամիջոցների միջազգային շրջանառության վրա ռազմավարական վերահսկողության հարցերով ամենամյա զեկույցում ընդգրկել Լեռնային Ղարաբաղում թմրամիջոցների աճեցման և տարածման մասին կեղծ տեղեկություններ: Սակայն հետագայում ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի գնահատականներում վերապահումներ արվեցին, թե թմրամիջոցների տեղափոխման մասին տեղեկությունները ներկայացրել է Ադրբեջանի կառավարությունը: Բաքուն իր մեղադրանքներն ուղեկցում էր մոնիթորինգ անցկացնելու պահանջով: Սակայն, երբ ի պատասխան Ադրբեջանի, ղարաբաղյան կողմը պահանջեց մոնիթորինգ անցկացնել` կոչ անելով միջազգային կազմակերպություններին գալ և «ստուգել», Ադրբեջանը խափանեց մոնիթորինգը:

2003 թվականին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում Լեռնային Ղարաբաղի հասցեին մեղադրանքները վերացան:
ԱրմենիաՆաուի էջերում