Փաստարկներ` ի նպաստ մշակույթի. դրվատանքի խոսք նախագահ Սարգսյանի հասցեին լոնդոնյան ելույթում Նախիջևանի խնդրին անդրադառնալու համար

Փաստարկներ` ի նպաստ մշակույթի. դրվատանքի խոսք նախագահ Սարգսյանի հասցեին լոնդոնյան ելույթում Նախիջևանի խնդրին անդրադառնալու համար

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

«… մշակույթը քաղաքականությունից վեր է, և այդ առումով մեր երկիրն իսկապես կշահի»,- ասում է Կարապետյանը:

Հայ հուշարձանագետը դրվատել է վերջերս Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ՀՀ նախագահի ելույթը, որում վերջինս անդրադարձել է Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին:
Ջուղայի հայկական գերեզմանատունը մինչ ադրբեջանական բարբարոսությունը և դրանից հետո:


Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` «Չեթհըմ հաուս»-ում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ղարաբաղյան համատեքստում անդրադարձել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ավերմանը` արդարացնելով ներկայումս դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` Բաքվից անկախանալու ձգտումը:

«Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատևման հանդեպ վստահության պաշարը,- անցյալ չորեքշաբթի լոնդոնյան իր ելույթում ասել է ՀՀ նախագահը: - Մեկ այլ հայկական ինքնավարություն էլ կար Ադրբեջանի կազմում` Նախիջևանը, ի՞նչ եղավ. մեկ հայ էլ չմնաց: Արդյո՞ք այդպիսի երաշխիքները կարելի է հիմք ընդունել: Կասեք` այն ժամանակվա Ադբեջանն ուրիշ էր, հիմիկվանը ուրի՞շ: Այս «ուրիշ» Ադրբեջանի պայմաններում 18 տարվա ընթացքում նույն Նախիջևանում ավելի շատ հայկական-քրիստոնեական կոթողներ են ոչնչացվել, քան նախորդ 70 տարիների ընթացքում: Իսկ մշակութային ժառանգությունը պաշտպանող միջազգային կազմակերպություններն ուղղակի ոչինչ անել չկարողացան: Ադրբեջանը արգելեց, որպեսզի այցելեն և տեսնեն ավերված հայկական կոթողները»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր լոնդոնյան ելույթում:

Իր ելույթում նախագահ Սարգսյանն անդրադարձավ ադրբեջանցիների վանդալիզմի վերջին օրինակներից մեկին` Նախիջանում գտնվող Ջուղայի հայտնի գերեզմանոցի ավերմանը: Այնտեղ կային 3500 մեծարժեք խաչքարեր հայերեն գրություններով ու ինքնատիպ զարդաքանդակներով: Այսօր Ջուղայից միայն պատկերներ ու հիշողություններ են մնացել:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասում է, որ Հայաստանը պետք է ամեն առիթով բարձրաձայնի Ջուղայի խնդիրը: Հուշարձանագետն ասաց, որ ոգևորված է նախագահ Սարգսյանի ելույթով, որում վերջինս անդրադարձավ Հայաստանից դուրս հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին, և նշեց, թե շատ կարևոր է, որ պետական այրերն ամենաբարձր ամբիոններից մշտապես անդրադառնան այդ հարցին:

«Աշխարհի հետ հարկավոր է խոսել մշակույթի լեզվով, ինչը քաղաքականությունից վեր է, և այդ դեպքում մեր երկիրը իսկապես կշահի»,- համոզված է Կարապետյանը:

«Ժառանգություն» կուսակցությունից Ստեփան Սաֆարյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ նորմալ է համարում նախագահ Սարգսյանի ելույթը` իբրև փաստի հավաստում, որովհետև Նախիջևանի հայաթափումը Լեռնային Ղարաբաղի ապագա ճակատագիրն էր, և Նախիջևանն Ադրբեջանի վարած քաղաքականության լավագույն օրինակն է:

«Հիմա ականջի համար հաճելի է լսել [ելույթը], բայց իրականում ոչինչ չարվեց ժամանակին համարժեք գնահատական տալու համար»,- ասում է Սաֆարյանը` անդրադառնալով Նախիջևանի, մասնավորապես` Ջուղայի դեպքերին:

Ջուղայի գերեզմանոցը գտնվում է Ջուղայի արևմտյան կողմում` երեք բլրակների վրա: 10 հազար խաչքարերի մեծ մասը, որոնց գերակշիռ մասը 15-16-րդ դարերի էին, ոչնչացվել է 20-րդ դարի սկզբին: 1970-ականների վերջին դրանց թիվը չէր գերազանցում 3 հազարը: Համաձայն Հուշարձանների և շինությունների միջազգային խորհրդի (ICOMOS)` 1998 թ. Ադրբեջանի ղեկավարությունն ավերել է ևս 800 խաչքար: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճնշումների ներքո ավերածությունները կասեցվել են, բայց նորից վերսկսվել 4 տարի անց:

«Մինչև 2003 թվականը 1500 տարվա պատմություն ունեցող գերեզմանատունը հողին էր հավասարեցվել»,- գրել է ICOMOS-ը:

1998-1999 թվականներին իրանահայ ճարտարապետներն Արաքսի մյուս ափից լուսանկարել են, թե ինչպես են ադրբեջանցիները բուլդոզերներով ոչնչացնում հայկական մշակույթի հետքերն այդ տարածքում:

Ամբողջ տարածքը բետոնապատվել է և վերածվել ռազմական ճամբարի:

Կարապետյանն ասում է. «Մի տարածք, որն ամբողջովին մշակույթով է ներծծված, եթե հանձնվում է Ադրբեջանին, մշակութազերծ է լինում»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի փրկված 1500 տարվա քրիստոնեական և նախաքրիստոնեական շրջանի հուշարձաններին` նա նշում է, որ դրանք այսօր արժեք են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, քանզի համաշխարհային նշանակության մշակութային արժեքներ են:
ԱրմենիաՆաուի էջերում