Հայ միգրանտների հիմնական խնդիրը երեխաների կրթությունն է

Հայ միգրանտների հիմնական խնդիրը երեխաների կրթությունն է


Թուրքիայում մեծաքանակ ապօրինի հայ աշխատուժի պայմաններում, որի թվերը հաճախ պաշտոնյաների կողմից քաղաքական նկատառումներով ուռճացվում են, համայնքի գերխնդիրն է իր երեխաների կրթությունը, որոնց թույլ չեն տալիս սովորել ո´չ Թուրքիայի հանրակրթական դպրոցներում և ո´չ էլ տեղի հայերի ղեկավարած հաստատություններում: Ներկայումս Թուրքիայում ապօրինի բնակվող մոտ 6000-70000 հայ կա:

Վերջին ուսումնասիրության համաձայն` Թուրքիայում ապօրինի բնակվող հայ միգրանտների թվի շուրջ քննարկումներից տարակուսած, որոնք ավելի շատ մտացածին, քան իրական են, համայնքը հիմնականում մտահոգ է իր երեխաների կրթությամբ:

Երկուշաբթի տված մամուլի ասուլիսի ժամանակ միգրանտների (որոնց թիվը, ըստ հաշվարկների, 6 000-70 000 է) համայնքին առնչվող եզրակացությունների մասին խոսեց «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի ղեկավար Ալին Օզինյանը:

Բացի կրթական մտահոգություններից, Օզինյանն ասաց, որ Ստամբուլում, Իզմիրում, Անթալիայում և Տրապիզոնում անցկացված ուսումնասիրության հիմնական նպատակն էր պարզելու, թե այսօր քանի՞ Հայաստանի քաղաքացի է ապրում Թուրքիայում:

Հայաստանից [Թուրքիա] ներգաղթը սկսվել է 1991 թ. անկախությունից հետո, որը հատկապես մեծացել է 2002-2007 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում:

Երկրում ապօրինի բնակվող հայ աշխատուժն առաջին անգամ ուշադրության արժանացավ 2000 թ., երբ ընդդիմության առաջնորդ Թանսու Չիլերն ասաց, թե պետք է 30 000 մարդ արտաքսել, եթե ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

2005 թ. այն ժամանակվա արտգործնախարար Աբդուլլահ Գյուլն ասաց, որ երկրում 40 000 հայ աշխատուժ կա: Մեկ տարի անց «Արդարություն և զարգացում» խմբակցության (AKP) պատգամավոր Յասար Յաքիսն ասաց, թե Թուրքիայում 70 000 ապօրինի բնակվող հայ կա և շահագրգռված է արտաքսելու նրանց հայկական սփյուռքի ճնշման [Հայոց ցեղասպանության հարցն առաջ տանելու] պատճառով:

Վերջին շրջանում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց, որ Թուրքիայում 170 000 հայ է բնակվում, որոնցից 70 000-ը` օրինական: «Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի վարչապետը խոսում էր թուրքահայ համայնքի մասին, երբ անդրադառնում էր նրանց օրինական կարգավիճակին»,- ասաց Օզինյանը:

Օզինյանի խոսքով` պաշտոնյաներն ի վիճակի չեն որոշելու երկրում Հայաստանի քաղաքացիների իրական թիվը: «Ես ընդունում եմ ճշգրիտ թվերի բացակայության նրանց բացատրությունը: Ի վերջո, ապօրինի միգրացիայի մասին ճշգրիտ թվեր չես կարող ունենալ»:

Երկրից մեկնող հայերի թիվը ժամանողների թվից հանելով` Օզինյանն ասում է, որ Թուրքիայում ապրում է առնվազն 6000 Հայաստանի քաղաքացի` հավելելով, որ առավելագույնը եղել է 10 000:

Հիմնվելով աշխատանքի նախարարության վիճակագրական տվյալների վրա` «Ակոս» շաբաթաթերթի լրագրողի հաշվարկներով այդ թիվը տատանվում է 12000-14 000-ի միջև:

Սակայն Օզինյանի խոսքով` հետազոտության բուն նպատակը սոցիալական և լեգալ խնդիրների վեր հանումն է, որոնք ծառացած են հայ միգրանտների առաջ: Օզինյանը հավելեց, որ համայնքի գերխնդիրն է մոտ 800 երեխայի համար կրթություն ապահովելը:

Թուրքական, ինչպես նաև այն դպրոցները, որոնք ղեկավարվում են երկրի հայ համայնքի կողմից, ընդունում են միայն քաղաքացիներին, այսինքն` Թուրքիայում ապօրինի աշխատող հայերի երեխաներին թույլ չեն տալիս դպրոց հաճախել:

Թուրքիայում ծնված այն երեխաները, որոնց հայ ծնողներն ապօրինի ապրում են այնտեղ, որպես կանոն, լեգալ առումով անորոշ վիճակում են, քանի որ ո´չ կարող են Թուրքիայի քաղաքացիություն ստանալ, ո´չ էլ Հայաստանի անձնագիր ձեռք բերել, երբ նրանց ծնողները ստիպված են մնալ Թուրքիայում, քանի որ վախենում են Հայաստան վերադառնալու դեպքում մերժում ստանալ:

Այդ իսկ պատճառով երեխաների մեծ մասը ժամանակն անց է կացնում փողոցում և հաճախ հանցագործություն կատարում: Թեև ավելի երկար ժամանակ երկրում բնակվող հայերը կարողանում են երեխաներին կրթության տալ ապօրինի դպրոցներում` այդ կրթությունը հիմնականում տարրական է: Օզինյանն ասում է, որ [Պոլսո] հայոց պատրիարքարանը կառավարությանը լուծում է առաջարկել, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն:

Ուսումնասիրության համաձայն` շատ հայեր Թուրքիա գալուց առաջ բավական վախեցած են, սակայն այդ անվստահությունը կտրուկ փոխվում է երկիր գալուց հետո:

Զեկույցում ասվում է, որ աշխատուժի 94 տոկոսը կանայք են, որոնց մեծ մասը սպասուհու աշխատանք է կատարում:

Հետազոտության համաձայն` չնայած բազմաթիվ ռուս և մոլդովացի ապօրինի աշխատուժի, թուրք ընտանիքները նախընտրում են հայերին` մշակութային նմանությունների պատճառով:

Սակայն երկու երկրների միջև առկա քաղաքական խնդիրները հաճախ լարվածություն են առաջացնում թուրք գործատուների և հայ աշխատողների միջև: Մի 38-ամյա աշխատող կին ասել է. «Իմ թուրք ղեկավարը քննադատում է ինձ Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքականության պատճառով: Նա միշտ ասում է. «Մենք ձեր ժողովրդին աշխատանք և փող ենք տալիս, բայց դուք միշտ անշնորհակալ եք: Շարունակ ցեղասպանության մասին եք խոսում»: Շատ վատ եմ զգում և անիծում բախտս»:

Սակայն ըստ Օզինյանի` մարդկանց մեծ մասը, տարված լինելով տնտեսական խնդիրներով, անտարբեր են քաղաքականության նկամամբ:

Թուրքիայի հայերի հետ հարաբերությունները

Այնուհետև հետազոտությունում խոսվում է նաև հայ միգրանտների և Թուրքիայի հայազգի քաղաքացիների միջև բարդ հարաբերությունների մասին: Տեղի հայերը, որոնք մոտավոր հաշվարկներով 60 000 են, ըստ էության, կարող են աշխատանք տրամադրել միգրանտներին, սակայն նրանց հարաբերությունները հաճախ բարդ են մշակութային և դասակարգային տարբերությունների պատճառով:

Խոսելով այս խնդրի շուրջ` 46-ամյա մի կին, որը միայն անուն-ազգանվան սկզբնատառերը ներկայացրեց` Ա. Բ., ասաց. «Բոլորը կարծում են, թե մենք համերաշխ ենք, բայց այդպես չէ: Նրանք մեզ վերևից են նայում: Նրանց կարծիքով` մենք գյուղացի ենք և տգետ»:


Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:
ԱրմենիաՆաուի էջերում