Պայքար հանուն ինտերնետի. արագ կապի և ցածր սակագնի համատեղումը Հայաստանում առայժմ անհավանական է
Թեև Հայաստանում ինտերնետ կապի սակագները մեծ մասամբ կախված են շուկայի վիճակից և կարգավորված չեն, մասնագետներն ակնկալում են, որ, հաճախորդների պահանջարկով և մրցակցությամբ պայմանավորված` սակագների նվազումը կշարունակվի: Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)` 2008 թ. համեմատ այսօր Հայաստանում մանրածախ շուկայում ինտերնետի գները շուրջ երկու անգամ նվազել են: Սակայն ցածր արագությամբ ինտերնետ շուկայում սակագներն ավելի բարձր են, քան բարձր արագությամբ ինտերնետ շուկայում: «Ի տարբերություն մեր հարևանների՝ Հայաստանում ինտերնետ կապի բարձր սակագինը պայմանավորված է նրանով, որ մենք ունենք ընդամենը երկու գիծ՝ մեկը Իրանից, մյուսը` Վրաստանից եկող և նաև տարանցման համար բավական գումար ենք վճարում վրացական և թուրքական օպերատորներին»,- ասում է ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը: Ըստ նրա`մոտ մեկ տարում 6-7 անգամ ավելացել է լայնաշերտ գծային ինտերնետ կապի բաժանորդների թիվը: 2008 թ. չորրորդ եռամսյակի դրությամբ` 10 հազար բաժանորդ օգտվել է լայնաշերտ գծային ինտերնետից, սակայն այսօր արդեն լայնաշերտ կապից օգտվողների թիվը հասնում է 70-75 հազարի, որը ներառում է 3G, Wi Max, Wi Fi, DSL և այլ տեխնոլոգիաներ: Dial up-ից օգտվողների թիվը նվազել է` 65-66 հազարից հասնելով 40-45 հազարի: «Եթե 2-3 տարի առաջ ինտերնետ բաժանորդների հիմնական մասն օգտվում էր Dial up-ից, որը դանդաղ էր ու բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում, այսօր բաժանորդները փորձում են մտնել ինտերնետ կապի ավելի զարգացած, առաջադեմ [տեխնոլոգիաների] շուկա և օգտվել ավելի արագ ու որակյալ կապից: Դրանք ավելի հուսալի են նաև տեղեկատվական անվտանգության տեսանկյունից»,- ասում է Արաբաջյանը: ՀԾԿՀ-ն ամփոփել է հանրապետությունում մի քանի տարիների ինտերնետի թողունակության հզորությունը: 2005-ին Հայաստանում սպառվել է 15 մեգաբիթ թողունակության ինտերնետ, որը եղել է 17 հազար դոլարին համարժեք դրամի սահմաններում: 2006-ին թողունակությունը հասել է 56 մեգաբիթի: 2007-ի սկզբին եղել է 115 մեգաբիթ ընդհանուր թողունակություն, իսկ 2008 թ. վերջի տվյալներով` թողունակությունը կազմել է 1083 մեգաբիթ` հատելով 1 գիգաբիթի սահմանը: «2010 թ. հունվարի 1-ի դրությամբ ինտերնետի թողունակությունը հասել է ավելի քան 3,6 գիգաբիթի, որն այսօր 90 տոկոսով ծանրաբեռնված է: Կարծում եմ, որ այս դինամիկան մինչև տարեվերջ կշարունակվի և կհասնի մինչև 6-7 գիգաբիթի»,- ասում է Արաբաջյանը: Արաբաջյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի մարզերը և գյուղական համայնքները (որոնք նպատակահարմար չեն հեռահաղորդակցության բիզնեսի զարգացման տեսակետից) էլեկտրոնային ծառայություններով ապահովելու համար շուտով կստեղծվի Հանրային ունիվերսալ ծառայությունների հիմնադրամ, որը նախատեսում է հեռահաղորդակցությունների, ինտերնետ կապի հասանելիության ապահովում և այլ հնարավորություններ: Նա ասում է, որ հիմնադրամի ֆինանսավորումը կիրականացվի խոշոր օպերատորների հաշվին, իսկ միջոցառումների իրագործման ուղղվածությունը կորոշի Հոգաբարձուների խորհուրդը:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.