Վտանգված անտառի մոտ բնակվող և դրա բարիքներն իր բիզնեսի համար օգտագործող մի գործարար այլընտրանքային ծրագիր է մշակել, որն ըստ նրա` կպաշտպանի երկրի կանաչ տարածքները:
Բնապահպաններն ընդդիմացել են պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործմանը Թեղուտի շրջակայքում` նախազգուշացնելով, որ այդ գործողությունները ոչնչացման վտանգի տակ կդնեն տեղի անտառի բուսական և կենդանական աշխարհի եզակի տեսակները:
«Թեղուտը սերունդների համար» նորաստեղծ հասարակական միավորումը` Թեղուտի անտառի պաշտպանության նախաձեռնող խմբի աջակցությամբ, մշակել է Թեղուտի և Հայաստանի այլ անտառային տարածքների այլընտրանքային զարգացման ծրագրի առաջարկություն, որի իրականացման դեպքում, ըստ ծրագրի պատասխանատուների, կպաշտպանվեն Հայաստանի անտառները, իսկ դրանց բարիքները կվերամշակվեն և կիրացվեն:
Ծրագիրը մշակել է Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, գործարար Ռուբեն Շախկյանը:
«Ծրագրի հիմնական նպատակն է նոր աշխատատեղեր ստեղծել, ուղղվածությունը գյուղատնտեսական է»,- ասում է Շախկյանը, որ ունի օղիների, գինիների, տարատեսակ մուրաբաների, մեղրի փոքր արտադրություններ, որոնք պատրաստվում են Թեղուտի անտառի բույսերից ու վայրի մրգերից:
Շախկյանն այն մարդկանցից է, ովքեր դեմ են հանքարդյունաբերության նպատակով Թեղուտի անտառների հատմանը: Թեղուտի անտառների հատման և տեղում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվություն ունի Armenian Copper Program (ACP) ընկերությունը, որը մտնում է հայազգի գործարար Վալերի Մեժլումյանի «Վալլեքս» խմբի ընկերությունների կազմի մեջ: Հայ բնապահպանները ACP-ին լիցենզիա տրամադրելու օրվանից` արդեն երեք տարի, տարբեր միջոցներով ահազանգում են շրջակա միջավայրին անդառնալիորեն հասցվող վնասի մասին (անտառի էկոհամակարգի, Կարմիր գրքում գրանցված որոշ կենդանիների և բույսերի ոչնչացում, թափոնների պատճառով մարդկանց առողջությանը հասցվող մեծ վնաս և այլն): Թեղուտի հանքավայրը պարունակում է 1,6 մլն տոննայից ավելի պղինձ և շուրջ 100 հազար տոննա մոլիբդեն: Ըստ բնապահպանների` դրա շահագործումը կոչնչացնի 357 հեկտար անտառի տարածք:
ACP ընկերության ղեկավարությունն էլ իր հերթին մատնացույց է անում տեղացիների համար ստեղծված և ստեղծվելիք աշխատատեղերը և հանքարդյունաբերության մեծ դերը ՀՀ տնտեսական աճի մեջ:
Շախկյանի մշակած ծրագիրը ներառում է փայտանյութի մշակում` առանց թափոնների, ուտելի բույսերի և դեղաբույսերի կենտրոնացված հավաքում, չորացում, իրացում, վայրի մրգերի հավաքում` հատուկ օղիներ թորելու և չորացնելու նպատակով, համակցված կերերի արտադրություն, արծաթափայլ եղևնու, քիչ հանդիպող դեկորատիվ ծառերի տնկարանների հիմնում, մորիի, մոշի հավաքում և այլն: Այս ամենը, ըստ նրա, պետք է իրականացվի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) վերակառուցման դեպքում, որի ենթակայության տակ են գտնվում Հայաստանի բոլոր անտառները: Համաձայն նրա հաշվարկների` անտառի բարիքների իրացման աշխատանքների մեջ կարող են ներգրավվել մինչև 3000 մարդ, իսկ սեզոնային աշխատանքների ժամանակ մարդկանց թիվն ավելի մեծ կլինի:
«Այս ամենի արտադրությունը կլինի փոխկապակցված և շնորհիվ արտադրանքի ցածր ինքնարժեքի, ինչպես նաև էկոլոգիական առավելությունների` դրանք մրցակցային շուկայում կունենան առավել շահեկան դիրք»,- ասում է Շախկյանը, ով կարծում է, որ նման գործունեությունը լավագույն այլընտրանքն է հանքավայրի շահագործման ժամանակ բացվող աշխատատեղերին:
(Թեև Թեղուտի հանքավայրի շահագործումը նախատեսված էր սկսել 2011 թ., սակայն ACP-ն առայժմ չի կարողացել գտնել ֆինանսական գործընկեր և անհրաժեշտ ներդրումներ կատարել):
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը կարծում է, որ ծրագիրը լավն է և բարի նպատակներ է հետապնդում, սակայն, ըստ նրա, համապատասխան պետական ատյաններին այն ներկայացնելու համար պետք է յուրաքանյուր արտադրանքի համար բիզնես ծրագիր մշակել:
«Մենք պետք է նպաստենք, որ մասնավոր հատվածն անտառային ոլորտում զարգանա, իսկ եթե «Հայանտառը» ամեն ինչ անի, մասնավորին կնեղի»,-կարծում է Պետրոսյանը:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.