Հերոսներ. Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների շարքերը նոսրանում են, իսկ հիշողությունները շարունակում են մնալ

Հերոսներ. Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների շարքերը նոսրանում են, իսկ հիշողությունները շարունակում են մնալ

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

«Փառքի շքանշանների մեր ասպետները»

Նրանց կեցվածքը խրոխտ է: Քայլում են հպարտ ու հաստատուն, չնայած արդեն 90-ին մոտ ծերունիներ են: Հիշում են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում` Ռայխստագի պատերի տակ բռնած հայկական Քոչարին ու ասում. «Անհավատալի ուրախություն էր, չէինք հավատում, որ հաղթել ենք, որ կենդանի ենք մնացել»:


Վետերանների միությունում հավաքվել են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները: Հիմնականում այկական 89-րդ Թամանյան դիվիզիայից են: Պատրաստվում են իրենց հաղթանակի 65-րդ տարեդարձին:

“There was not a single drop of fear in us,” recalls Vachagan Martirosyan.
«Պատերազմին մասնակցել են խորհրդային շուրջ 100 ազգային դիվիզիաներ, և միայն Թամանյան դիվիզիան էր, որ երրորդ հարվածային բանակի կազմում Բեռլինում մասնակցեց Ռայխստագի գրավմանը: Պատերազմի ավարտին` ապրիլի 30-ի գիշերը, հայկական դիվիզիան հասավ Բեռլին»,- պատմում է Վետերաննների միության նախագահ գնդապետ Սուրեն Հովհաննիսյանը:

Նրա կողքին մարտական ընկերներն են`տոնական բաճկոններով, որոնք զարդարված են պատերազմի ընթացքում վաստակած շքանշաններով ու մեդալներով: Մեդալներն էլ են թոշակառուի տարիքի հասել:
87-ամյա Վաչագան Մարտիրոսյանն ամենաշատը սիրում է «Կարմիր դրոշ» շքանշանը:

«1942 թ. ճակատ մեկնեցի ընդամենը 18 տարեկանում: Մեջներս մի կաթիլ վախ անգամ չկար»,- պատմում է Վաչագանը և ցույց տալիս մյուս շքանշանները`«Կովկասի պաշտպանության համար», «Բեռլինի գրավման համար»:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցում են 600 000 հայորդիներ, նրանցից 300 000-ը` Հայաստանից, 200 000-ը` Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից, 100 000-ը`սփյուռքից: Մարտի դաշտերում զոհվեցին 200 000-ը: 66 802 հայ ռազմիկներ պարգևատրվեցին մարտական շքանշաններով ու մեդալներով, Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան 108 հերոսներ:

Պատմելով Թամանյան դիվիզիայի մասին` Սուրեն Հովհաննիսյանն ասում է, որ այդ անվանն արժանանում են Սև ծովում գտնվող Թամանյան թերակղզին 1943 թվականին ազատագրելու համար:

«Գերագույն գլխավոր հրամանատար Իոսիֆ Ստալինի հրամանով [մեր] դիվիզիան արժանացավ պատվավոր կոչման»,- հիշում է նա:

86-ամյա Ալեքսանդր Միրզաթունյանը թվարկում է այն քաղաքների անունները, որոնց ազատագրմանը մասնակցել է դիվիզիան` Կուբան, Նովոռոսիյսկ, Անապա, Թաման, Կերչ, Սևաստոպոլ, Վարշավա, Լյուբլին, Կրակով, Լոձ:

«Սևաստոպոլը գրավեցինք 7 օրում: Բայց ամենսարսափելին, որ տեսել եմ այդ տարիներին, Լյուբլինի (Լեհաստան) համակենտրոնացման ճամբարն էր, որտեղ ֆաշիստները 1,5 մլն մարդ էին այրել ու խեղդամահ արել»,- պատմում է նա:

Վետերանները հիշում են, որ ամեն անգամ, յուրաքանչյուր մարտից հետո, հաշվել են, թե ով մնաց և ով զոհվեց:

«Ու մեկ էլ տեսնում էիր` մտերիմ ընկերդ չկա, վերջ: Սիրտդ տրաքում էր ցավից… ու նորից շարժվում էինք առաջ, գիտեինք, որ պետք ա պայքարենք, հետդարձի ճամփա չկար: «За Родину, за Сталину вперед» (Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի, առա´ջ)` սա էր մեզ ապրեցնողը»,- ասում է 89-ամյա Գեորգի Ասրյանը:

Հայրենական պատերազմը տվեց չորս հայ մարշալ`Հովհաննես Բաղրամյան, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան, ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանով, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց, և Խորհրդային Միության նավատորմի մեկ ծովակալ`Հովհաննես Իսակով:

Թամանցիները նշում են, որ մարտի դաշտում հայ զինվորները տարբերվում էին խիզախությամբ, կազմակերպվածությամբ, հրամանները կատարելու անթերի ընդունակությամբ: Սակայն բոլորն անդրադառնում են մեկ կարևոր հանգամանքի:

«Կռվում էինք գերմանացիների դեմ, որոնց դաշնակիցն էր Թուրքիան, և որոնք (գերմանացիները) թույլ էին տվել կազմակերպել 1915 թվականի հայկական ջարդերը,- ասում է Ալեքսանդր Միրզաթունյանը: -
Գիտեինք, որ Գերմանիան ու Թուրքիան նախնական պայմանավորվածություն ունեն. Ստալինգրադի գրավման դեպքում Թուրքիան պետք է հարձակվեր Հայաստանի վրա: Թուրքիան 26 դիվիզիա էր կենտրոնացրել հայ-թուրքական սահմանին: Եթե Խորհրդային Միությունը պարտվեր այդ պատերազմում, Հայաստանը գոյություն չէր ունենա»:

Բացահայտելով հաղթանակի գաղտնիքը` նրանք ասում են. «Մեզ համար գոյություն ուներ մեկ հայրենիք, ու հաղթեցինք, որովհետև Խորհրդային Միության ժողովուրդը համախմբված էր, և, իհարկե, կար ուժեղ ղեկավար`Ստալինը»:

Պատերազմի վետերաններից ութն այս տարի մայիսի 9-ի շքերթը կանցկացնեն Մոսկվայի Կարմիր Հրապարակում: Նրանցից վեցը մեկնում են ՌԴ ՊՆ-ի, իսկ երկուսը`ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով:

Կհանդիպե՞ն արդյոք հին մարտական ընկերներին, 92-ամյա Սուրեն Հովհաննիսյանը տխուր ժպիտով ասում է. «Է~, որտեղից: 2000-ին, երբ մեկնեցինք, դեռ կային, բայց 2005-ին չկային, հիմա էլ չեն լինի»:

Այսօր թամանցիների շարքերն աստիճանաբար նոսրանում են: Ամենափոքր թամանյանցին 86 տարեկան է: Ամեն անգամ իրար հանդիպելիս հարցուփորձ են անում իրարից` ո´վ կա և ո´վ է հեռացել իրենցից:

Իսկ Գեորգի Ասրյանն ասում է. «Հետաքրքիրն էն ա, որ էն վախտ ո´վ կմտածեր, թե պատերազմից հետո մենք դեռ 65 տարի կարող ենք ապրել… Զարմանալի է, էլի»:






ԱրմենիաՆաուի էջերում