Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից
Արա Հարությունյանը էպիլեպսիայից տառապող 22-ամյա Մարտինի հետ աշխատելիս:
Արա Հարությունյանը փոխում է ոստիկանի խիստ, հաճախ կոպիտ և անտարբեր կերպարի ընկալումը հասարակության մեջ:
«Շող» գեղագիտական ստուդիան, որտեղ նա հասարակական աշխատանք է կատարում, թեև Երևանի Կենտրոնի ոստիկանական բաժանմունքից շատ հեռու չէ, սակայն մի ամբողջ աշխարհ է բաժանում նրան իր հիմնական աշխատանքից:
2002-ից Հարությունյանը գեղագիտական ստուդիայում նկարել է սովորեցնում հաշմանդամ երեխաներին: Տարածքը, որը գտնվում է Երևանի ծայրամասում, տրամադրել է Հայ ավետարանական եկեղեցին:
Ամեն շաբաթ ոստիկանը հանում է ոստիկանի համազգեստը և քաղաքացիական հագուստով ներկայանում իր մոտ տասը աշակերտներին, որոնք նույնիսկ չգիտեն, որ նա ոստիկանության սպա է: Նրանց համար նա «ընկեր Արա» է:
45-ամյա Հարությունյանն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժինը, որտեղ ուսումնասիրել է նաև նկարչություն: Նա նաև աշխատել է հեռուստատեսությունում որպես ռեժիսոր, ներդրում ունի նաև մուլտիպլիկացիայի ասպարեզում:
1990-ական թվականներին Հարությունյանին կանչել են ոստիկանությունից` խնդրելով վկաների նկարագրածի հիման վրա կազմել հանցագործի դիմանկարը: Հետո առաջարկել են համագործակցել իրենց հետ` որպես օպերատիվ բաժնի աշխատակից, որն ուրվագծում է հանցագործների դիմանկարները:
«Դե, ես տուժած մարդկանց հետ գործ ունեի և տեսնում էի, թե նրանք ինչ խնդիրներ ունեն: Մի օր էլ մտածեցի, թե ուրիշ ինչո´վ կարող եմ օգնել Հայաստանում տուժած ցանկացած մարդու, բացի իրենց վնաս պատճառած հանցագործի դեմքը նկարելուց»:
«Այդ ժամանակ պատերազմից ու երկրաշարժից շատ հաշմանդամներ կային, ես էլ որոշեցի նրանց որևէ կերպ օգտակար լինել»,- պատմում է Հարությունյանը:
Նախ օգնում է հաշմանդամ ընկերոջը` երգչախումբ ստեղծելու աշխատանքներում, այնուհետև որոշում է ստեղծել նկարչական դպրոց հաշմանդամ երեխաների համար: Նրա սաները, որոնց մեջ կան էպիլեպսիայով և մանկական ուղեղային կաթվածով հիվանդներ, 14-52 տարեկան են:
Հարությունյանն իր առջև նպատակ չի դրել, որ նրանք ստեղծեն արվեստի գլուխգործոցներ, այլ ցանկանում է, որ նրանք իրենց զգան այն հասարակության լիարժեք անդամ, որը հաճախ լավագույն դեպքում նրանց վերաբերվում է խղճահարությամբ, վատագույն դեպքում` խուսափում նրանցից:
«Արայի շնորհիվ է, որ ես կարողանում եմ իմ նկարներում գույներով ներկայացնել իմ տխրությունն ու ուրախությունը: Ուրախությունս արտահայտում եմ սպիտակ, կարմիր, կապույտ, դեղին, կանաչ գույներով, իսկ տխրությունս սև գույնն է, բայց իմ սևը միշտ ունի նաև պայծառ երանգներ»,- ասում է 39-ամյա Մոնիկա Սահակյանը, որը մանկությունից անվասայլակ է օգտագործում ուղեղային կաթվածի պատճառով:
55-ամյա Լյուդմիլա Ավագյանը ևս նկարչական ստուդիա է բերում իր 22-ամյա որդուն` Մարտինին, որը տառապում է էպիլեպսիայով:
«Պարբերաբար գործ ունենալով հանցագործությունների պատճառները փնտրելու հետ` նա կարողացել է ճանաչել մարդու հոգին»,- ասում է նա ոստիկան-նկարչի մասին:
Հարությունյանը խրախուսում է նաև առողջական խնդիրներ չունեցող երեխաների մասնակցությունը նկարչության դասերին, որի նպատակը հաշմանդամ երեխաներին հնարավորինս ինտեգրելն է հասարակություն:
«Ես իմ խղճի առջև եմ աշխատում, քանի որ ամեն անգամ այս սենյակ մտնելիս քննություն եմ տալիս նրանց առջև, նրանք ինձ օգնում են վերացնել այն բացասականը, որը կուտակվում է աշխատանքային շաբաթվա ընթացքում»,- խոստովանում է ոստիկանը:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.