Ավանդույթ. Սեյֆուլինա Դանիելյանի 50 տարվա աշխատանքային կյանքը ճամբարում

Ավանդույթ. Սեյֆուլինա Դանիելյանի 50 տարվա աշխատանքային կյանքը ճամբարում

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

«Գուգարք» ճամբար, մանկության մոլորակ:

Վանաձորից Ալավերդի ձգվող ոլորապտույտ ճանապարհին անվերջանալի անտառներ են: Մեծ ու փոքր ձորերում մի երանգ է` կանաչ: Ամպերը կախվել են ծառերի գագաթներից ու շաղ տվել փեշերը:


Մոտենում ենք Վանաձորից մոտ 15 կմ հեռու գտնվող Վահագնաձոր գյուղին: Մի ոլորան ևս, ու թեքվում ենք դեպի աջ: Մի քանի մետր գնալուց հետո կարդում ենք` «Բարի գալուստ «Գուգարք» ճամբար»:

Սեյֆուլինա Դանիելյան. «Բոլոր երազանքներս կատարվում են, և հույս ունեմ, որ կհասցնեմ շատ բան անել իմ մեծ ընտանիքի համար»:
Հյուրերին դարպասից ներս են թողնում` նախապես պարզելով նրանց ով լինելը և այդ մասին տեղյակ պահելով Սեյֆուլինա Դանիելյանին, որն արդեն 32 տարի, հաղթահարելով դժվարությունները, հյուրընկալում է Լոռու (Երևանից մոտ 100 կմ հեռու գտնվող մարզ) ճոխ բնության գրկում ծվարած գողտրիկ ճամբարն այցելողներին:

«1956 թվականին այն տարիների երկաթուղայինների վարչության պետ Արտյոմ Երզնկյանն անցնելով այս ճանապարհներով ու հիանալով հեքիաթային վայրերով` մտածում է այստեղ երկաթգծի աշխատողների երեխաների համար ճամբար հիմնել»,- պատմում է տիկին Դանիելյանը:

Սակայն «Գուգարքի» նախապատմության արմատներն ավելի խորն են: Ճամբարը հիմնվել է Զղլղոչում` ներկայիս ճամբարի գտնվելու վայրից բավական հեռու, և դարձյալ պատկանել երկաթուղայիններին:
(Խորհրդային տարիներին տարբեր կազմակերպություններ ունեին իրենց ճամբարները, որտեղ ամռան ամիսներին հանգիստն էին անցկացնում իրենց աշխատողների երեխաները:)

«Ու քանի որ ճամբարը չուներ սեփական շենք, ամեն տարի գործում էինք Սպիտակի, Վանաձորի դպրոցներում: Իմ ճամբարային գործունեությունն էլ սկսվել է այդպիսի մի դպրոցից: Միայն 1958-ից ճամբարն ունեցավ իր սեփական շենքը»,- ասում է ճամբարն իր տունը համարող 72-ամյա տնօրենը:

Դանիելյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Ճամբարականի նրա կենսագրությունը սկսվում է 8-րդ դասարանից` որպես ջոկատային, ապա` ջոկատավար, 1978 թ. դարձել է ճամբարի տնօրեն և երեխաներին մոր պես խնամել: Խորհրդային Միության փլուզումից հետո ճամբարն ամեն տարի ընդունում է շուրջ հազար երեխա, որոնք ամեն ամառ մեկ շաբաթով կամ 16 օրով գալիս են այստեղ հանգստանալու:
Խորհրդային կարգերի փլուզումից հետո Դանիելյանը սեփականաշնորհում է ճամբարը:

«Եկա որպես դպրոցական ու ծերացա ճամբարում»,- ասում է նա` չկարողանալով թաքցնել հուզմունքը:

1988 թվականի երկրաշարժից տուժում են նաև ճամբարի մասնաշենքերը, և ճամբարը 1991-93 թվականներին չի գործում: Միայն շենքերն ամրացնելուց հետո այն վերաբացվում է 1994-ին: Եվ այդ ժամանակից արդեն ամեն առավոտ շեփորը Դանիելյանին ու երեխաներին ճամբարի հրապարակ է կանչում` սկսելու իրենց ճամբարային առօրյան:

Հուլիսյան սովորական առավոտներից մեկն է: Տողանի են կանգնել ճամբարի 200 երեխաներ: Հնչում է ջոկատավարների հրահանգը. «Հավսա´ր, զգա´ստ»: Ջոկատների հրամանատարներն անցնում են զեկույցի: Այնուհետև ջոկատներն ասում են իրենց նշանաբանը`«Ճամբարը մեր տունն է, մենք ենք նրա տերը»: Հնչում է ՀՀ օրհներգը, և ջոկատավարները միասին բարձրացնում են հանրապետության դրոշը:

«Գուգարքն» իր դռները բացում է հունիսի 10-ին: Ունենում է հինգ հերթափոխ, յուրաքանչյուր հերթափոխում (16 օր) այստեղ հանգստանում է 7-15 տարեկան 200 երեխա ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից, այլև ՌԴ-ից, եվրոպական երկրներից: Նրանք գալիս են այստեղ անցկացնելու իրենց ճամբարային կյանքը, որը տարիների ընթացքում գրեթե չի փոխվել: Միայն թե տուն նամակներ գրելու փոխարեն այժմ երեխաներն իրենց բջջային հեռախոսներից են օգտվում, և նրանց հուզող առաջին հարցն ինտերնետ ունենալն է:

Մեկ օրվա համար ծնողները յուրաքանչյուր երեխայի համար վճարում են 5000 դրամ (մոտ 13 դոլար): (Զեղչեր արվում են, եթե մեկ ընտանիքից հանգստանալու են գալիս մեկից ավելի երեխա:) Ճամբարն անվճար է ծնողազուրկ և գյուղերի սոցիալապես անապահով երեխաների համար: Ճամբարը հովանավորներ չունի, և բոլոր ծախսերը «Գուգարքի» տնօրինությունը հոգում է երեխաների համար վճարներից:

Ամեն հերթափոխից առաջ գնացքը Երևանի կայարանից դուրս է գալիս և, ճանապարհի կայարաններից հավաքելով երեխաներին, ուղևորվում դեպի Վահագնաձոր:

25-ամյա Լիլիթ Խանամիրյանը տարիներ շարունակ եղել է ճամբարի ջոկատայիններից, այսօր արդեն աշխատում է որպես ջոկատավար:

«Դա մի մեծ ընթացք է, որը ես անցել եմ, ու հիմա շատ լավ եմ հասկանում ու գիտեմ, թե երեխաներն ինչի´ կարիք ունեն: Իհարկե, մեծ է տարբերությունը մեր և այս սերնդի միջև: Երեխաները հենց մտնում են ճամբար, առաջին հարցը լինում է`համակարգիչ, ինտերնետ կա՞: Գիշերները պառկած տեղերում հեռախոսով «Одноклассники» (սոցիալական ցանց) են մտնում կամ հեռախոսներով են խաղում, այսինքն` մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ կարողանանք այդ ամենի տեղը լցնել: Այս սերնդի հետ պետք է իրենց լեզվով խոսել»,- ասում է Լիլիթը:

Այդուհանդերձ, «Գուգարքում» հաջողվել է դիմանալ ժամանակի փորձությանը, քանի որ ճամբար հանգստանալու են գալիս նաև այստեղ արդեն մեկ անգամ եղածները:

14-ամյա Անահիտ Գրեյանը երրորդ տարին է անցկացնում այստեղ, 16-ամյա Արմինե Բաբայանը` չորրորդ: Իսկ եղբայրներ Սուրեն և Գևորգ Նիկողոսյանները Բելգիայից այստեղ են արդեն երկրորդ տարին, չորս շաբաթով: Փորձառու ճամբարականներն ասում են, որ հաճույքով են սպասում արշավներին, խարույկի շուրջը հրաժեշտի երեկոներին, խաղերին, ֆիլմերին…

Շատ բան է փոխվել` տեխնոլոգիաները, միտումները, նորաձևությունը: Որոշ բաներ էլ մնացել են անփոփոխ, օրինակ` ճամբարի «տնօրեն-մայրիկի» կերպարը:

Տիկին Դանիելյանին հարցնում եմ, թե ո´րն է «Գուգարք» ճամբարի հաջողության բանաձևը:

«Գիտեք, ես էլ եմ այդ հարցն ինքս ինձ տալիս. ի՞նչն է ավելի ձգում: Չեմ կարող պատասխանել, գուցե տեղա՞նքը, մարդկային հոգու ջերմությո՞ւնը, մոտեցո՞ւմը: Երբեմն վատ եմ զգում, որ ֆինանսական դժվարությունների պատճառով չեմ կարողանում շատ բան անել երեխաների համար, բայց անում եմ մեր հնարավորությունների սահմանում»,- պատասխանում է նա:

Սեղանին ճամբարի պատմությունը վկայող ալբոմներ են` բազմաթիվ լուսանկարներով: Դանիելյանն ընդունել ու ճանապարհել է երեք սերնդի`հայրերի ու մայրերի, նրանց երեխաներին, ապա` թոռների, որոնց համար «Գուգարքը» կյանքի դպրոց է եղել:

«Հիմա այս երեխաներն իմ թոռնիկներն են: Հիանալի սերունդ է մեծանում, պարզապես պետք է հասկանալ նրանց, զարգացած այս դարում»,- ասում է Դանիելյանը` ճամբարն անվանելով «բարության մոլորակ»:

Այնուհետև ընդհատում է խոսակցությունը և ճշտում, թե ինչպես են գործերը խոհանոցում: Ճամբարի հացն ու խմորեղենը թխում են հենց տեղում:

Դանիելյանը համեմատում է խորհրդային ճամբարն այսօրվա հետ:

Նա հիշում է, որ խորհրդային տարիներին ճամբարում ուտելիքը տրվում էր գրամներով, որպեսզի բոլորին հավասար բաժին հասնի:

«Գնում էի խոհանոցից ուտելիքն այնպես վերցնում, որ չտեսնեին, ու բերում-բաժանում էի երեխեքին»,- հիշում է նա:

Թեև ճամբարը դարձել է ավելի ժամանակակից, խորհրդային տարիներից եկած որոշ ավանդույթներ նույնպես պահպանվել են` հայրենասիրական երգեր, փողկապներ, որոնք ցույց են տալիս, թե որ ջոկատից է երեխան, առավոտյան նախավարժանք և այլն:

Դանիելյանն ինքն էլ է այդ ավանդույթի մասը կազմում: Նրա խոսքով` վատ երեխա չկա, վատ ծնող ու վատ մանկավարժ կան: «Նույնիսկ այստեղ ամենավատ երեխան էլ բարի է դառնում»,- հպարտանում է նա:
Մի քանի շաբաթից կավարտվի նաև այս` նրա 32-րդ ճամբարային շրջանը, և Դանիելյանը գրեթե անմիջապես կսկսի մտածել հաջորդ տարվա մասին:

«Բոլոր երազանքներս կատարվում են, և հույս ունեմ, որ մինչև իմ կյանքի մայրամուտը կհասցնեմ շատ բան անել իմ մեծ ընտանիքիս համար: Ես առանց ճամբարի կյանքս չեմ պատկերացնում: Հարյուրավոր երեխաներ են եկել ու գնացել, ինձ պահել է այստեղից նրանց ստացած գոհունակությունը: Մեզ մոտ ստացած դաստիարակությունն ուրիշ է, սա ընտանիք է»,- ասում է նա:





ԱրմենիաՆաուի էջերում