Վահան գյուղ. այց Հայաստանի հյուսիսային դարպաս

Վահան գյուղ. այց Հայաստանի հյուսիսային դարպաս

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Երևանից 128 կմ հյուսիս գտնվող Վահան գյուղում բնակվում է մոտ 1200 մարդ

Հայաստանի սահմանամերձ Վահան գյուղի բնակիչները հպարտությամբ ասում են, որ իրենց գյուղը հանրապետության հյուսիսարևելյան վահանն է, գլխավոր սահմանապահը:


Ձմեռային Վահանը նիրհի մեջ է: Գյուղական միանման տները կառուցված են մի շարքով, իրար մոտ, իրար հավատարիմ: Գյուղի միակ կենտրոնական փողոցում երևացող գյուղացիները շտապում են իրենց բանուգործին:

Չորս հոգուց բաղկացած Սուրեն Կիրակոսյանի ընտանիքն ապրում է նպաստով և մեկ կովից ստացվող կաթնամթերքով
Արամ Կիրակոսյանն ասում է, որ իշխանություններն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնեն իրենց սահմանամերձ գյուղին
Ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա գտնվող Վահան գյուղում ձմեռը տևում է 6 ամիս
Գեղարքունիքի մարզի (Ճամբարակի տարածաշրջան) այս գյուղը 28 կմ ձգվում է հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ: Երևանից 128 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում 1230 մարդ է բնակվում, որոնք այստեղ են եկել Արծվաշենից: Խորհրդային տարիներին Արծվաշենը Ադրբեջանի վարչական տարածքում գտնվող հայկական գյուղ էր` շրջապատված 20 ադրբեջանական գյուղերով, որը հայաթափվեց հակամարտության տարիներին:

«Քանի դեռ թիկունքում Արծվաշենը կար, որը Վահանից 18 կմ էր հեռու, մեզ ապահով էինք զգում, բայց Արծվաշենի անկումից հետո գյուղը դարձավ առաջին գիծ,- պատմում է Վահանի բնակիչ 55-ամյա Արամ Կիրակոսյանը: - Մեր գյուղացիները բոլորն էլ արմատներով արծվաշենցիներ են, բայց տեղափոխվել են ավելի շուտ`1925 թվականին»:

Խորհրդային տարիներին Վահանը կոչվել է Օրջոնիկիձե` ի պատիվ վրաց հեղափոխական գործիչ Սերգո Օրջոնիկիձեի:

Արամ Կիրակոսյանը, որը մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, նշում է, թե գյուղի կռվող տղաների շնորհիվ էր, որ Վահանը չկորցրին:

Ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա գտնվող Վահանում, որտեղ գրեթե տարվա 6 ամիսը ձմեռ է, զբաղվում են անասնապահությամբ և կարտոֆիլի մշակությամբ: Գյուղապետ Գուրգեն Բալյանը ասում է, որ եթե Հայրենական մեծ պատերազմի տարիներին Վահանն իր կարտոֆիլով ողջ Գեղարքունիքի մարզն էր կերակրում, ապա այսօր իրենց ընտանիքները չեն կարողանում ապահովել կարտոֆիլով:

«Գյուղի հողերն անջրդի են: Հույսերն Աստծո վրա դրած` մարդիկ մշակում են: Այս տարի իրենց ցանած կարտոֆիլի կեսը չհավաքեցին»,- ասում է Բալյանը:

Վահանցիները դժգոհում են, որ սեփականաշնորհված հողատարածքները չեն կարողանում մշակել. տանջանքը շատ է և իզուր: Շատերը սկսել են հանձնել հողերը, սակայն այդ դեպքում էլ պետք է զրոյացնեն հողահարկը, ինչի համար էլ գումար չունեն:

Վահանի դպրոցում սովորում է 175 աշակերտ: Նոյեմբերին վերաբացվել է 1992 թվականին փակված գյուղի մանկապարտեզը, որը նախատեսված է 40 երեխայի համար:

Երկու երեխաների հայր 25-ամյա Սուրեն Կիրակոսյանի ընտանիքն ապրում է 26.000 դրամ (մոտ 72 դոլար) ընտանեկան նպաստով և չեխական «Մարդիկ կարիքի մեջ» կազմակերպության նվիրած մեկ կովով:
Սուրենն ասում է, որ վաստակելու նաև այլ միջոց է գտել:

«Ուրիշների փոխարեն նրանց անասունը սար եմ տանում` օրական ստանալով 3000-3500 դրամ (մոտ 9 դոլար): Բայց ձմեռն անասունը սար չի գնում, ու սկսում ենք պարտքով ու նիսիայով յոլա գնալ»,- ասում է նա:

Կաթնամթերքի գինը Վահանում ցածր է, 1 լ կաթը 100 դրամ է, պանիրն այստեղ չի թանկացել, 1 կգ-ը`1000-1200 դրամ է (մոտ 4 դոլար), 1 կգ տավարի միսը`1800 դրամ (մոտ 5 դոլար): Գյուղական երկհարկանի տները հնարավոր է գնել 2000-4000 դոլարով:

«Իշխանություններն առանձնահատուկ ուշադրության պետք է դարձնեն այս գյուղերին: Մենք մենակ ենք մեր խնդիրների հետ, բայց այս երկիրը պահող ռազմավարական կարևոր օղակներից ենք. թող մտածեն այս մասին,- ասում է Արամ Կիրակոսյանը: - Թե չէ մի օր էլ վահանցին կբռնի արտագաղթի ճամփան»:

Ասում է, որ խորհրդային տարիներին, երբ Ադրբեջանի հետ սահմանը բաց էր, տնտեսական առումով այսքան չէին նեղվում:

«Ադրբեջանի Գեդաբեկի շրջանում մոլոկանների Սարատովկա գյուղը կա, որը Վահանից 26-27 կմ է հեռու: Ամեն կիրակի անասունի, մրգի ու բանջարեղենի շուկա էր լինում: Գնում էինք, էժան առնում-բերում: Շատ ադրբեջանցի ընկերներ ունեինք մեջները, բայց, դե, ինչ արած»,- պատմում է Արամը:

Վերլուծելով հակամարտության լավ ու վատ կողմերը` նա նաև նշում է, որ եթե այն (հակամարտությունը) մի քանի տարի ուշ սկսվեր, ապա ամբողջ շրջանը լցված կլիներ ադրբեջանցիներով:

«Միայն Շորժայի տարածքում հինգ ադրբեջանական գյուղ կար, եթե հայի ընտանիքում երկու կամ երեք երեխա կար, ապա նրանք (ադրբեջանցիները) 5-6-ն ունեին: Հնարավոր էր, որ էս ամբողջ շրջանը կորցնեինք»,- ասում է Արամը:

Վահանում այսօր ապրում է մեկ ադրբեջանցի ընտանիք:

«Ամուսինն ադրբեջանցի էր, իսկ կինը` հայ: Մահացել են ու թաղվել Վահանում: Նրանց տղան գնաց Ադրբեջան, իսկ աղջիկները շարունակում են ապրել գյուղում»,- ասում է Բալյանը:

Վահանում կրակոցներ այսօր էլ հնչում են, բայց կյանքը շարունակվում է, այս տարի ծնվել է 17 երեխա:
Վերսկսվող պատերազմի մասին խոսակցությունները գյուղում խուճապ չեն առաջացնում:

«Վահանում չի կարող խուճապ լինել, մենք ենք առաջին արգելափակողը թշնամուն և առաջին հարվածը կրողը»,- ասում է Արամ Կիրակոսյանը:
ԱրմենիաՆաուի էջերում