Ակտիվ գաղափար. Հայաստանն էքստրեմալ զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ է բացահայտում
Ազգային մրցունակության հիմնադրամի` անցյալ շաբաթ տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանը աշխարհում երրորդ արկածային զբոսաշրջության կենտրոնն է: «Համաշխարհային ճանաչում ունեցող National Geographic Traveler ամսագիրը, միջազգային քվեարկության արդյունքում, «ակտիվ, այդ թվում` էքստրեմալ հանգիստ» անվանակարգում Հայաստանն ընդգրկել է լավագույն երկրների եռյակում»,- հայտարարել էր հիմնադրամը: Հայաստանում ակտիվ հանգստի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունները համոզված են` հեղինակավոր նման ամսագրի գնահատականը նպաստելու է դեպի Հայաստան արկածային հանգստի սիրահարների հոսքին: Natoura Tour կազմակերպության ղեկավար էդուարդ Գևորգյանը նշում է, որ «դա ոլորտի զարգացման շատ մեծ խթան կարող է լինել»: «Մեր պետությունը ճիշտ կվարվի, եթե այլ միջազգային հեղինակավոր ամսագրերում երկրների էքստրեմալ զբոսաշրջությունը գնահատող վիճակագրություններում աշխատի Հայաստանը ներառելու ուղղությամբ` անգամ որոշակի վճարի դիմաց: Աշխարհում Հայաստանի մասին դեռ որպես պատմամշակութային զբոսաշրջության կենտրոնի մասին գիտեն, թեպետ աշխարհն այլ` արկածային հանգստի ուղղությամբ է շարժվում»,- ասում է Գևորգյանը: Հիմնադրամի տվյալներով` Հայաստանն առաջարկում է արկածային, բնակլիմայական պայմաններում անցկացվող զբոսաշրջության հետևյալ տեսակները` հետիոտնային զբոսաշրջություն (hiking), արշավներ (trekking), դահուկասահք (skiing), լեռնային հեծանվավազք (mountain biking), հեծանվավազք (cycling), ձիարշավներ (horse riding) և այլն: Ոլորտի մասնագետները համոզված են, որ Հայաստանը արկածային զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի, սակայն զբոսաշրջության այս տեսակի զարգացման մի շարք խոչընդոտներ են մատնանշում: Գևորգյանն առանձնացնում է ենթակառուցվածքների անհամապատասխանությունն ու մասնագետների պակասը: «Արկածային հանգստի գոտիները երթուղիներով հարմարեցված չեն միջազգային չափանիշներին, ինչը դժվարացնում է տեղում այդ վայրերը գտնելը: Մինչդեռ արտասահմանում միշտ գերակա շահով առանձնացված են նման գոտիները, այդ վայրերում գյուղատնտեսությամբ կամ այլ գործունեությամբ չեն զբաղվում»,- նշում է Գրիգորյանը: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից (ՀԱՄՀ) «ԱրմենիաՆաուին» տեղեկացնում են, որ զբոսաշրջությունն իրենց հոգաբարձուների խորհրդի կողմից սահմանվել է որպես ՀԱՄՀ գործունեության գերակա ուղղություն և գտնվում է նրա մշտական ուշադրության կենտրոնում: Նշված ուղղությունները զարգացնելու նպատակով, մասնավորապես, մշակվել է Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքի ռազմավարական նախագիծը: «Ծրագրի համատեքստում այս տարի արդեն իրականացվել է «Զանգեզուրի շավիղներ» նախագիծը, որն ուղղված է արշավային արահետների ցանցի ստեղծմանը: Մշակվել է նաև Մոզրովի քարանձավի վերափոխման ծրագիրը, որի նպատակն է այն դարձնել Հայաստանի առաջին ցուցադրական զբոսաշրջային քարանձավը: «Ժայռերն ի վեր» ակումբի հետ համատեղ իրականացվել է նաև ժայռամագլցման միջազգային երկրորդ փառատոնը. հիմնական մագլցման վայրեր ընտրվել էին Գառնիի, Արփա գետի և Նորավանքի կիրճերը»,- նշում են ՀԱՄՀ հասարակայնության հետ կապերի բաժնից: Պաշտոնական տվյալներով` 2011-ի առաջին 6 ամիսներին Հայաստան 15 տոկոսով ավելի զբոսաշրջիկ է այցելել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Natoura Tour կազմակերպության ղեկավար Էդուարդ Գևորգյանի խոսքով` արկածային զբոսաշրջությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի աճում է, ընդ որում` իրենց կազմակերպությանը դիմում են միայն ազգությամբ ոչ հայեր. «Այս տարի մեր հաճախորդների թիվն ավելացել է 10-15 տոկոսով»: «Մենք ոլորտում գործում ենք արդեն 12 տարի, ու մասնագետների խնդիր չունենք, սակայն արկածային գիդի պահանջարկը զարգացման թիվ մեկ խոչընդոտներից է: Այդ մասնագետները պետք է կարողանան էքստրեմալ պայմաններում պահպանել իրենց գոյությունը, կողմնորոշվել դժվար իրավիճակներում: Բայց որևէ բուհում կոնկրետ նման բաներ չեն սովորեցնում»,- հավելում է Գևորգյանը: Զբոսաշրջության ոլորտում ուսումնական ծրագրեր իրականացնում են Հայաստանի 12 բուհեր, որոնք 2011-ին ունեցել են ընդհանուր թվով 2890 ուսանող:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.