Գինի, խրախճանք և հայկական ոգի. Վայոց ձորը ողջունում է Արենի` գինու փառատոնին մասնակցելու եկած հյուրերին

Գինի, խրախճանք և հայկական ոգի. Վայոց ձորը ողջունում է Արենի` գինու փառատոնին մասնակցելու եկած հյուրերին

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Արենիիում (Վայոց ձորի մարզ) տարածվել է գինու տաք բուրմունքը: Գինովցած գյուղը ժպտում է ու հրավիրում գինու տոնը նշելու հենց գինու ծննդավայրում`Արենիում:


Գյուղացիների տների առջև բացված սեղանների զարդը տարբեր տեսակի գինիներն են: Արենցի կանայք, որոնց այտերը նույնքան կարմիր են, որքան իրենց ձեռքով քաշած գինին, հրավիրում են համտեսելու ոչ միայն գինի, այլև տնական լավաշ ու հորած պանիր, գաթա ու մաճառ…

«Համտես արեք, ջերմացեք, որ իմանաք` ուր եք եկել: Բայց շատ էլ չխմեք` գինին համ էլ շառ ա»,- իր սեղանին մոտեցողներին է առաջարկում Արենիից Սյուզի Մարգարյանը:

Գյուղի կենտրոնում խրախճանք է: Հնչում է ավանդական դհոլ-զուռնան: Հսկա փայտե տակառում արենցի երիտասարդ աղջիկների ոտքերի հարվածներից ճզմվում են խաղողի կարմիր ողկույզները: Մարդիկ շրջում են գինով լի բաժակներով: Գյուղացիները, տեղացի և զբոսաշրջիկ հյուրերը շնորհավորում են իրար տոնի առթիվ և խմում «բարով տեսանք իրար» ավանդական կենացը:

Արենին հյուրընկալել է 5000 հյուրերի, որոնցից 500-ն արտասահմանցիներ են:

«Աշխարհում դեռ ոչ ոք չէր զբաղվում գինեգործությամբ, երբ 6000 տարի առաջ Արենիիում հիմնվեց գինու առաջին հնձանը, որի գտածոները հայտնաբերվեցին Արենիի շրջակա քարանձավներում: 6000 տարվա մեր հզոր նվաճումը վերածենք համազգային տոնի»,- ասում է Վայոց ձորի մարզպետ Սերգո Բագրատյանը:

Տոնի զարդն են գյուղի հրապարակում իրար կողք նստած արենցի տարեց կանայք: Գինու տաք բուրմունքին է միախառնվում զուռնայի կանչող ձայնը: Տարեց կանայք շրջան են բռնում` քոչարի պարելու համար: Նրանց ոտքերի հարվածները չեն զիջում երիտասարդներին: «Կարին» ազգագրական երգի և պարի համույթը ծաղկեցնում է գինու փառատոնը:

«Չենք խմել, որովհետև իրականում գինին ծանրացնում է պարը: Պարզապես պարով ներդաշնակվում ենք մեր սեփական արմատներին: Որքան ներդաշնակ` այնքան ոգին ավելի հարուստ»,- ասում է համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Ըստ Աստվածաշնչի` խաղողագործությունը սկիզբ է առել Արարատ լեռան լանջի ստորոտից, երբ հենց այդ տարածքում Նոյ նահապետը տնկեց խաղողի առաջին վազը: Ըստ մասնագետների` դրա վկայությունն են Հայաստանի տարածքի խաղողի 500 տեղական սորտերի առկայությունը:

Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանն ասում է, որ 2000 բնակիչ ունեցող Արենին զբաղվում է հիմնականում խաղողագործությամբ և պտղագործությամբ: Այս տարի Արենիի 150 հա խաղողի այգիներից ստացել են 300 տ խաղող, որոնք մթերվել են մարզի գինու գործարաններում:

Արենիից Օֆելյա Սարգսյանի սեղանի գինու տարաները դատարկված են: Օրը կիսվել է, բայց նա արդեն հասցրել է վաճառել գրեթե 50 լ գինի, լիտրը` 1000 դրամով (մոտ 2,5 դոլար): Ասում է, որ իրենց այգու խաղողը չեն հանձնում գործարանին:

«Մենք ինքներս ենք քաշում`տնական պայմաններում: 1 տ խաղողից 600 լ գինի ենք ստանում և այն վաճառելով ապրում: Աշխատում եմ Արենիի շուկայում ու ամբողջ տարին գինի վաճառում»,- ասում է նա:
Օֆելյան հպարտանում է իր գյուղով և ասում, որ ամեն ինչ` կոշիկ, հնձան, հագուստ, Արենիից է ծնունդ առել: Գինի խմում է ամեն օր: Խորհուրդ է տալիս օգտագործել, առողջության համար ավելի օգտակար է կիսաքաղցր գինին, իսկ վերջում էլ ավելացնում է. «Մեկ բաժակ գինին մեկ կոճակ ասպիրին է»:

Կեսօրից հետո հյուրերն էլ են գինովցած: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասում է, որ տոնական մթնոլորտն էլ արբեցնող է: Ըստ նրա` Հայաստանը յուրահատուկ տարածաշրջան է խաղողի համար, որտեղ խաղողի այգիները 16-17 հազար հեկտար են:

«Այստեղ ծնված հազվագյուտ վայրի խաղողի սորտերի համադրությունից հրաշքներ են ծնվում: Գինին հայի ինքնության, հայի մշակույթի, հայի կենցաղի անբաժանելի մասն է կազմել դարեր շարունակ: Սակայն վերջին 200 տարում այդ ընկալումը փոխվեց, երբ Հայաստանն ընկավ ռուսական ազդեցության տակ: Գինին մղվեց երկրորդ պլան, և առաջ մղվեց օղին: Իհարկե, դրա համար նաև տնտեսական հիմքեր կային, բայց հիմա փորձում ենք վերադառնալ գինուն»,- ասում է Հարությունյանը:

Նրա խոսքով` համաշխարհային գինու շուկայում այժմ բանավեճեր են ընթանում` պարզելու գինու հայրենիքը: Բոլոր որոնումները նրանց բերում են Հայկական լեռնաշխարհ:

Հյուրերը գյուղը լքում են լավ տրադրությամբ ու գինովցած: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը խորհուրդ է տալիս գինին խմել կում-կում` շուտ չհարբելու համար, բայց նաև նշում է, որ գինովնալը կախված է մարդու տրամադրությունից ու չարաշահելուց:

«Գինու տոնին պարտադիր եղել է ուլը թոնրում, որը միակ կենդանին է, որ վնասում է խաղողին, և այստեղից էլ առաջացել է «քավության նոխազ» արտահայտությունը: Կարմիր գինին պետք է օգտագործել մսեղենի հետ, սպիտակը`թռչնամսի ու ձկան»,-խորհուրդ է տալիս Մամուլյանը:

Արենիից հյուրերը հեռանում են ոչ միայն գինովցած, այլև գինով լի տարաներով, լավաշով ու պանրով: Ձմռանն ըմպած մեկ բաժակ գինին նրանց կհիշեցնի Արենիի ջերմ արևը:







ԱրմենիաՆաուի էջերում