Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից
Իրինայի համար պարը հաղթանակ է ու հասարակությանը նետված ձեռնոց: Պարում է ինքնամոռաց, թեթև ու պլաստիկ շարժումներով: Շարժումների գաղտնիքը թվերում է:
Մեկ-երկու-երեք-չորս, մեկ-երկու-երեք-չորս, հետո նորից նույն հաշվարկը և պտույտ… Բեմից ներքև մարդկանց հայացքներն են ու ծափահարող ձեռքերը: Իրինան խուլ է, սակայն պարում է իր բոլոր բջիջներով` զգալով լատինաամերիկյան երաժշտությունը:
«Երբ ես պարում եմ, գիտեմ, որ մարդիկ ինձ են նայում ու մտածում, որ այս աղջիկը խուլ է, ինչ-որ բան այն չէ: Պարի ընթացքում այդ միտքն ինձ առաջ է մղում, որ ես կարող եմ, ես ձեզնից մեկն եմ ու ձեզ հավասար,- ժեստերի լեզվով պատմում է 16-ամյա աղջիկը: - Երբ փոքր էի, փողոցում ինձ ձեռ էին առնում ու հետևիցս գոռում`լալ ա, լալ ա, լալ ա…Պարելիս այդ ամենը վերհիշում եմ, ու ինձ ինչ-որ ուժ առաջ է մղում, ես ասես պայքարի եմ դուրս գալիս հասարակության դեմ»:
Իրինա Սողոմոնյանը խուլ է ի ծնե: Լիարժեք տիրապետում է ժեստերի լեզվին, բառային խոսքին` շատ քիչ: Սովորում է լսողության խանգարումներ ունեցող Երևանի հատուկ կրթահամալիրի ավագ դպրոցում: Նա խուլերի առաջին օղակից է, որտեղ նրանք սովորաբար ավելի զարգացած ու անկաշկանդ են լինում:
«Ծնողներս խուլ են: Ես շատ փոքր էի ու գիտեի, որ խուլ եմ: Չեմ հիշում տարիքս, բայց հիշում եմ, որ չէի լսում: Հիշում եմ` փողոցում, երթուղայինում մայրս թույլ չէր տալիս ձեռքերով խոսել ու ամեն անգամ հարվածում էր մատներիս ու ասում. «Մեզ են նայում, մի´ արա այդպես,- պատմում է Իրինան: - Ես որոշեցի պայքարել այդ տարբերությունը կոտրելու համար, ու այդ միջոցը պարն էր: Չէի լսում, բայց համարձակվում էի ցանկություն հայտնել գնալ պարի: Գիտեի, որ կպարեմ»:
Արդեն վեց տարի է` Իրինան պարում է «Կաստանիետ» լատինաամերիկյան պարերի ստուդիայում:
«Ես ստիպել եմ ինձ պարել: Չեք պատկերացնի, թե դա ի~նչ երազանք էր ինձ համար, պարել ինչպես լսողները»,- անկեղծանում է Իրինան:
Նրա պարուսույցը`Ռոզա Հովհաննիսյանը, Իրինային սովորեցրել է սամբա, ռումբա, ջայվ պարերը:
«Իրինան մենապարող է, ինչն ավելի դժվար է խուլի համար: Իսկ եթե լսող զույգ ունենար, պարը նրա զույգը կտաներ առաջ, և Իրինային կմնային միայն շարժումները: Ինքնամոռաց նվիրում է ցուցաբերում պարի հանդեպ, աշխատասեր է, հեշտությամբ է հասկանում»,- պատմում է Հովհաննիսյանը:
Համերգների ժամանակ Ռոզան կանգնում է դահլիճի վերջում և հայացքով ուղեկցում Իրինային:
«Հա´մ լարվում եմ լիքը դահլիճի առաջ, հա´մ հաշվում ու այդ ամենը` չլսելով: Հայացքս դահլիճի վերջում կանգնած պարուսույցիս է լինում: Եթե ես անգամ չհաշվեմ, նրա հայացքից հասկանում եմ` սխա՞լ եմ պարում, թե՞ ճիշտ»,- իր գաղտնիքներն է բացում Իրինան:
Պարն Իրինայի հաղթանակն էր: Պարը նրան դարձնում է համարձակ, ինքնավստահ, կայացնում որպես անհատականություն:
«Հիմա մարդիկ ինձ նայում են առանց խղճահարության»,- ասում է Իրինան` բառերը դժվարությամբ արտաբերելով:
12 տարեկանում որոշակի չափով սկսում է տիրապետել բառային խոսքին: Իրինան ճիգ է գործադրում, որպեսզի բառերով պատմի այն, ինչ ցանկանում է:
«Այդ տարիքում ես կարողացա իմ հավաքած բառապաշարով ինքս ինձ պաշտպանել: Ես մտքումս պահել էի այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ինձ ձեռ էին առել, ես բառեր էի հավաքել նրանց ասելու համար` Աստված ձեզ կպատժի, հիշո՞ւմ եք այն ժամանակը, չե՞ք հիշում, ես լավ եմ հիշում, ո՞նց չէիք ամաչում»,- պատմում է Իրինան:
Երբ դժվարանում է բառային խոսքում, անցնում է ժեստերին:
«Ժեստերով ես ազատ եմ: Աշխարհն իմն է լինում, իսկ բառերով կանգ եմ առնում` չիմանալով` ճի՞շտ եմ ասում, թե՞ ոչ»,- ասում է Իրինան` ձեռքերն օդում տարածելով:
Նա բառային խոսքով ասում է. «Թող մեզ համր չասեն, մենք ունենք մայրենի` ժեստերի լեզու, որը մեզ օգնում է ամուր կանգնելու ոտքերի վրա, մեր ինքնագնահատականն է բարձրացնում: Ես աշխարհին ուզում եմ ասել` խուլերը և լսողները հավասար են, կարող են պարել, կարող են երգել: Թող լսողները չվախենան մեզնից, թող մեզ մոտենան ու ճանաչեն այս հետաքրքիր աշխարհը»:
Ասում է, որ պարուսույց է դառնալու, որպեսզի խուլերին պարել սովորեցնի: Երազում է համակարգիչ ունենալ, առանց համակարգչի խուլերն առանց ձեռքերի են, որովհետև միշտ տեղեկատվության կարիք ունեն: Առայժմ համացանցից օգտվում է բջջային հեռախոսով, ինչպես շատ խուլեր:
«Ես գիտեմ, որ գեղեցիկ եմ, որ հաղթահարել եմ շատ դժվարություններ առաջ անցնելով, գիտեմ նաև, որ խուլ եմ, բայց դա ինձ չի խեղճացնում: Ես մարդկանց կարողացա ապացուցել, որ մենք չենք տարբերվում լսողներից ու մենք իրենցից մեկն ենք»,- անկեղծանում է Իրինան:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.