Արյունակից ազգականներ. հայ գիտնականի գյուտը կարող է թեթևացնել շաքարախտով հիվանդների վիճակըԳլյուկոբանդը ամերիկյան «Կալիստո մեդիքալ» ընկերության վերջին մշակումներից է: Ընկերության տնօրեն և հիմնադիր Վահրամ Մուրադյանը, որը գլյուկոբանդի հիմնական հեղինակն է, ասում է, որ այս սարքն արյան գլյուկոզայի առաջին չթափանցող չափիչն է: Եթե փորձարկումները դրական արդյունք տան, ապա գլյուկոբանդը հնարավորություն կտա չափելու որոշ նյութերի պարունակությունն արյան մեջ առանց արյուն վերցնելու: «Սարքը կծառայի հիվանդներին, բուժանձնակազմին և, ընդհանրապես, ցանկացած մարդու` չափելու գլյուկոզի քանակն ու նրա փոփոխություններն օրգանիզմում և արյան մեջ»,- ասում է Մուրադյանը: Գլյուկոբանդը ձեռքի ժամացույց հիշեցնող դյուրակիր էլեկտրոնային սարք է` հպէկրանով, ներդրված միկրոպրոցեսորով, հիշողության բլոկով և ժամացույցով: Մուրադյանի հավաստմամբ` պահանջարկի դեպքում ընկերությունը պատրաստ է արտադրելու նաև հատուկ ձևավորմամբ գլյուկոբանդներ (ադամանդներով և այլն): «Դա մի զարմանալի սարք է, որը տալիս է մի շարք տվյալներ, այդ թվում` նաև գլյուկոզի քանակի վերաբերյալ»,- ասում է Մուրադյանը` ավելացնելով, որ դիզայներները նաև ձգտել են սարքը հնարավորինս փոքր դարձնել: «Ոչ մեկի մտքով անգամ չի անցնի, որ այն կրողը շաքարախտ ունի»,- ասում է նա: Գյուտարարը նաև հույս ունի, որ սարքը, որը դեռ պետք է անցնի առողջապահության նախարարության փորձաքննությունը և վաճառքի արտոնագիր ստանա, Հայաստանում վաճառքի կհանվի հաջորդ տարի: Նախատեսվում է, որ նոր սարքը նաև կկրճատի հիվանդի ծախսերը: Մուրադյանը դեռևս չի ցանկանում խոսել սարքի գնի մասին, սակայն ասում է, որ այն չպետք է գերազանցի մի քանի հարյուր դոլարը (ըստ Մուրադյանի տվյալների` ԱՄՆ-ում շաքարախտով միջին հիվանդը գլյուկոզի պարունակությունը չափելու վրա տարեկան ծախսում է մոտ 2500 դոլար): «Հավանաբար սարքը կտնտեսի տարեկան ծախսերի մոտ 75 տոկոսը»,- հաշվում է Մուրադյանը: Այսօր գլյուկոզի («արյան շաքարի») քանակը չափելու համար մարդիկ պետք է ծակեն իրենց մատը, արյունը կաթեցնեն հատուկ շերտաձողի վրա, ապա դնեն որոշակի քիմիական անալիզներ անող մոնիտորի մեջ: Ներկայումս օգտագործվող մոնիտորներն արժեն մոտ 100 դոլար, և, հաշվի առնելով, որ նման թեստեր հիվանդը կարող է անել օրական 4-18 անգամ (տարբեր մեկանգամյա պարագաներով, ինչպես օրինակ` մեկ դոլարանոց շերտաձողով), դա դառնում է բավական թանկ գործողություն: Ի հակադրություն` գլյուկոբանդին արյան ոչ մ ի կաթիլ պետք չէ, քանի որ այն հաշված րոպեների ընթացքում անհրաժեշտ տվյալներ է տալիս մարմնին հպած երկու էլեկտրոդի միջոցով: Մուրադյանի հավաստմամբ` գլյուկոբանդը եզակի է նաև նրանով, որ նախատեսված է շարունակական մոնիտորինգի համար և արձանագրում է գլյուկոզի պարունակության փոփոխությունները, ինչը կարող է օգտակար լինել շաքարախտով հիվանդի բժշկի համար: Մուրադյանն ասում է, որ գլյուկոբանդից կարող են օգտվել առանց բացառության բոլորը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` շաքարախտը, որից մահացությունն աշխարհում երրորդ տեղում է քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից հետո, վերջին տասնամյակում կայուն աճ է արձանագրում Հայաստանում: Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանում կա մոտ 16000 շաքարախտով հիվանդ, սակայն համարվում է, որ իրական թիվը մի քանի անգամ մեծ է: Մուրադյանն ասում է, որ ընկերության հետաքրքրությունները Հայաստանում հիմնականում անձնական բնույթի են, քանի որ Հայաստանի շուկան դժվար թե առևտրական տեսանկյունից գրավիչ լինի: Սակայն գլյուկոբանդի աշխատանքային խմբի հինգ անդամից չորսը հայ են և անձամբ շահագրգռված են, որ հայերի պատրաստած սարքը հաջողության հասնի Հայաստանում: (Մուրադյանն ինքը կիսում է իր ժամանակը Տեխասում գտնվող իր տան և Հայաստանի միջև): «Որպես շուկա` Հայաստանը պարզապես մի չնչին մասն է այնպիսի երկրի, ինչպիսին, ասենք, Չինաստանն է: Ամբողջ Հայաստանը կարծես Շանհայի մի մասը լինի: Սակայն Հայաստանն ունի որոշակի ներուժ, բավականաչափ ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործվել գիտական հետազոտությունների և մշակումների մեջ, արտադրության կազմակերպման և ապահովման համար»,- ասում է Մուրադյանը` ավելացնելով, որ կա փոքր հավանականություն, որ սարքի հավաքումը և թեստավորումն արվեն Հայաստանում: «Այս սարքը չի դառնա հայկական, բայց Հայաստանը, իհարկե, ԱՄՆ-ից դուրս թիվ մեկն է հետազոտական աշխատանքների և, ինչո՞ւ չէ, նաև տարածաշրջանի մարքեթինգի առումով»: Մուրադյանն ասում է, որ իդեալում ամեն ընտանիք պետք է ունենա գլյուկոբանդ` ջերմաչափի կամ տոնոմետրի (արյան ճնշման չափիչի) նման: 200՞ թվականին Մուրադյանի ընկերությունը ներկայացրել է գլյուկոբանդը Սան Դիեգոյի (Կալիֆոռնիայի նահանգ) բժշկական ցուցահանդեսում: Նրա հավաստմամբ` իրենց ստեղծած սարքն արդեն լայն արձագանք է ստացել, և ամեն օր իրենք հարյուրավոր էլնամակներ են ստանում, ինչը, նրա կարծիքով, միայն հաստատում է գլյուկոզի քանակության հարմար ու արդյունավետ չափիչի պահանջարկը: Մուրադյանը 1984 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, որտեղ և թեկնածուական թեզ է պաշտպանել էլեկտրոնային ինժեներիա և համակարգչային գիտություն մասնագիտությամբ: Թեև նա բժշկական կրթություն չի ստացել, սակայն ինտենսիվորեն աշխատել է բժշկական խմբերի հետ, այդ թվում` նաև Հայաստանում, և հիմա էլ շարունակում է իր կապերը բժիշկների հետ: Մոտ երկուսուկես տարի նա զբաղվում է «ինքնակրթությամբ» շաքարախտի էնդոկրինոլոգիայի ասպարեզում: Մուրադյանը հիմնել է «Կալիստո մեդիքալ» ընկերությունը 2003 թվականին, և այն սկսել է գործել 2004 թվականի սկզբից: «Սա այն լավ օրինակներից է, երբ համատեղվում են գործունեության տարբեր բնագավառներ,- ասում է Մուրադյանը: - Ամբողջ գաղափարը բժշկության և ճարտարագիտության ու էլեկտրոնիկայի գիտելիքներն ու առաջընթացի արդյունքները համադրելն էր»:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.