«Անբարոյականության քարոզչությո՞ւն», թե՞ «պարզապես խանութ». Երևանում բացվում է սեքս-խանութ«Սեքս և կյանքը» «չափահասների համար նախատեսված պարագաների» առաջին խանութը չէ հանրապետությունում, բայց այժմ միակն է: Դեռ 90-ականներին, մի կարճ միջոց, գործել են երկու այլ սեքս-խանութներ, սակայն հասարակայնության` հիմնականում տարեց քաղաքացիների բողոքների հետևանքով փակվել են: Սակայն սեքս-պարագաների առևտրի ջատագով, խանութի տնօրեն 28-ամյա Պետրոս Մովսիսյանը հուսով է, որ ժամանակներն այնքան են փոխվել, որ այս ամսվա սկզբին Կասկադի մոտ բացված իր նոր խանութը շահույթով կաշխատի: «Խանութն այժմ որպես թանգարան է ծառայում,- ծիծաղելով ասում է Մովսիսյանը: - Մարդիկ գալիս են այստեղ որպես թանգարան: Մտնում են խմբով, միասին զվարճանում են այս կամ այն պարագայի վրա, բայց հետո առանձին-առանձին գալիս են գնումներ անելու: Կանայք են եղել` զանգել-իմացել են, որ խանութում մարդ չկա, արագ մտել ու դուրս են եկել»: Բացի կանանց և տղամարդկանց «հաճույքի խաղալիքներից», «սեքս-թանգարանում» ներկայացված են նաև կանացի հատուկ ներքնազգեստ և օծանելիք, ինչպես նաև սեքսի հետ առնչվող տարբեր հուշանվերներ: Իսկ թանգարանի թագուհին պատին թիկնած փչովի տիկնիկն է` 17000 դրամ (40 դոլար) արժողությամբ: 10-70 դոլարանոց սեքս-խաղալիքները ներկրվում են ԱՄՆ-ից, Գերմանիայից և Չինաստանից: «Սա կարելի է փորձնական խանութ համարել, սակայն արդեն ունենք տարբեր պատվերներ, որոնք ներմուծելու ենք Հայաստան: Իսկ դա մեզ հնարավորություն է տալիս մի փոքր պատկերացում կազմելու այստեղի պահանջարկի մասին,- ասում է Մովսիսյանը: - Առայժմ ընդամենը մոտ հարյուր նմուշ է ներկայացված, որն այդքան էլ հարուստ տեսք չի տալիս խանութին, բայց առաջիկայում տեսականին կընդլայվի»: Մի հասարակության մեջ, որի մի զգալի մասը ականջօղ կամ այծամորուք կրող տղամարդկանց համարում է միասեռական, իսկ կարճ փեշ հագնող աղջիկներին` պոռնիկ (տես` «Ավանդույթներին անհարիր» հոդվածը), սեքս-պարագաների առևտուրը, անշուշտ, համարձակ ձեռնարկում է: Իսկ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` նման խանութի առկայությունը հանրապետությունում անհրաժեշտ է: Ըստ Ադիբեկյանի` կենտրոնի կատարած հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում 40-ից բարձր կանանց և տղամարդկանց մոտ 80 %-ն անբավարար սեռական կյանքով է ապրում: «Դրա հետևանքով ոմանք կտրուկ գիրանում են, ոմանք` խիստ նիհարում: Մյուս կողմից խանգարվում է նյարդահոգեբանական համակարգը, ինչը հանգեցնում է ընտանեկան վեճերի»,- ասում է Ադիբեկյանը: «Սակայն ես չեմ կարծում, որ այն մատչելի կլինի բոլորին, քանի որ դա թանկ հաճույք է: Հերթեր չեն լինի, բայց խանութը կունենա իր հաճախորդը,- ասում է սոցիոլոգը: - Կարևորն այն է, որ խանութը ճիշտ ներկայացվի, քանի որ Հայաստանում սեռական կյանքի մշակույթը դեռ ձևավորված չէ»: Մովսիսյանն ասում է, որ Երևանում սեքս-խանութ բացելու գաղափարը գայթակղիչ էր, քանի որ այն պետք է լիներ առաջինն իր յուրահատուկ տեսականիով: «Չնայած բացելուց հետո իմացանք, որ նման բան արդեն եղել է: Ասում են` տարեց մարդկանց բողոքների պատճառով է փակվել,- մտահոգված ասում է Մովսեսյանը և ավելացնում. – Բայց, թո’ւ-թո’ւ-թո’ւ, կարծես վերջին շրջանում ժողովուրդն առաջընթաց է ապրում»: Բայց ոչ մեծ: «Հայ արիական միաբանություն» կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը (որն ուխտ էր արել մաքրել կառավարությունը միասեռականներից) ասում է, որ նման չարիքներին թույլ չի տա Երևանը դարձնել մեղքի քաղաք: «Մենք միանշանակ դեմ ենք նման վարք ու բարքին,- «ԱրմենիաՆաուին» ասաց Ավետիսյանը: - Դա անբարոյականության գաղափարախոսության քարոզ է, որը կսովորեցնի մարդկանց բնախոսականից անցնել արհեստական գործողությունների»: Եվ դեռ ավելին... «Նույն ձևով կարելի է քարոզել բավարարվել վարունգի կամ կաղամբի միջոցով, որը կբերի միայն սեռական մոլագարության: Մենք ամեն ինչ կանենք, որ այդ խանութը փակվի»,- ասաց նա: Անչափահասների մուտքը խանութ արգելված է: Սակայն այն գտնվում է մի վայրում, որտեղ ամեն ամիս բացօթյա միջոցառումներ են անցկացվում հիմնականում երիտասարդության համար: Սակայն տնօրինության հավաստմամբ` խանութի հիմնական հաճախորդները 30-ից բարձր տարիքի են: «Սեքս և կյանք» խանութն աշխատում է օրական 12 ժամ` մինչև կեսգիշեր, և շարժն սկսվում է երեկոյան ժամերին: 25-ամյա վաճառողուհի Յանային խանութում վաճառվող զանազան պարագաներն ու «մեծերի խաղալիքները» բնավ չեն շփոթեցնում: «Այստեղ նորմալ մթնոլորտ է, և ես մեծ բավականություն եմ ստանում աշխատելուց,- ասում է մասնագիտությամբ դիզայներ-ձևավորող Յանան: - Ես մի քանի տարի սովորել եմ Ֆրանսիայում, իսկ այնտեղ սեքս-շոփերը սովորական երևույթ են: Այն փողոցում, որտեղ ապրում էի, երեք սեքս-շոփ կար, և մարդիկ այնտեղ գնումներ էին անում այնպես, ինչպես մթերային խանութից` առանց կաշկանդվելու»:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.