Մանկությունից վտարված. «ամենուր տառապող հայեր էին»Իսկ դա շատ վաղուց էր` 1914 թվականին, երբ նրա ընտանիքը տեղահանվեց առաջին անգամ: Հաջորդ 21 տարիների ընթացքում տուն նա գրեթե չի ունեցել, միայն ապրելու տեղ: Դժվարությունները սկսվեցին Առաջին համաշխարհային պատերազմի հետ, երբ Տիգրանուհի Ասատրյանի (այն ժամանակ` Կոստանյան) հայրը, վախենալով տեղի հայ բնակչության դեմ հետապնդումներից, իր մեծ ընտանիքն առած (երեք դուստր և մեկ որդի) ստիպված էր նախ հեռանալ Կաղզվան քաղաքից (Արևմտյան Հայաստանի Կարսի նահանգ): Սկզբում տեղափոխվեցին Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի), հետո Թիֆլիս, այնտեղից էլ ավելի հյուսիս` Հարավային Ռուսաստանի Կուբանի երկրամասի Արմավիր քաղաք: Տիգրանուհու ավագ եղբայրը` Արտաշեսը, զորակոչվել էր օսմանյան բանակ, որն Արևելյան ճակատում կռվում էր ռուսների դեմ, իսկ կրտսեր եղբայրը` Արտավազդը, որը դեռ զորակոչային տարիքի չէր հասել, ստիպված էր թաքնվել թուրքերից, որոնք այնքան էլ ուշադրություն չէին դարձնում պոտենցիալ զորակոչիկի տարիքին: Առաջին փախուստը Կաղզվանից Տիգրանուհին աղոտ է հիշում: Բայց շատ լավ է հիշում երկրորդը` 1918 թվականին: Ասում է, որ Կուբանում մնացին մի քանի տարի, բայց հայրենիքի կարոտը ստիպեց հորը 1918-ին ընտանիքով վերադառնալ Կաղզվան: Սակայն հարազատ քաղաքում նրանք մնացին ընդամենը 15 օր, և նորից փախուստ, որն այս անգամ շատ ավելի դժվար էր: Այդ ժամանակ արդեն օսմանյան կայսրությունում ամենուր տեղի էին ունեցել հայերի կոտորածներ: «Թաքնվել էինք մի մոլոկան (ռուսական կրոնական աղանդ) ընտանիքի տանը: Ես ու երկու քույրերս` Արմինեն ու Լիզան, ծածուկ նայում էինք ցանկապատի անցքից. սարսափելի բաներ տեսանք ,- հիշում է Տիգրանուհին: - Թուրքերն իրենց կանանց հետ` բոլորը լավ հագնված, ոսկեղենով ու հարուստ շորերով, որ թալանել էին սպանված կամ արտաքսված հայերից, մտան քաղաք, ու նոր թալան սկսվեց: Մտնում էին մարդկանց տները, փնտրում հայերի ու նրանց ոսկիները»: Տիգրանուհին հիշում է, որ այն ժամանակ հարյուրավոր հայեր սպանվեցին ու բռնաբարվեցին: «Այդ տարիներին կորցրինք մեր ազգականներից շատերին. իմ մորաքրոջ երեք տղաներին, քեռուս ու մորաքրոջս թուրքական բանտում նախ տանջեցին, ապա սպանեցին,- հիշում է այժմ 95-ամյա Տիգրանուհին: - Սարսափահար էինք լինում, երբ լսում էինք, որ հազարավոր մարդկանց են սպանում, բռնաբարում ու ստորացնում: Ամենուր տառապող հայեր էին»: Տիգրանուհու եղբայրը` Արտավազդը, շիկակարմիր էր և թաքնվել էր մոլոկանների տանը` ձևացնելով, թե նրանց որդին է (մոլոկաններից շատերը շիկահեր են): Նա առավոտից մինչև մութն ընկնելն աշխատում էր ցորենի դաշտում ու նաև տարբեր գործեր էր անում տանը, որ իրեն չհանձնեն թուրքերին: Առաջին իսկ հնարավորության դեպքում Տիգրանուհու ամբողջ ընտանիքը` մոլոկանների պես հագնված, նրանց հետ գնացք նստեց ու նորից ճամփա ընկավ` վերջին հայացքը նետելով գնացքի հետևում հետզհետե անհետացող հարազատ քաղաքի վրա: Հետո սովորական ճանապարհն էր` Ալեքսանդրապոլից Թիֆլիս, ապա` Արմավիր... Հարավային Ռուսաստանում Կոստանյանների համար սկսվեց խաղաղ կյանքի մի տասնամյակ: 1928 թվականին Տիգրանուհին ամուսնացավ կաղզվանցի Միքայել Ասատրյանի հետ: Սակայն 30-ականների սկզբին նրանց նոր դժբախտություններ էին սպասում. Տիգրանուհու հորը, որը հաջողակ խանութպան էր և որին բոլշևիկները կուլակ էին համարում, սովետները մեղադրեցին, և նրա ունեցվածքը բռնագրավեց այս անգամ էլ սովետական իշխանությունը: 1931 թվականին Տիգրանուհին ամուսնու հետ տեղափոխվեց Սամարղանդ (Ուզբեկստան): Չորս տարի Միջին Ասիայում ապրելուց հետո վերջնականապես որոշեցին տեղափոխվել Երևան ու հիմնավորվել այստեղ: «Ամուսինս սկսեց աշխատել Երևանի ռետինատեխնիկական գործարանում, բոլորը նրան ճանաչում էին: Մեր կյանքը քիչ թե շատ կարգավորվեց»,- պատմում է Տիգրանուհին: Այստեղ ունեցան հինգ զավակ. երկու որդի` Սիմոն ու Ալբերտ, և երեք դուստր` Թամարա, Աննա ու Լիզա: Այսօր Տիգրանուհին, որի ամուսինը մահացել է 80-ականներին, հպարտանում է իր 14 թոռներով ու ծոռներով: Նա ասում է, որ ամուսինը շատ էր աշխատում, և ինքն աշխատելու կամ մասնագիտության կարիք չուներ: Միշտ տնային տնտեսուհի է եղել, զբաղվել երեխաներով ու տան գործերով: Այժմ Տիգրանուհին ապրում է Երևանի բանվորական թաղամասում` 3-րդ մասում, և ստանում է ամսական 16500 դրամ թոշակ (2005 թ. ապրիլին ցեղասպանության վերապրածների թոշակը բարձրացվեց): «Կյանքումս շատ բան եմ տեսել, մանկությունս անցել է տեղից տեղ տեղափոխվելով,- ասում է Տիգրանուհին: - Երբեմն փակում եմ աչքերս ու հիշում մորաքրոջ տղաներին: Նրանց տեսնում եմ ջահել ու սիրուն, ինչպիսին որ կային, երբ սպանվեցին թուրքի ձեռքով: Երազներումս հաճախ խոսում են հետս, բայց, դե, ես գիտեմ, որ նրանք վաղուց են գնացել»:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.