Դեպի հյուսիս. նոր նախաձեռնությունը պետք է հեշտացնի Հայաստանից և այլ երկրներից արտագաղթը Ռուսաստան

Երևան ժամանած ռուսաստանցի իրավապաշտպան, լրագրող Լիդյա Գրաֆովան հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարևորեց միգրացիայի խնդիրը:

«Իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում շուրջ 400 հոդված եմ գրել փախստականների մասին,- ասաց նա: - Սակայն տարիների փորձը, այնուհանդերձ, ապացուցեց, որ միայն հոդվածները քիչ են պետական մարմիններին ստիպելու, որ մտահոգվեն միգրացիայի օր օրի հասունացող խնդիրներով»:

1990 թվականին Գրաֆովան հիմնադրել է միգրացիայի խնդիրներով զբաղվող առաջին հասարակական կազմակերպությունը Ռուսաստանում և սկսել է օգնել Ռուսաստան ժամանած առաջին փախստականներին, որոնք հայեր էին:

Այսօր Գրաֆովան համագործակցում է միգրացիոն խնդիրներով զբաղվող տարբեր ՀԿ-ների հետ: Երևանյան հանդիպման ժամանակ նա ներկայացրեց «Նոր Եվրասիա» հիմնադրամի միջոցներով ստեղծված նոր միգրացիոն կամուրջները: Մեկնարկային ծրագրի իրականացման համար ընտրվել են երեք երկիր`Հայաստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը, ինչպես նաև Ռուսաստանի երեք մարզ` Ստավրոպոլի, Վոլգոգրադի և Սվերդլովսկի:

Ըստ ռուս լրագրողի՝ մշտական բնակության հոսքը Ռուսաստան դադարել է, գերակշռող է դարձել աշխատանքային միգրացիան: Ռուսաստանը տարեկան 1մլն մարդ է կորցնում: Տարածքով աշխարհի ամենամեծ երկրի հսկայական հատվածը` Սիբիրը և Հեռավոր Արևելքը, գրեթե բնակեցված չէ, և գտնվում է բնակչության խտությունից խեղդվող Չինաստանի կողքին: Այս և մի շարք այլ պատճառներով, Գրաֆովայի նման մասնագետների կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները պետք է փոխեն իրենց միգրացիոն քաղաքականությունը:

«Նոր Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչ Յանա Միրոլյուբովան ասում է. «Խորհրդային երկրի փլուզումից հետո Ռուսաստանն իր վրա վերցրեց Հարավային Կովկասից, Մերձբալթիկայից, Միջին Ասիայից ու Ղազախստանից ներգաղթած փախստականների ծանր բեռը: Անօրինական միգրացիան երկրում այսօր կազմում է 15 մլն: Ռուսաստանում քաղաքացիություն կարող են գնել, բայց օրինական ճանապարհով քաղաքացիություն ստանալը մեծ դժվարությունների հետ է կապված»:

Գրաֆովայի կարծիքով՝ 2001 թվականին Ռուսաստանի միգրացիոն քաղաքականոթյունը 180 աստիճանով փոխվեց դեպի վատը:

«Միգրանտների խնդրի կարգավորումը հանձնվեց միլիցիային, իսկ միլիցիան սկսեց անել այն, ինչ կարող է` տուգանել ամեն քայլափոխի՝ ըստ էության այդպես պայքարելով այդ խնդրի դեմ: Անցյալ տարի Ռուսաստանի անվտանգության խորհուրդն ընդունեց, որ դա սխալ քաղաքականություն է: Հիմա նոր հայեցակարգ է մշակվում, բայց դրա համար նախ պետք է վերանայվի 2002-ին ընդունված քաղաքացիության մասին կոշտ օրենքը: Այդ օրենքն ընդունվեց հակաահաբեկչական պսիխոզի ֆոնի վրա, բայց կյանքը ցույց տվեց, որ ահաբեկչության դեմ պայքարում դա չի օգնում»,- ասում է նա:

Մոսկվայի «Ազգամիջյան համագործակցության կենտրոնի» ղեկավար Աշոտ Հայրապետյանը կարծում է, որ Ռուսաստանի ղեկավարության մեջ միգրանտների, հատկապես միջինասիացիների և կովկասցիների հանդեպ քսենոֆոբիա չկա: Այդուհանդերձ, լրատվական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ռասիզմի հողի վրա ատելության դրսևորումների դեպքերը հաճախանում են:

Գրաֆովան և մյուս փորձագետները կարևորում են խնդիրը կարգավորող օրենսդրության դերը:

Ծրագրի իրականացման համար հիմնադրամը կտրամադրի տարեկան կես միլիոն դոլար: Ռուսաստանի վերոհիշյալ երեք մարզերում միգրանտների համար կստեղծվեն տեղեկատվական կենտրոններ, որոնք այդ շրջաններ աշխատելու կամ բնակվելու ժամանած ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին կպարզաբանեն նրանց իրավունքները, կօգնեն տեղավորվել առանց բյուրոկրատական քաշքշուկների, ինչը, Միրոլյուբովայի խոստովանությամբ, իրենց մոտ սովորական երևույթ է, հատկապես եթե ներգաղթողն անտեղյակ է օրենքներին:

Հայաստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում հիմնադրամը կբացի կենտրոններ, որոնք Ռուսաստան գաղթել ցանկացող տեղի բնակիչներին տեղեկատվություն կտրամադրեն կոնկրետ տարածաշրջանում տիրող իրավիճակի, միգրանտի իրավունքների մասին և կներկայացնեն սպասվելիք հեռանկարները:

ԱրմենիաՆաուի էջերում