Շարունակում են ծխել. ծխախոտի մասին օրենքի ընդունումից հետո արձանագրված առաջընթացը փոքր է

Ծխախոտի օգտագործումը սահմանափակող օրենքի ընդունումից ավելի քան մեկ տարի անց Հայաստանում այս ոլորտում քիչ բան է փոխվել: Ծխում է հայ տղամարդկանց մոտ 70 տոկոսը, իսկ ծխող կանանց թիվը շարունակում է աճել:

Օրենքի համաձայն` ծխել չի թույլատրվում բժշկական և կրթական հաստատություններում, ինչպես նաև քաղաքային տրանսպորտում, ավտոբուսային և երկաթուղային կայարաններում: Օրենքը պարտավորեցնում է բոլոր հասարակական և պետական հաստատություններին առանձնացնել ծխելու գոտիներ:

Սակայն, ժամանակն անցնում է, ծխողների թիվն ավելանում, իսկ գովազդը, չնայած արգելքներին, շարունակում համոզել, որ ծխելը լավ բան է, իսկ ծխախոտը` հաճույք:

«Չնայած մեր երկիրը վավերացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան և ընդունել է ծխախոտի օգտագործման սահմանափակումների մասին օրենք, սակայն այս փաստաթղթերի ընդունմամբ գործը տեղից չի շարժվել, որովհետև օրենքն ընդունելուց հետո այն չի հասցվել հասցեատիրոջը»,- ասում է Հայկական բժշկական ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի հանձնախմբի ղեկավար Վահե Տեր-Մինասյանը:

Ըստ Տեր-Մինասյանի` հասցեատերը առաջին հերթին հանրապետության բժիշկներն են, որոնցից շատերը ներքուստ չեն հավատում ծխելու վնասակարությանը: Եվ ինչպես շատ բժիշկների, այնպես էլ մյուսների համար Հայաստանում ծխախոտը շարունակում է ընկալվել որպես կենցաղի միապաղաղությունը կոտրող, նյարդային գրգռվածությունը վերացնող և պարզապես փոքր հաճույք պատճառող սովորույթ, որից երբեմն անհնար է հրաժարվել:

«Բժիշկը պետք է ներքուստ ընդունի, հասկանա այդ խնդիրը, որ բացատրի հիվանդներին, համոզի մարդկանց թողնել ծխելը, սակայն Հայաստանում բժիշկների ավելի քան 80 տոկոսը ծխող է, ինչը նորմալ չէ,- ասում է Տեր-Մինասյանը: - Օրենքը գրվել է, բայց տեղ չի հասել»:

Ծխախոտի վնասների մասին ուղերձը «տեղ հասցնելու» համար Հայկական բժշկական ասոցիացիան Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ վերջին չորս ամիսների ընթացքում իրականացրել է «ՀՀ հակածխախոտային քաղաքականությունը առողջապահական համակարգում» ծրագիրը, որի նպատակն առաջնային բուժհաստատությունների աշխատակիցներին հակածխախոտային պայքարի մեջ ներգրավելն ու նրանց իրազեկությունը բարձրացնելն է:

Երկու ամսվա ընթացքում ՀԲԱ-ն ուսումնասիրություն է անցկացրել Երևանի 30 պոլիկլինիկաներում` պարզելու համար, թե ինչ չափով են դրանք ներգրավված հակածխախոտային պայքարում:

Մոնիտորինգի ընթացքում փորձ է արվել պարզելու` պոլիկլինիկաներում ծխո՞ւմ են, թե՞ ոչ, աղբարկղերում ծխախոտի մնացուկներ և սենյակներում մոխրամաններ կա՞ն, թե՞ ոչ:

Մոնիտորինգի ծրագիրը ծախսել է 5000 դոլար, որպեսզի հաստատի այն, ինչ ակնհայտ է. հակածխախոտային քարոզարշավը վատ է կազմակերպված և գրեթե անարդյունք է:

Ծրագրի շրջանակներում Երևանի թիվ 22 պոլիկլինիկան` որպես ամենաքիչ ծխող աշխատող ունեցող, պարգևատրվել է համակարգչով: Պոլիկլինիկայի վարիչ Լյուդմիլա Մկրտչյանի հավաստմամբ` 130 հոգանոց իրենց կոլեկտիվում ընդամենը երկու ծխող կա:

ԱրմենիաՆաուի էջերում